Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ու ձեր մեկ դոլարը - Mediamax.am

exclusive
5649 դիտում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ու ձեր մեկ դոլարը


Ջիվան Ավետիսյանը
Ջիվան Ավետիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


«Թեւանիկ» եւ «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի բյուջեի մի մասը կհավաքվի Indiegogo առցանց հարթակի միջոցով։ Այս ձեւով յուրաքանչյուրը կարող է ֆինանսավորել կինոնկարը եւ, ըստ կինոռեժիսորի, աջակցել հայկական ֆիլմարտադրությանը:

 

Crowdfunding-ը մեկնարկել է մարտի 17-ին: Ջիվան Ավետիսյանը նաեւ առաջին անգամ իր ֆիլմում կօգտագործի թաքնված գովազդ (product placement): Թեման կրկին Արցախն է:

 

Աջակցելու նոր ճանապարհներ

 

«Թեւանիկ» եւ «Վերջին բնակիչը» ֆիլմերը սիրած յուրաքանչյուր մարդ եթե մեկ դոլար տա, կգերազանցենք 100 հազարը: Ակնկալում ենք հավաքել 53 հազար դոլար, չնայած վստահ ենք՝ պետք է ավելին հավաքենք:

 

Crowdfunding-ի մասին գիտեի 6-7 տարի առաջ, բայց ո՞ւմ դիմեի եւ ինչո՞ւ. ո՞վ էի ես: Իսկ հիմա իմ նախորդ ֆիլմերով, կարծում եմ, ունեմ իմ հանդիսատեսն աշխարհում, որը գիտի՝ ինչի մասին ենք խոսում ու ինչ ֆիլմ կստեղծենք: Պետք է հեղինակություն ունենաս, ճանաչված լինես, սիրված, ի վերջո, պետք է մարդիկ քեզ վստահեն, որ գումարից հրաժարվեն:

 

Նախորդ ֆիլմերն 90-ականների մասին էին պատմում, իսկ այս մեկը զարգանում է մեր օրերում՝ գեղեցիկ հագուստ, ռեստորաններ, մեքենաներ, օպերային աստղեր... Աշխարհում ամեն տեղ էլ թաքնված գովազդը կա, եթե ճիշտ ես անում այն, ոչ մի խնդիր չկա:

 

Բավականին գումար հավաքել ենք եւ ֆիլմի նկարահանման նախապատրաստական փուլի մեջ ենք: 22 ամիս առաջ արդեն սկսել ենք աշխատանքները եւ սցենարը:

 

Սպասում ենք նաեւ Ազգային կինոկենտրոնի պետական աջակցության հաստատմանը, հայտն արդեն տվել ենք: Շատ կարեւոր է պետության աջակցությունը: Մարդիկ հարցնում են՝ քո պետությունը քեզ որքա՞ն գումար է տալիս, եթե քո պետությունում ճանաչված եւ հայտնի դեմք ես, մյուսները նույնպես կօգնեն քեզ: Ունենք նաեւ մի շարք գործընկերներ, արդեն երրորդ անգամ համագործակցում ենք լիտվական ARTBOX Production ընկերության հետ:

 

Ինչո՞ւ աջակցել

 

Հանուն հայկական ֆիլմի, հանուն հայկական թեմայի: Մեզ կաջակցեն մարդիկ, որոնք սիրում են հայկական կինոն, ուզում են հայկական կինոն մրցունակ լինի: Իմ ֆիլմերն աշխարհում պատմում են հայկականի մասին: Ոչ միայն ֆիլմ ենք պատրաստում Արցախի մասին, այլ զարգացնում ենք հայկական կինոն: Արցախի թեման կարողացել ենք ամբողջ աշխարհով տարածել: «Թեւանիկն» ունի 20-ի հասնող մրցանակ, ցուցադրվել է ավելի քան 25 երկրում:

Լուսանկարը` անձնական արխիվից

Օտարերկրացիներն ավելի շատ են սիրում մեր ֆիլմերը: Հայ հանդիսատեսը շատ ավելի քննադատ է, ավելի խստապահանջ ու պահանջկոտ, իսկ օտարը որպես պատմություն է լսում: Մերոնք, օրինակ, ասում են՝ ինչպե՞ս կարող է Վարդան Մամիկոնյանը հանկարծ վախենա։ Բայց չէ՞ որ նա էլ է մարդ... Պետք է նկարենք մեր մասին, պատկերացնում եք՝ հանկարծ ես ամերիկյան գանգստերական ֆիլմ նկարեմ Բաղրամյան փողոցում, ծիծաղելու կլինի չէ՞: Եթե մենք մեր մասին չպատմենք, ինչո՞վ ենք հետաքրքիր լինելու աշխարհին:

 

Սինոփսիս

 

Ֆիլմի գլխավոր հերոսը հայ չէ՝ եվրոպացի լրագրող է: Երիտասարդ է՝ 25 տարեկան, փորձում է կարիերա սկսել ու հանկարծ սայթաքում է կոնֆլիկտում, որը հետո բացվելու է ու վերածվի մեծ դրամայի: Ո՞վ չի սայթաքել կյանքում: Արել է մի բան, որ կյանքում չի կարողացել հանգիստը գտնել, գնալով քարը մեծանում է խղճի վրա, ու հանկարծ իմանում է, որ պատերազմ է Ղարաբաղում եւ իրեն նետում է այնտեղ, որովհետեւ դա շանս է սկսել նորից: Գալով, սակայն, հասկանում է, որ ոչ միայն ուղղել հնարավոր չէ, այլեւ կրկնակի մեղքի մեջ է ընկնում՝ սիրահարվելով այն մարդու աղջկան, ում հանդեպ մեղավոր է, իսկ աղջիկն իր մեջ տեսնում է հորը: Պարզվում է, որ նա այն անհայտ կորած ֆոտոլրագրողի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, լրագրողը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները: Եվ հետո մնում է մի բան՝ խոստովանել դրախտի դարպասների դիմաց:

 

Դերերում

 

Երկար ենք մտածել ֆիլմի գլխավոր հերոսուհու ընտրության շուրջ: Փնտրում էինք աղջիկ, որը հայ է, ունի հայկական դիմագծեր, ում մեջ կա այդ կրակոտ հայությունը, բայց ապրել է այլ երկրում, ձեռք է բերել եվրոպական մշակույթ: Այս դերի համար տեսնում եմ մեր հայրենակից Տատյանա Սպիվակովային՝ Ֆրանսիայից: Մյուս գլխավոր դերասանուհին Նաիրա Զաքարյանն է՝ Նյու Յորքից:

Լուսանկարը` անձնական արխիվից

Իսկ գլխավոր հերոսը Սոս Ջանիբեկյանն է՝ մեր Սոսը: Այո, պետք է նա խաղա, նա ինձ պետք է այդ դերի համար: Ես կյանքում փնտրում եմ մարդուն: Ես տեսնում եմ նրան: Իմ նախկին ֆիլմերի համար ես տեսել եմ նրան որպես հրամանատար, հիմա տեսնում եմ նրան որպես Արցախպրեսի լրագրող, որը պատերազմ է լուսաբանում: Սոսը ֆանտաստիկ կերպար է, խոսում է անգլերեն, ճտպտ տղա է, ամուսնացած չէ՝ այսպես ասած, ցանկալի փեսացու:

 

 

Միջազգային ֆիլմ ստեղծելու համար

 

Ֆիլմի լեզուն 80%-ով լինելու է անգլերեն: «Դրախտի դարպասով» փորձում ենք աշխարհով մեկ ձեւավորել մեծ լսարան, եւ հենց այդ պատճառով ֆիլմը պետք է անգլերեն լինի, Ղարաբաղի մասին պետք է պատմենք անգլերեն, այն պետք է ունենա միջազգային դերասանական կազմ, անցած լինի փառատոնների շուկաներով:

 

Սցենարի նախնական տարբերակը հեղինակի հետ վերցրել-գնացել ենք Կանն, հետո սկսել ենք նորից մշակել ու դեռ աշխատում ենք սցենարի վրա ու փորձում ենք կատարելության հասցնել:

 

Եվ վերջապես, ո՞վ է crowdfunding-ի միջոցով գումար տալու։ Մարդ, որն ուզում է Ղարաբաղի մասին անգլերեն ֆիլմ դիտել, որն ուզում է՝ Ղարաբաղի մասին ֆիլմն ամբողջ աշխարհում նայեն:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին