Սևակ Վարդումյան. «Սևուկներդ եկել են, տա՜տ» - Mediamax.am

1525 դիտում

Սևակ Վարդումյան. «Սևուկներդ եկել են, տա՜տ»


Լուսանկարը`


Տատիկիս հետ առաջին անգամ հանդիպեցի անցած տարի միայն, երբ ես 24 տարեկան էի, իսկ նրա տարիքը կանգ էր առել 66-ում: 16 տարի շարունակ սև սաթի պես աչքերով Սաթիկ տատս երկնքից էր սպասել, թե երբ իր «սևուկներն» իրեն կհասնեն, որոնց սպասել էր նաև այն մյուս՝ ապրած 66-ում:

 

Իմ ծանոթությունը տատիկիս հետ նման չէ մյուս բոլոր պատմություններին: Երկա՜ր փնտրելուց հետո ենք մենք գտել իրար: Հանդիպման ժամանակ ես լուռ էի, նա՝ անխոս: Բայց նա զգում էր ինձ, իսկ ես՝ երգում մեր երկուսի երգը:

 

Գրկախառնվեցինք, արտասվեցինք իրար հետ ու վերջապես գտանք մեկմեկու՝ չնայած երբեք էլ չէինք կորցրել:  7 տարեկան էի, երբ լսեցի, որ տատիկս հավերժություն է գնացել՝ աչքը «սևուկների»  ճամփին մնալով: Հենց այդ պատճառով էլ հոգին դժվարությամբ էր ավանդել: Աչքերը մեկընդմիշտ գոցել էր այն ժամանակ, երբ իր «սևուկի»  օժիտի համար սրբորեն պահած սրբիչը դրել է կրծքին ու …

 

 

Տատս, ըստ նրա հարևանների, քաղցրահնչուն ձայն է ունեցել: Երբ աշխատանքի վայրում ընդմիջում են արել, գործընկերները նրան համոզել են, որ «ծաղկեցնի» իրենց սեղանն ու մի երգ երգի: Տատս էլ այդ ընդմիջումներին հաճախ երգել է «Նայում եմ, նայում սևուկս չի գալիս» երգը, ինչն էլ հետագայում իր համար ճակատագրական է եղել ու մի ամբողջ կյանք սպասելով է մնացել իր երեք «սևուկներին»:

 

 

Այդ օրվանից «սևուկի մասին» երգը նաև իմ շուրթերին է, հոգուս ու սրտիս մեջ: Եվ ամեն անգամ այդ երգը լսելիս՝ ես մտովի այցելում եմ նրա շիրմին, պատկերացնում նրա ժպտացող դեմքը, սև սաթի պես աչքերը, խարտյաշ գանգուրներն ու շշնջում նրան. «Սևուկներդ» եկել են, տա՜տ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին