Էլեն Մուրադյան. Լիդա տատիկս - Mediamax.am

1588 դիտում

Էլեն Մուրադյան. Լիդա տատիկս


Լուսանկարը`


Ես ծնվել եմ 1992 թվականին, բայց քայլել եմ Աստաֆյան փողոցով, զգացել եմ Գետառի վարարման ահասարսուռ հետևանքները, տեսել եմ 26 կոմիսարների դպրոցը,  անգամ Պողոս-Պետրոս եկեղեցու կողքով եմ անցել, ինչու չէ, նաև հիշում եմ, թե ինչպես էր Կարա Բալան քաղաքի գեղեցիկ աղջիկներին  ծաղիկներ նվիրում: Հիմա կմտածեք երևակայություն ունեմ՝ աշխարհը չունի: Իրականում տատիկս ինձ այնքան վառ ու տպավորիչ է պատմել իր կյանքի բոլոր դրվագները, որոնք ամեն օր անցել ու գնացել են Աստաֆյան փողոցով, 26 կոմիսարների դպրոցի կողքով, լսել Կարա Բալայի հաճոյախոսությունները,  որ  տպավորություն է՝ ես այդ ժամանակներում ապրել եմ:

 

Երկուս ու կես տարեկան էի, երբ երկվորյակ եղբայրներս ծնվեցին ու իմ միսսիան ավարտվեց մեր տանը: Տատիկս եկավ ու  անվերադարձ ինձ իր տուն տարավ: Հենց այդ ժամանակվանից մենք դարձանք անբաժան: Հայրական տան մասին անգամ չէի էլ մտածում. Ճիշտ է՝ կարոտում էի, բայց երբ գալիս էի տուն, լաց էի լինում ու ինձ նորից հետ էին տանում տատիկի տուն:

 

Տատիկն ինձ համար հատուկ արարողակարգ էր ստեղծել. ամեն օր ցերեկներն ինձ իր կյանքի ամենահետաքրքիր պատմություններն էր պատմում, գիշերները՝ հեքիաթ: Ամեն օր ռադիոյով գիշերը ժամը 8-ին հեքիաթի ժամ էր, տատիկս ինձանից թաքուն գնում խոհանոցում լսում էր, հետո քնելուց գալիս ինձ էր պատմում:  Հրաշալի էր. ամեն օր մի նոր հեքիաթ էի լսում: Երբեմն պատմելու ժամանակ տատիկիս աչքը կպնում էր ու հեքիաթի հերոսները դառնում էին Ռաֆիկ պապիկս, կամ տատիկիս եղբայրը՝ Հայկը. «Կարմիր գլխարկը գնաց տատիկի տուն ու  Հայկն էսօր Ռաֆիկի հետ հիմնարկում ...», - մոտավորապես էսպես :

 

Ի դեպ, տատիկիս անունը Լիդա էր: Անցյալով խոսելուն չեմ անդրադառնա.  շատ կապված էի՝ տխրում եմ...

 

Լիդա տատիկս շատ կոկիկ կին էր. վարդագույն շրթներկը, դիմափոշին ու օծանելիքը՝ անպակաս: Անգամ ներքևի հարևան Նոռա տատիկի տուն գնալիս պարտադիր պետք է  վարդագույն շրթներկը քսեր:

 

Քաղաքում երևի ոչ մի անկյուն չկա, որտեղ տատիկս ինձ տարած չլինի: Ի դեպ, 26 կոմիսարների դպրոցն իրոք տեսել եմ: Աստաֆյան, այժմյան  Աբովյան փողոցի անկյունում գտնվող Կաթողիկե եկեղեցին հենց այդ դպրոցի շենքով  էր շրջապատված:  Ռաֆիկ պապիկս այդտեղ է սովորել: Այդ առիթով էր տատիկս տանում, որ տեսնեմ պապիկիս դպրոցը: Իսկ այն դպրոցը, որտեղ տատիկս է սովորել մինչ օրս էլ կա՝ Կրուպսկայան, որն այժմ Նիկոլ Աղբալյանի անունով է:

 

Տատիկիս մասին օրերով կարելի է խոսել, բայց երկու խոսքով էլ Գետառի վարարմանն անդրադառնամ և ավարտեմ: Տատիկս դպրոցական է եղել այդ ժամանակ: Դասարանի աղջիկներով որոշել են իրենց  մայրիկների զարդերը տանել  դպրոց՝ մի քիչ թիթիզանալու: Հենց այդ օրն էլ Գետառը վարարել է՝ ջրի հետ տանելով ամեն բան: Տատիկս տուն վերադառնալով տեսել է, որ մայրիկն արցունքոդ աչքերով ավերակների տակ իր տատիկից ժառանգած մատանին է փնտրում: Պարզվում է, որ բախտի բերմամբ և պատահմամբ հենց այդ օրն էր տատիկս որոշել թիթիզանալ ու արդյունքում ստացվել էր, որ թիթիզանալու համար փրկել էր ժառանգաբար մորից աղջկան անցնող ոսկյա մատանին:  Այսօր այդ մատանին իմ զարդատուփում է…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին