Տաթև Առաքելյան. Իմ պապիկը - Mediamax.am

10571 դիտում

Տաթև Առաքելյան. Իմ պապիկը


Լուսանկարը`


Եթե ոչ ծնողներիցս շատ, գոնե հավասար տատիկներիս ու պապիկներիս եմ սիրում:  Երկու կողմն էլ թանկ են ու աշխարհ ինձ համար, բայց Մովսես պապիս պաշտում եմ: Պապս նախանձելի մարդ է, հայր, ընկեր, որդի եղբայր ու պապիկ: Հիշում եմ, դասընկերներս  միշտ սիրով էին խոսում պապիկիս մասին ու երանի տալիս ինձ:

 

Չկա մի երևույթ, որ չբացատրվի իր համար, չկա մի իրավիճակ որ անելանելի լինի իր համար, չկա մի մարդ, որ վատն է իր համար և չկա մի մարդ, որ չսիրի պապիկիս: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր: Հատկանշական է, որ աղջիկներս էլ են պապիկիս անչափ սիրում:

 

Ինչպես թագավորս է ասում (պապիկիս այդպես եմ հաճախ դիմում) բացի քահանայից ամեն բան աշխատել եմ ու իսկապես արդեն երկու անգամ սրիտի բարդ վիրահատութունների ենթարկվելուց հետո էլ շարունակում է աշխատել, լինել ինքնուրույն, լինել առույգ ու տան սյուն:  Կռունկավար է  պապս ու շատ է սիրում իր գործը: Վերջին վիրահատությունից հետո, երբ սրտաբանն արգելեց ծանր աշխատանքը, հիվանդանոցից  տուն ճանապարհին տեսավ իր աշխատանքային կռունկն ու այնպիսի սիրով, հպարտությամբ ու ոգևորությամբ սկսեց «ծանոթացնել» մեքենայի հետ, բայց երբ հիշեց բժշկի խոսքերն, աչքերը լցվեցին:

 

- Հարազատիս, ես իմ ով գա տեր, ոնց վարվի, ոնց պահի, - թախիծով շշնջաց Մովսես պապս ու թաքուն սրբեց աչքերը:

 

Եթե մեկն իր ներկայությամբ բողոքում է թե գործ չկա, անմիջապես հակադարձում է.

 

- Ծույլն արդարացում է փնտրում, աշխատողն՝ ուղիներ:

 

Պապիկս արվեստին շատ մոտ մարդ է, կյանքի ավելի քան 25 տարին բեմում է անցկացրել՝ աճպարար է եղել, հյուրախաղերով եղել աշխարհի տարբեր երկրներում, բայց մեր մեջ ասած, պապիկս շատ գեղեցիկ տղամարդ է ու տատիկիս խանդի տեսարաններն ի վերջո  ստիպել են թողնել բեմը: Բայց երբ ընտանիքով հավաքվում են, պապիկն իր «գործիքներն» է բերում, մորեղբայրս ՝ ակորդեոնը, մայրս՝ քանոնը, մի մորաքույր երգում է, մյուսն էլ պարում: Արդյունքում ուրախ, տրամադրություն, երգ, պար, մեկ խոքով մի լավ ներկայացում:

 

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից է սերում պապիկս ու միշտ մեծ հպարտությամբ է նշում իր արմատների մասին: Չնայած շատ վաղուց է հարազատ գյուղից դուրս եկել, բայց ընկճված, հիվանդ, հուսահատ կամ մեծ ուրախության ժամանակ պիտի հասնի Սյունիք, հայրենի օդ ու ջրին, որ ամեն բան իր տեղն ընկնի:

 

Պապս համեղ ուտել շատ է սիրում, ախր ինքն էլ համով մարդ է, բայց տատս գերմանացու ճշտապահությամբ պահում է բժշկի նշանակած սննդակարգն ու խեղճին զրկում իր սիերելի ուտեստներից:

 

Իմ աշխարհն է Մոսի պապիս, իմ ուժն ու սրտիս մի մասն է  իմ լավ պապին: Երբ հարցնես ոնց ես պատասխանը նույնն է. «Հոյակապ, բալես»: Պապս, ցավդ տանեմ, միշտ հոյակապ եղիր:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին