Պատերազմն ու կինը. Հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը - Mediamax.am

exclusive
62420 դիտում

Պատերազմն ու կինը. Հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը


Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մարտիրոսյանը Արցախում 2016թ. ապրիլին
Անահիտ Մարտիրոսյանը Արցախում 2016թ. ապրիլին

Լուսանկարը` անձնական արխիվից

Անահիտ Մարտիրոսյանը ընկերուհու՝ Սվետլանայի հետ
Անահիտ Մարտիրոսյանը ընկերուհու՝ Սվետլանայի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Անահիտ Մարտիրոսյանը
Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Անահիտ Մարտիրոսյանը թոռնիկի հետ
Անահիտ Մարտիրոսյանը թոռնիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Արցախյան պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ կանայք: Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին: Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերիս է անհայտ: Մեդիամաքսը մեկնարկում է նոր նախագիծ՝ «Պատերազմն ու կինը», որի շրջանակներում ներկայացնելու ենք պատերազմի կանացի ձայնն ու հիշողությունները:

 

Այսօր ներկայացնում ենք փոխգնդապետ, Արցախյան պատերազմի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի «պատերազմը»:

 

Փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյան: Մարտի դաշտում՝ հրամանատար:  Անահիտը ծնվել է 1964 թվականի Չարդախլու գյուղում, որը մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենիքն է: 1989-ին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, ընտանիքի հետ փորձել է գալ Հայաստան, սակայն ադրբեջանական ավազակախումբը կտրել է նրանց ճանապարհն ու ընտանիքի աչքի առջեւ կյանքից զրկել ամուսնուն: Տարիներ անց՝ մարտի դաշտում, Անահիտին վիճակվել է կրկին հանդիպել ամուսնուն կյանքից զրկողին եւ լուծել վրեժը...

 

Ղեկավարել է «Անահիտ» հետախուզական ջոկատը:

 

***

 

Երբեք չեմ ձգտել զինվորական դառնալ: Բաքվի նավթաքիմիական ինստիտուտն եմ ավարտել, շատ լավ աշխատանք եմ ունեցել ու լավ ապրել, բայց չեմ սիրել դրանց (ադրբեջանցիներին ի նկատի ունի-հեղ.):

 

Իմ մայրենի լեզուն դպրոցում չեմ սովորել. ադրբեջաներեն ու ռուսերեն էինք անցնում, բայց տատիցս շատ բան էի լսել ու գիտեի, թե ինչ են արել թուրքերը մեր դեմ. տատս ջարդից սարսափելի բաներ էր պատմում:

 

Դպրոցում շատ լավ էի սովորում, բայց անտանելի չար էի՝ ծեծում էի թուրքերին, էնքան, որ ոչ մեկը չէր համարձակվում ինձ որեւէ բան ասեր:

 

Ոնց չէի սիրում դրանց: Մորս հետ վիճում էի՝ «Քույրդ Չարդախլուից գնացել է Հայաստան, դու ինչու՞ ես եկել Բաքու, ինչու՞ մենք պետք է Բաքվում ապրենք»: Միշտ ծնողներիս մեղադրում էի դրա համար: Մայրս վստահ էր, որ էլ կռիվ չի լինելու, անհանգստանալու կարիք չկա, բայց ես, կարծես, զգում էի՝ հնարավոր չէր թուրքը չզարթներ: Ամեն ինչ շատ հարթ էր, էդպես չի լինում. հետախուզման մեջ էլ, երբ ամեն ինչ չափից շատ լուռ էր, գիտեի, որ փոթորիկ է սկսելու:

 

***

 

17 տարեկանում ամուսնացա, 24-ում արդեն այրի էի… զոհ տալով հասա Հայաստան: 1989 թիվն էր: Բաքվում էինք ապրում՝ ես, ամուսինս՝ Վիկտորը, երկու տղաներս, մեկը՝ 5, մյուսը՝ 3 տարեկան: Ամեն օր սարսափելի դեպքերի մասին էինք լսում ու ականատես լինում: Մի օր որոշեցինք վերցնել երեխաներին ու գալ  Հայաստան: Հաջորդ առավոտյան ճանապարհ ընկանք: Երկու թաղամաս էլ չէինք անցել մեր շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ մեր հարեւանի տղան էր, կտրեց մեր ճանապարհն ու…

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաշքով փրկվելով հասանք օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռները մեզ ու շատ այլ փախստականների հասցրեցին Երեւան:

 

***

 

Երեւանում իմացա, որ ծնողներիս եւս հաջողվել է փախչել: Բագրատաշենում էին: Գնացինք նրանց մոտ: Մեծ տղաս, որ գիտակցում էր կատարվածն ու հոր հետ պատահածը,  մոտ մեկ տարի չխոսեց…

 

***

 

1991-ի հոկտեմբերին տղաներիս թողեցի ծնողներիս մոտ ու մեկնեցի առաջին գիծ՝ վրեժ ունեի լուծելու: Ծնողներիս, իհարկե, չասացի, թե ուր եմ գնում. ո՞ր ծնողը կթողնի իր աղջիկը պատերազմ գնա: Ասացի՝ «գնում եմ Ուկրաինա՝ ընկերուհիներիս մոտ՝ աշխատելու»: Սպորտսմենուհի էի, դեռ Բաքվում թեթեւ ատլետիկա էի պարապում:

 

***

 

24 տարեկան էի, քաշս՝ 45 կիլոգրամ: Իմ տարիքից շատ ավելի փոքր էի երեւում: Հավաքակայանում չէին թողնում, որ գնամ: Հարցրեցին՝ «ամուսնացա՞ծ ես», ասացի՝ ոչ: Ասեցին՝ «դե գնա՛, ամուսնացի՛, երեխեք ունեցի՛»: Հետո հայտարարվեց, որ ով ադրբեջաներեն գիտի, նրանց կտանեն: Իսկ ես հրաշալի եմ տիրապետում այդ լեզվին, ցավոք, իմ մայրենիից էլ շատ ավելի լավ: Այդպես թողեցին գնամ առաջին գիծ՝ որպես բուժքույր:

 

Առաջին իսկ օրից զենք բռնել ու կրակել սովորեցրեցին: Իմ զենքը եղել է կարաբին, դրանից լավ զենք չեմ ճանաչում:

 

***

 

Հենց գործով Երեւան էինք գալիս, ողջ ջոկատով խանութներն ընկած ուկրաինական կոնֆետ էինք փնտրում, որ տանեմ երեխեքիս: Բայց ստի ոտքը կարճ է, չստացվեց երկար խաբել (ծիծաղում է-հեղ.): Երբ վիրավորվեցի, ծնողներիս տուն «սեւ թուղթ» էին ուղարկել, նրանք իմացել էին ճշմարտությունը:

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարաղայից հետո եկել էինք Երեւան: Նորքի հիվանդանոցում պառկած էին մարտի դաշտից իմ դուրս բերած տղաները: Մորս հանդիպեցի, ասաց ՝ «Արի, քո երեխեքին պահի, ես չեմ պահելու»: Նրան տարա հիվանդանոց՝ տղերքի մոտ, ասացի՝ տղաների հետ խոսելուց հետո ինձ կասես՝ գնամ, թե՝ մնամ: Տղերքը, մորս տեսնելով, սկսեցին ձեռքերը համբուրել ու շնորհակալություն հայտնել՝ ասելով, թե իրենց կյանքն եմ փրկել: Մայրս դուրս եկավ, սրբեց արցունքներն ու ասեց՝ «Ես քո երեխեքին կպահեմ: Գնա՛: Դու իրանց պետք ես»: Էդպես երեխաներս էլ իմացան, որ իրենց մայրը պատերազմ է գնացել:

 

***

 

Մարաղայից հետո, երբ ապաքինվեցին մարտի դաշտից փրկածս 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը, որը ենթարկվում էր Արկադի Տեր-Թադեւոսյանին: Պարգեւ Սրբազանը մեզ կցեց նաեւ Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու: Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը:

 

Մասնակցել եմ Մարտակերտի շրջանի՝ Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն եւ այլ տարածքների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:

 

Մի անգամ շրջափակման մեջ ընկանք: Նրանց լեզուն գիտեի, կարողացանք կողմնորոշվել ու դուրս գալ իրավիճակից, բայց այդ ընթացքում մի պահ հուսահատվեցի, մտածում էի՝ վերջն է: Երեխաներիս նկարը հանեցի պայուսակից, նայում ու ներողություն էի խնդրում, որ չեմ կարող իրենց մեծացնել: Ջոկատի տղաները նայեցին ինձ ու ասացին՝ «Հրամանատար, չմտածես, թե գերի ընկնենք, չենք թողի դու կենդանի նրանց ձեռքում հայտնվես»:

 

***

 

Մեզ հիշում են կամ մայիսի 9-ին, կամ որեւէ այլ իրադարձության ժամանակ: Միայն դպրոց կանչելուց է, որ հիվանդ էլ լինեմ, սիրով գնում եմ: Մյուսներից, ճիշտն ասած,  արդեն հոգնել եմ: Այնպիսի տպավորություն է, որ մտնում ու սկսում են փորփրել քո կյանքը, իսկ պահ է լինում, երբ ուզում ես ամեն ինչ մոռանալ: Առանց այն էլ ես գիշերները չեմ քնում, մղձավանջների մեջ եմ: Ամեն անգամ վերհիշելուց ցավ եմ ապրում… թե էսքանը քեզ ինչի եմ պատմում, չգիտեմ:

 

***

 

Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել.  գերեւարված, բռնաբարված ու մորթատանջ արված դիակներ, 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել, մեծ կանաց կտրած գլուխներ. ո՞րը պատմեմ, ո՞նց պատմեմ…

 

Մարաղան ասես Սումգայիթի ու Բաքվի շարունակությունը լիներ: Գիտեք՝ պատերազմ եմ գնացել մի ցավով, բայց պատերազմի ընթացքում էնքան բան եմ տեսել ու էնքան բան կորցրել, որ հիմա վստահ եմ՝  դրանց անհնար է ներել:

 

Անգամ 1915 թվից հետո նրանք չհանգստացան: Բայց մեր հայկական հողերը մի օր հետ են գալու, չգիտեմ, թե երբ, ես կարող է ողջ չլինեմ, դուք ասածս կհիշեք. ես դա զգում եմ: Դեռ մարտի դաշտից սկսած՝ ինչ զգում եմ, կատարվում է, դրա համար շատ ժամանակ չեմ խոսում:

 

***

 

Պատերազմ գնալուց առաջ միայն վրեժ էի զգում: Շատ կոտրված էի: Մտածում էի` ինչո՞ւ հենց ես, հետո ինքս ինձ պատասխանում՝ միեւնույն է, մեկը պետք է լիներ, ինչո՞ւմն է հարցը:

 

Ոչ մեկ չի կարող ասել՝ իր կյանքը ոնց կդասավորվի: Ես սովորական հայ կին եմ, ճիշտ է, անսովոր ճակատագրով: Պարզապես ինձ բաժին ընկավ այս բեռը: Ես ամեն ինչ սովորել եմ պատերազմում, ինձ ամեն ինչ սովորեցրել են իմ մարտական ընկերները:

 

***

 

Երբ տատս ցեղասպանությունից էր պատմում, լուռ լսում էի: Ասում էր` «Անահի՛տ ջան, դու ի՞նչ ես տեսել` ոչ սով, ոչ գաղթ: Առոք-փառոք ապրում ես: Իսկ մենք գաղթ ենք տեսել, սով ենք տեսել»: Մարաղան տեսնելուց հետո մտքումս խոսում էի տատիս հետ՝ «տա՛տ, շատ համարեցիր. գաղթն էլ տեսա, մահն էլ, վիշն էլ, սովն էլ»:

 

***

 

1992-ի տարեմուտից անընդհատ նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց եւ սկսեց կատաղի դիմադրություն ցույց տալ: Զինվորներիս հետ մարտի դաշտում էր: Իրենց քաջ ծանոթ տեղանքում ջոկատի տղաներին հաջողվեց հակառակորդին շրջափակման մեջ գցել ու 14 հոգու գերեւարել: Նրանց թվում իմ Բաքվի հարեւանն էր, ում հայրն ադրբեջանցի էր, մայրը՝ հայ: Չէի կարող շփոթել, նա էր:

 

-Հիշեցի՞ր ինձ:

-Անահիտ քույրի՞կ:

-Անունս չեմ հարցնում: Արմենիքենդի խաչմերուկը հիշու՞մ ես...

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա վախից խոստովանեց:

 

Խնդրեց ներել իրեն, բայց նրանց անհնար է ներել...Գիտես, շատ դժվար է մարդ սպանել, սպանել քո նմանին: Ասելու եւ անելու մեջ շատ մեծ տարբերություն կա:

 

***

 

Դրանից հետո մի օր մտա եկեղեցի ու չհասկացա՝ իմ հետ ինչ կատարվեց: Ես իմ մեջից հանեցի ամեն ինչ: Լացում էի իմ ու ընկերներիս համար: Ե՛վ լացում էի, եւ՛ կրկնում՝ «դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես ինձ սարքել էսպիսին, դո՛ւ՝ թուրքդ, դո՛ւ ես եղել իմ դասատուն ու ստիպել ինձ զենք վերցնել, քո նմանի վրա կրակել»: Նրանք փխրուն հայ կնոջը զինվորական դարձեցին: Հայ կինը չէր ուզում զենք բռնել ու կրակել մարդու՝ իր նմանի վրա, բայց նրանք մեզ ստիպեցին՝ այլ ելք չթողնելով:

 

***

 

Վրեժդ լուծելուց բավականություն ես ստանում, մեծ բավականություն: Թուրքը պետք է իմանա, որ 1915 թվի հայը չկա, հիմա հայը պայքարող է, չհանդուրժող, ոչ մի քայլի համար հայը նրան անպատասխան չի թողնելու:

 

Գիտես, ես, երեւի, լուծեցի իմ վրեժը, բայց դրան զուգահեռ շատ բան կորցրեցի. կորցրեցի իմ հանգիստը, հոգու՝ առանց այդ էլ փոթորկված խաղաղությունը:

 

***

 

Վրեժից բացի ես իմ ջոկատով դիրք եմ ազատագրել: Դրանից վեր ոչինչ չգիտեմ՝ ոչ փող, ոչ ունեցվածք. ոչինչ չի կարող հավասարվել հայրենի հողն ազատագրելու անբացատրելի զգացումի հետ: Մենք մեր հողի գույնն ունենք, չպետք է թույլ տանք, որ դրա վրայով օտարը քայլի:

 

***

 

Երկու անգամ ծանր վիրավորվել եմ, երկու անգամն էլ նույն օրը՝ մեկը 1992-ի, մյուսը՝ 1993-ի օգոստոսի 26-ին:

 

1993-ի օգոստոսի 26-ն էր: Մարտակերտն արդեն ազատագրվել էր, մարտերը դեռ շարունակվում էին: Կողքիս արկ պայթեց, մարմինս ասես բզկտվեց, բայց չհասկացա՝ ինչ է կատարվում: Դրանից հետո վեց ամիս կուրացել եմ: 12 վիրահատության արդյունքում մարմնիցս 24 բեկոր հեռացրեցին, բայց էլի մնացել էր: Ընդհանուր թվով  27 վիրահատություն եմ տարել, դեռ էլի ունեմ...

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ժամանակ ինձ տեղափոխեցին Երեւան՝ բուժվելու: Մտածում էի՝ հենց ոտքի կանգնեմ, հետ եմ գնալու, բայց հրադադար եղավ: Հրադադարի լուրը լսելով ե՛ւ ուրախացա, ե՛ւ տխրեցի՝ մենք դեռ անելիք ունեինք...

 

Պատերազմից հետո երկար տարիներ աշխատել եմ ՀՀ Զինված ուժերում, բայց արդեն մի քանի տարի է՝ դուրս եմ եկել համակարգից:

 

***

 

Պատերազմի  ժամանակ միշտ նույն երազն էի տեսնում` գնում եմ բաղնիք, լողանում, հագնում մաքուր գիշերազգեստ, հետո ինձ տաք հաց են տալիս, հոտ եմ քաշում ու սկսում ուտել այն: Այդ երազն այնքան իրական էր թվում, որ անգամ հացի հոտն էի զգում: Երբ պատերազմից հետո եկա տուն, տաք հաց վերցրեցի ու ահագին ժամանակ հոտ էի քաշում: Ասում էի` սա երազումս տեսած հացի հոտն է. նույն հոտն էի զգում:

 

***

 

Պատերազմը խլեց առողջությունս, սիրունությունս, երիտասարդությունս, երջանկությունս: Տվեց միայն հպարտություն, լավ ընկերներ, նոր արժեքներ, որոնք, միգուցե, մարտի դաշտ գնալուց առաջ չէի գնահատում, բայց հիմա հստակ գիտեմ՝ կան բաներ, որոնք ոչ կարող ես գնել, ոչ էլ՝ վաճառել, եւ, որ ամենակարեւորն է, ոչ ոք չի կարող դրանք խլել քեզանից:

 

Պատերազմից հետո ահագին ժամանակ էր պետք՝ սովորական կյանք վերադառնալու համար: Մինչեւ հիմա էլ դուրս չեմ գալիս կռվի դաշտից: Բաներ կան, որ մինչեւ հիմա մեջս են ու դժվար էլ երբեւէ դուրս գան:

 

***

 

Հիմա ամուսնացած եմ, շատ լավ ամուսին ունեմ, ունեմ այն ամենն, ինչ պետք է կնոջը երջանիկ լինելու համար, լավ ընկերներ ունեմ, որպես հայր՝ Արկադի Իվանիչն է կողքիս կանգնած, բայց այնտեղ` առաջին գծում, ես թողեցի իմ հոգին. իմ հոգին չի հանգստանում ու դրա հետ ոչինչ չես կարող անել:

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք հաղթեցինք պատերազմում, բայց տվեցինք մեր հոգու խաղաղությունը, երջանկությունը, մեր առողջությունը, մեր ծիծաղը, մենք ամեն ինչ տվեցինք մատաղ մեր հայրենինքին, որն այդպես էլ մեզ չընդունեց որպես հերոս: Էս մեդալներով չեն հերոս ճանաչում: Ճիշտ է, ինձ հարգում են, Սեյրան Օհանյանն էլ իմ մարտական ընկերն է, ինձ միշտ հիշում է, խոսում ինձ հետ, բայց միայն իրենով չի որոշվում. բա՞ մյուսները, բա՞ մեր մյուս կռված տղաները…

 

Ինչո՞ւ ստեղծվեց Եռաբլուրը, որ մենք չպետք է երջանիկ ապրենք. որոշ մարդիկ իրենց առողջությունը տվեցին, որոշ մարդիկ իրենց հոգեկան ապրումները, որոշ մարդիկ` իրենց կյանքը. իսկ փոխարե՞նը, հետդարձը ո՞րն է: Ինչու՞ մեր կռված տղաները պետք է այսօր հանգիստ ու գնահատված չապրեին: Պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամն անգամ բժշկական ծառայության 50 տոկոս զեղչ չունի: Ահա այն, ինչ ես վաստակել եմ՝ համազգեստս:

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու ջահելների դեմքին ժպիտ չեմ տեսնում: Ես ջահելներին ուրախ եմ ուզում տեսնել, մարդկանց դեմքին ժպիտ ու խաղաղություն եմ ուզում տեսնել: Մենք դրա համար ենք մեր կյանքը դրել: Յուրաքանչյուր մարդ իրեն մարդ կզգա, լավ ու գնահատված կզգա, երբ իր արածի արդյունքը տեսնի:

 

***

 

Ինձ համար ցավալի է իմ ազգի վիճակը. ես նրա համար չեմ կռվել, որ իմ ժողովուրդն այսօր սոված լինի, վարկերի տոկոսների տակ ճռռա, ես նրա համար չեմ կես մարդ դարձել, որ իմ ժողովուրդը ստիպված լքի իր երկիրը: Մարտի դաշտում մենք միանգամայն այլ ապագա էինք տեսնում մեր երկրի համար:

 

***

 

Կնոջ ու տղամարդու պատերազմի միջեւ տարբերություն չկա, առյուծի էգն ու որձը չկա: Ով առաջին գիծ է գնացել, ուրեմն իրեն չի տարբերել տղամարդուց: Մի անգամ մարտի դաշտում Ցվետանա Պասկալեւային տեսա: Նա այնքան գեղեցիկ էր, խնամված, վրայից օծանելիքի անուշ բույր էր տարածվում: Էդ ժամանակ զգացի, որ մոռացել եմ, թե ինչ բան է կին լինելը:

 

***

 

28 հոգուց բաղկացած ջոկատ էր, միակ կինը՝ ես, բայց տղաների հետ երբեւէ խնդիր չի եղել: Նրանք անգամ իմ ներկայությամբ չէին ծխում: Մենք լավ ընկերներ էինք: Հրամանատար լինելը շատ բարդ է թե՛, կնոջ թե՛ տղամարդու համար: Յուրաքանչյուր զինվոր մտածում է իր մասին, իսկ հրամանատարը` բոլորի. յուրաքանչյուրի ցավով ապրում, ամեն զոհի հետ մեռնում, մի մասնիկ տալիս իրենից, հետո էլի պայքարի ուժ հավաքում, որովհետեւ այնտեղ միակ նպատակը հաղթելն է:

 

***

 

Այնքան հուշեր կան էդ օրերից: Եղել է, որ «կասկան» քանդել ու մեջը կարտոֆիլ ենք խաշել, մի անգամ էլ ապուր ենք եփել. տղաներն ասում էին` «կյանքում էդպես համով ապուր չենք կերել»: Այն ճանապարհը, որով պետք է գնայինք, իմ ձին է անցել ու ականի վրա մնացել` փրկելով իմ եւ ընկերներիս կյանքը…

 

***

 

Ժամանակին, երբ հոգիս խաղաղություն էր տենչում, Արցախ էի գնում: Այնտեղ ինձ լավ եմ զգում՝ իմ ընկերուհիների հետ, իմ հաղթած հողում. բաներ կան, որ խոսքով չես կարող բացատրել, մեջդ են ու մեջիցդ չեն կարող դուրս գալ, դրա համար էլ շատ ժամանակ լռում եմ: Հիմա առողջությունս չի ներում, որ հաճախ գնամ:

 

***

Անահիտ Մարտիրոսյանը Արցախում 2016թ. ապրիլին Անահիտ Մարտիրոսյանը Արցախում 2016թ. ապրիլին

Լուսանկարը` անձնական արխիվից

2016թ. ապրիլյան պատերազմին եւս՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ Արցախում էի՝ առաջնագծում: Պատերազմը չի ավարտվել, անկախ նրանից՝ համակարգում եմ, թե չէ՝ ես հավերժ մարտիկ եմ: Որքան պետք լինի, պիտի կանգնեմ մեր զինվորի կողքին ու լուռ անեմ իմ գործը:

 

Եթե կուզես, մի անգամ կգնանք Ղարաբաղ, որտեղ միասին մեր անցած ճանապարհներով կշրջենք: Կգա՞ս, հաստա՞տ (դրական պատասխան ստանալուց հետո սկսում է թերթել լուսանկարներն ու խոստանում, որ ինձ համար նոր Արցախ է բացահայտելու-հեղ.):

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

***

 

Ասերյան Ստալինան (ցույց է տալիս լուսանկարում պատկերված կռվող կանանցից մեկին-հեղ.) ու մեր ջոկատի տղաներից մեկը նշանված էին: Մարտերից մեկի ժամանակ այդ տղան զոհվեց, գնացինք Չլդրանի հոսպիտալ, մտածում էինք՝ թե ո՞վ է Ստալինային բոթը հայտնելու, բայց իմացանք, որ նույն օրը, նույն ժամին նա էլ է զոհվել: Պատերազմը շատ վատ բան է...

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

***

 

Մարտական ընկերներս՝ Վալենտինան եւ Սվետլանան, ում Սեւո էինք ասում, վերջերս էին Արցախից Երեւան եկել: Հաճախ ենք ընկերներով հավաքվում: Մեր զրուցներում անցյալն ու ներկան խառնվում են, հետո անցյալը հաղթում է. ավելի շատ հիշում ենք մեր ընկերներին ու նրանց հետ ապրած օրերը:

Անահիտ Մարտիրոսյանը ընկերուհու՝ Սվետլանայի հետ Անահիտ Մարտիրոսյանը ընկերուհու՝ Սվետլանայի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

***

 

Անցյալը չես կարող մոռանալ, անցյալը մոռացողն ապագա չունի: Երբ նոր էի վերադարձել Երեւան, երկար ժամանակ անքնություն ունեի, իսկ երբ քնում էի, պատերազմը երազի տեսքով՝ զոհված ընկերներիս հետ, ինձ հյուր էր գալիս: Կարծում էի՝ հոգեկան աշխարհս խանգարվում է, բայց կանգնում էի հայելու առաջ ու ասում՝ իրավունք չունես, դու ուժեղ ես:

 

***

 

Երկու տղաներս էլ զինվորական են դարձել: Միշտ ասում էին՝ չխառնվես, որտեղ ուղարկեն, այնտեղ էլ ծառայելու ենք: Երկուսն էլ առաջին գիծ են գնացել: Մեկը կապիտան է, մյուսը` ավագ լեյտենանտ: Փոքրս, որ ավագ լեյտենանտ է, հիմա ընտանիքի հետ Օմսկում է ապրում: Դստերն իմ անունով է կոչել (ժպտում է ու ցույց տալիս փոքրիկ Անահիտի լուսանկարը-հեղինակ): Մեծս կապիտան է, չորս տարի դիրք է պահել` ինձնից ոչ պակաս: «Փափուկ» տեղ էին ուղարկել, բայց դիմում էր գրել ու գնացել առաջին գիծ: Անցած տարի մտերիմ ընկերոջը հակառակորդի դիպուկահարը խփել էր, տղայիս ձեռքերի վրա մահացել: Զգում էի՝ էդ ապրումներից շատ վատ վիճակում էր, չթողեցի այնտեղ մնա: Մեծս էլ վերջերս է դուստր ունեցել, հիմա էլ Անգելինային խնամելով եմ զբաղված:

Անահիտ Մարտիրոսյանը թոռնիկի հետ Անահիտ Մարտիրոսյանը թոռնիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

***

 

Պատերազմից հետո՝ 1994-ին ծնվեց աղջիկս, այս տարի կավարտի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Նա եղավ իմ փրկությունը, հրեշտակի պես եկավ ու փոխեց իմ կյանքը: Եթե աղջիկս չլիներ, ես կխելագարվեի: Այն, ինչ որպես կին հիմա տեսնում եք իմ մեջ՝ ամուսնուս ու աղջկաս շնորհիվ է:

 

Ամուսինս մեր կռված տղաներից է: Երբ մեր մարտական ընկերները եկել էին մեզ շնորհավորելու, ինձ շնորհավորում էին, իրեն՝ ցավակցում (կատակում է-հեղ.): Շատ բաներ հենց նրանց շնորհիվ մոռացություն է տրվել, բայց մեկ է՝ էդ մոռացությունն էլ հարաբերական է. ոչ մեկ չի կարող մոռանալ այն, ինչ ապրել ու տեսել է:

 

***

 

Եթե կյանքս նորից ապրելու հնարավորություն ունենայի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ.  ես ոչնչի համար չեմ ափսոսում, երբեք էլ չեմ ափսոսել, միշտ արել եմ այն, ինչ պետք է անեի:

Անահիտ Մարտիրոսյանը Անահիտ Մարտիրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Առաջին գծում լիաթոք ապրումներ եմ ունեցել ու մեկ-մեկ կարոտում եմ էդ օրերը: Ճիշտ է, դաժան է հնչում՝ ոնց կարող է մարդը պատերազմի օրերը կարոտել, բայց ես կարոտում եմ, կարոտում եմ էն պահը, երբ հող ենք ազատագրել, ջոկատով կանգնել էդ հողի վրա, նրա հետ միասին ուրախացել ու լացել: Պարզապես հիմա էլ պետք է ամեն գնով պահենք էդ հողը:

 

Մեդիամաքս
/>Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Անահիտ Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին