Հայաստանը զարգացնելու Մարիելայի, Գրետայի եւ ընկերների ջանքերը - Mediamax.am

exclusive
4979 դիտում

Հայաստանը զարգացնելու Մարիելայի, Գրետայի եւ ընկերների ջանքերը


Ծրագրի մասնակիցները
Ծրագրի մասնակիցները

Լուսանկարը` Կայուն զարգացման նպատակների նորարական կենտրոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնը հյուրընկալել էր Կոլումբիայի համալսարանից մի խումբ ուսանողների: Նրանք փորձելու են նպաստել Հայաստանի գյուղատնտեսության եւ անտառների կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Տասնօրյա այցը ծրագրի երկրորդ մասն է, դեռ չորս ամիս առաջ էին սկսվել համալսարանի եւ կենտրոնի համագործակցությունը եւ ուսումնասիրությունները:

 

Կառավարության եւ ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնն ուսանողների այցն իրականացնում է աշխարհի լավագույն ինովացիոն կենտրոնների հետ համագործակցության եւ զարգացման աշխատանքների շրջանակներում: Կենտրոնի հիմնական գործառույթներից մեկն է նպաստել բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստան բերելով աշխարհի լավագույնների փորձը:

 

Կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանի խոսքով՝ Կոլումբիայի համալսարանն աշխարհի լավագույն կրթական եւ ակադեմիական մեծ փորձ ունեցող կենտրոններից մեկն է, նաեւ նրանց հետ կապվելն ու համագործակցելն էր հեշտ:

 

«Թիմից յուրաքանչյուրը լուրջ մասնագետ է, 8-12 տարվա աշխատանքային փորձ ունեն իրենց ոլորտներում, իսկ հիմա կարիերայի ուսուցանումն են անում Կոլումբիայի համալսարանում: Ներկայացնելու են իրենց տեսանկյունից առաջարկներն այն ոլորտների համար, որոնք առաջնահերթ են մեր կենտրոնի համար»,-ասում է Էրիկ Գյուլազյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնակիցները հինգն էն՝ բոլորն էլ տարբեր ազգության. Իսպանիա, Հայաստան, Մեքսիկա, Իտալիա եւ Արգենտինա: Հիմնված ուսանողների հետաքրքրությունների, փորձի եւ ցանկության վրա՝ Կոլումբիայի  համալսարանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն առաջարկել են մագիստրոսներին մի քանի ծրագրեր, որոնցից էլ խմբի անդամները դիմել են Հայաստանի ծրագրին եւ ընտրվել են:

 

45 հանդիպում են ունեցել հայաստանյան այցի ընթացքում. կառավարության աշխատակիցների, միջազգային կառույցների, ՀԿ-ների հետ մի շարք քննարկումների են մասնակցել, որոնք մասնավորապես վերաբերել են բնապահպանության եւ գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին:

 

Ուսանողների խումբն ասում է, բոլորն էլ հետաքրքրված են եղել իրենց ուսումնասիրություններով եւ բաց են եղել քննարկումների համար:

 

Կոլումբիայի համալսարանի մագիստրոս արգենտինացի Մարիելա Չեբի կարծիքով Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն ապօրինի ծառահատումերն են: «Փորձում ենք նոր մտքեր ներկայացնել, որ կօգնեն ավելի լավ կառավարել անտառային տնտեսությունը: Այցելել ենք Տավուշի մարզ, հանդիպել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ ու տեղյակ ենք, որ բավականին շատ աշխատանքներ են արդեն իրականացվել: Սակայն կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի, եթե տարբեր ծրագրեր ներգրավվեն այս հարցում: Հիանալի կլինի եթե տարբեր շահառուներ հավաքվեն եւ քննարկեն ոլորտի բարելավման ամենալավ տարբերակները, քանի որ այն մեծ ազդեցություն ունի մեր շրջակա միջավայրի եւ հատկապես աղքատ համայնքների վրա»,- ասում է Մարիելան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խումբը նախնական առաջարկներն արդեն ներկայացրել է, սակայն վերջնական եւ ամբողջական առաջարկը կլինի մայիսի սկզբին: Դրանք, կենտրոնի ղեկավարի խոսքով, մասնավորապես, գյուղատնտեսական ռեգիստրի ստեղծման եւ վարման հետ են կապված, որը կօգնի հասկանալ, թե որտեղ ինչ հող ունենք, ինչ է աճեցվում, ինչ քանակով եւ որակով: Առաջարկներն, ըստ Էրիկ Գյուլազյանի, կօգնեն  ավելի ճիշտ պլանավորել գյուղատնտեսության ծավալի եւ որակի համադրումը, նաեւ կնպաստեն գյուղատնտեսության կառավարման ոլորտում ավելի ճիշտ որոշումներ կայացնելուն:

 

Խմբի իտալիացի ուսանող Գրետա Պոլոն պատմում է, որ համալսարանում առաջարկված ծրագրերի ընտրությունն ամբողջ աշխարհով էր՝ Վիետնամ, ԱՄՆ, Աֆրիկական տարբեր երկրներ... Հայաստանի ընտրության համար իրեն շատ հաջողակ է համարում. «Նկատեցինք, որ նորարարությունների «բում» կա Հայաստանում, եւ այնքան մեծ ներուժ կա, որ դրա զարգացմանը նպաստելու հնարավորությունը բաց չթողեցինք: Մենք շատ դրական ապագա ենք տեսնում Հայաստանի համար, գյուղատնտեսության թվայնացման դեպքում մեծ ներուժ ենք նկատում եւ հավատում ենք, որ երկիրն առաջխաղացում կունենա օգտագործելու նորարարական տեխնոլոգիաները եւ կնպաստի տնտեսական աճին»: Գրետան նաեւ կարծում է, որ երկրում զարգացող տարբեր ոլորտներ կան, եւ հաճախ մարդկանց համար դժվար է բոլորին հասնել, ավելի դժվար է տվյալներ հավաքագրումը, եւ նրանք էլ հիմա փորձում են հասկանալ այդ ամենն եւ նպաստել ոլորտին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե մյուսների համար Հայաստանը չբացահայտված ու նոր երկիր էր, ապա մեր հայրենակցուհի Ալիք Բերբերյանի դեպքում շատ ոգեւորիչ էր տեսնել, որ Հայաստանը նույնպես կա ծրագրերի ընտրության մեջ, ասում է՝ կարեւոր է իր համար Հայաստանին աջակցելը: Ալիքը չափազանց կարեւոր է համարում նաեւ թիմի կատարած ուսումնասիրությունը՝ հատկապես գլոբալ տաքացման հետ կապված:

 

«Խնդրին բախվում է ողջ աշխարհը, ու կարեւոր է, որ Հայաստանը եւս ուշադրություն դարձնի դրա ազդեցության նվազեցմանը: Վերականգնվող եւ արեւային էներգիայի օգտագործումը կարեւոր քայլեր են Հայաստանի կողմից»,- ասում է Ալիք Բերբերյանը:

 

Արդյունավետ լինելու համար թիմը պատրաստվում է ներկայացնել այնպիսի մոտեցում, որ կհամախմբի բոլոր շահառուներին, հույս ունեն, որ նրանք էլ կհամագործակցեն եւ միասին կհասնեն լավ արդյունքի: Այս տարվա հուլիսին ՄԱԿ-ում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նաեւ ներկայացնելու է Հայաստանի զարգացման նպատակների զեկույցը, որի ժամանակ պայմանավորել են համատեղ միջոցառում կազմակերպել Կոլումբիայի համալսարանի հետ:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին