Ելենա Սարգսյան. Իմ «այ քեզ տատիկ»-ը - Mediamax.am

4337 դիտում

Ելենա Սարգսյան. Իմ «այ քեզ տատիկ»-ը


Լուսանկարը`


Դասից տուն եմ գնում, մաման է զանգում.

 

- Տատին սրտի կաթված է ստացել, հիվանդանոցն ինք, - ու այլևս ոչինչ չկարողացա լսել :

 

Ի՞նչ իմ տատուլիկը, իմ Արուսյակը, նրա բարի սրտիկը,  որ ինձ թվում էր` միայն սիրելու է ունակ...

 

Քայլում եմ ու չեմ հասկանում՝  ինչպե՞ս, ու՞ր , չէի զգում գետինը, ես քայլում էի հիշողությունների արահետով: Հիշեցի, երբ շատ փոքր էի, վատ երազ էի տեսել, թե նա չկա: Ես  վախեցած զարթնել էի, իսկ  նա ինձ գրկեց ու շոյելով հյուսքերս` ասաց.

 

- Ելունիկս (միայն նա կարող է ինձ այդպես կոչել)  վատ երա՞զ իս տեսի, էլի կվախենա՞ս, հա՞, աստղերու ջուր բդի խմիս, որ հանգստանաս ու էլ չվախենաս, մոխրոտս :

 

Նա միշտ գիշերները բաժակով ջուր է դնում դրսում, որ աստղերը լցվեն ջրի մեջ: Նա ասում է, որ աստղաջուրը խմելուց հետո մարդ  անվախ ու ուժեղ է  դառնում.  դա օգնում է նաև,  երբ ինչ-որ տեղ է ցավում :

 

Այդ օրը նրան խաբել էի,  թե երազումս մի վիշապ էր հարձակվել վրաս. դրանից էի վախեցել:

 

Սոսկացի այդ հիշողությունից: Արդեն չէի զգում գետինը, քայլում էի արագ` գրեթե վազելով: Տպավորություն էր,  թե փախչում էի իրականությունից: Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ կարող է նման բան պատահել: Ես ծարավ էի տատիս <<հակաթույնին>> . ուզում էի խմել աստղերի ջուրը, խեղդվում էի ցավից ու վախից, «Տատի տո՛ւր ինձ քո ավանդական աստղաջուրը, չեմ դիմանում այլևս»:

 

Զանգ հեռախոսիս: Ուշքի գալով` մի կերպ պատասխանում եմ.

 

- Մամ, տատիս, տատիկս...

- Հմեն ինչ լավը, տատին արդեն ուրան լավը կզգա, մոռացա ըսենք, որ հասար տուն  Արթուրի համար ճաշ կպատրաստիս,  սոված կեղնի, անպայման դուլը կուդիս:

- Մամ, տատիս...

- Փա՛ռք Աստծու, հմեն ինչ լավը, տատին արդեն լավը:

 

Աստված իմ, իմ հրեշտակը... հարազատս, ինչ ուժեղ է տատս... ի՞նչ պատրաստեմ եղբորս համար.  միգուցե բրձով փլա՞վ,  չէ՛, նա ժարիտ է շատ սիրում... չէ՛, չէ՛, Արուսյակիս էլ չեմ խաբի, հենց ապաքինվեց  կխոստովանեմ, որ «Ջեյն Էյրը» ես եմ «թռցրել»: Գրողը տանի, ինչ ուժեղ է տատս, բայց չէ՞ որ նա ընդհանրապես չէր խմում աստղերի ջուր,  այ քեզ ՏԱՏԻԿ...

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին