Սիփանը, որ դուրս եկավ թաքստոցից եւ իր հետեւից տարավ ուրիշներին - Mediamax.am

exclusive
6971 դիտում

Սիփանը, որ դուրս եկավ թաքստոցից եւ իր հետեւից տարավ ուրիշներին


Սիփան Ասատրյանը
Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիփան Ասատրյանը
Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիփան Ասատրյանը
Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպիտակ ձեռնափայտը գետնին սահեցնելով ու ավելի հաճախ՝ հարվածելով՝ «կըտ-կըտ», Սիփանը քաղաքի մի ծայրից մյուսը ոտքի տակ է տալիս: Սպիտակ փայտիկը չտեսնող մարդկանց ճանապարհի ամենալավ ընկերն է: Փողոցն անցնելիս՝ փայտիկը մի փոքր բարձրացնում է՝ զգուշացման ժեստ է: «Լեհաստանից Գերմանիա գնացող միջազգային մայրուղու երթեւեկությունն ընդամենն այս մի ժեստով կանգնեցնում էինք: Հիմա փորձում եմ մեր վարորդներին սովորեցնել»,- ասում է Սիփան Ասատրյանը:

 

Տեսողությունից զրկվել է 4 տարեկանում: Ասել են՝ գրիպի հետեւանք է: « Ժամանակին կարծում էի, որ հնարավոր չէ ինքնուրույն լինել, ինչ-որ բան հաղթահարել: Անընդհատ պատճառներ էի գտնում՝ Երեւանը հարմար չէ, մարդիկ լավը չեն: Միգուցե չարացած էի, մեղադրում էի մարդկանց, միգուցե՝ ծնողներիս, Աստծուն, բոլորին, բացի՝ ինձնից: Բայց եկավ մի ժամանակ եւ հասկացա՝ հնարավոր է քայլել, հաղթահարել ինչ-որ բաներ, երբ ինքդ քո մեջ ես հաղթահարում դրանք, հաշտվում ես ինքդ քեզ հետ, քո խնդրի հետ: Հիմա էլ չեմ մտածում այդ կորստի մասին: Ի վերջո, բոլորն ունեն խնդիրներ՝ մեկը՝ ֆինանսական, մյուսը՝ հոգեկան, երրորդը՝ հոգեբանական, ֆիզիկական, սրտանոթային խնդիր, որն արտաքուստ չի երեւում: Էականն այն է, թե մենք ինչպես ենք դրանց վերաբերվում»:

 

Սիփանը 27 տարեկան է: Բանասեր է, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ (չտեսնող երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ զբաղվող մասնագետ): Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող «Ազգային առաջնորդության ինստիտուտ» կազմակերպության տեղեկատվության եւ հաղորդակցության համակարգողն է, հայերենից անգլերեն թարգմանություններ է կատարում: Լեհաստանում վերապատրաստվելով՝ դարձել է չտեսնող մարդկանց տարածական կողմնորոշման հրահանգիչ. կարեւոր, բայց Հայաստանում քիչ հանդիպող մասնագիտություն: Լեհ վերապատրաստողների վկայությամբ՝ Սիփանը Եվրոպայում միակ չտեսնող հրահանգիչն է (այստեղ ընդունված չէ, որ չտեսնողը լինի տարածական կողնորոշման հրահանգիչ, ի տարբերություն՝ Ամերիկայի): Չտեսնող մարդկանց կրթելը, օգնելը, որ բացահայտեն իրենց կարողություններն ու ապրեն լիարժեք կյանքով, Սիփանն իր առաքելությունն է համարում: Ամեն շաբաթ մի խումբ չտեսնող մարդիկ հավաքվում են «Ազգային առաջնորդության ինստիտուտ»-ում, որտեղ Սիփանը տեսնող մասնագետ-օգնականների հետ տարածական կողմնորոշման դասեր է տալիս՝ ինչպես օգտվել սպիտակ ձեռնափայտից, ինչպես զարգացնել զգայարանները, դառնալ ինքնուրույն: Տարբեր վարժություններ են կատարում, օրինակ՝ մասնակիցներից պահանջվում է սենյակի որեւէ կետում հնչող զանգը լսելով՝ գտնել ձայնի աղբյուրը, փորձել շրջանցել այն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես շատ եմ սիրում մետրո, մեր քաղաքի զարդն եմ համարում: Ինձ համար մի միստիկ, գետնի տակ փորված հետաքրքիր աշխարհ է: Տեսողությունս կորցնելուց հետո հիմնականում հայրիկիս հետ էի նստում մետրո ու միշտ մտածում էի՝«տեսնես մի օր ես կկարողանա՞մ ինքնուրույն օգտվել այս հրաշալի տրանսպորտից»: Երբ առաջին անգամ լեհ մասնագետն ասաց՝ «այսօր գնում ենք մետրո», ուղղակի ցնցվեցի՝ «ինչպե՞ս կարող է չտեսնող մարդն օգտվել մետրոյից»: Անհիմն վախ էր իմ մեջ: Երբ ինքնուրույն իջա-բարձրացա շարժասանդուղքով ու հասկացա, որ հնարավոր է չընկնել այդ գծերի մեջ, քանի որ ունես սպիտակ փայտիկ, լսելիք, շոշափելիք, այլ զգայարաններ եւ այդ զգայարանները ճիշտ գործածելու հնարավորություն, ես այդ օրը երջանկությունից մեռնում էի: Ինձ հաղթանակած էի համարում»,- ծիծաղում է Սիփանն ու ավելացնում, որ ամենամեծ հաղթանակն ինքնաճանաչության ուղին բռնելն էր. ճանաչելով ու ընդունելով իրեն այնպիսին, ինչպիսին կա, կարողանում է նայել իր խնդիրներին և հասկանալ, որ դրանք ունեն իրենց լուծումները, եւ դա ուժեղացնում է:

 

Սիփանի կյանքում հաղթանակները շատ են ու մի քիչ տարբեր հաղթանակի մասին ընդունված պատկերացումներից: Երբ տեսողությունը հանկարծակի կորցրեց, ընտանիքը երեխայի խնդրի հետ մնաց միայնակ. այն տարիներին հաշմանդամություն ունեցող մարդկանցով զբաղվող կազմակերպություններ չկային: Ու Սիփանի համար տունը դարձավ թաքստոց:

 

«Հասարակությունը, ընտանիքիս անդամների շոկային վիճակը, խնդիրս չընդունելը, անտեղյակությունը, մարդկանց չտեսնելը փակել էին ինձ: Հաղթանակներիցս մեկն էլ այն է, որ կարողանում եմ հաղորդակցվել, շփվել մարդկանց հետ: Այն Սիփանը, որը մի ժամանակ վախենում էր օտար մարդկանցից, փորձում էր անընդհատ փակվել տանը, սենյակում, այսօր դուրս է գալիս կանգառ, մարդկանցից հարցնում է տրանսպորտի համարներ, եթե անծանոթ տեղ է գնում, հարցնում է, թե ուր ենք հասել, եթե մոլորվում կամ ելքեր չի գտնում, անպայման դիմում է մարդկանց»:

 

Սիփանը շոշափելով, լսելով, հոտառությամբ ճանաչում է Երեւանը, որը շատ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Սիփանն այլ ճանապարհ է ընտրել՝ ինքն է հարմարեցնում քաղաքն իրեն:

Սիփան Ասատրյանը Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իհարկե լավ կլիներ, որ մեր քաղաքը հարմարեցված լիներ հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել տանը և պահանջել ինչ-որ բաներ: Ցանկացած անհարմարություն ես դարձնում եմ հարմարություն: Քանդված մայթը կարող է նշան դառնալ, որ ես հասնում եմ իմ տան տարածք: Օգտագործում եմ իմ մնացած զգայարանները՝ լսողություն, հոտառություն, մաշկամկանային զգացողություն, շոշափելիք, մետրոն գտնում եմ հոտով, քամու ուղղությամբ: Կենցաղային բազմաթիվ խնդիրներ ինձ համար դառնում են լուծելի: Խանութ եմ գնում միայնակ, հեռախոսս եմ լիցքավորում: Գրեթե կախվածություն չունեմ որեւէ կողմնակի անձից: Ցավոք սրտի, շատ քչերն են կարողանում հաղթահարել սպիտակ ձեռնափայտ գործածելու բարդույթը, հատկապես՝ սեփական բնակավայրում: Հոգեբանական խնդիր է առաջացնում: Մարդիկ ասում են՝ մենք Եվրոպայում կօգտագործենք փայտիկը, Երեւանում չենք օգտագործի, այստեղ մեզ ճանաչում են: Սեփական խնդրից փախչելու, սեփական խնդրի հետ չհաշտվելու գործընթաց է, որին բախվում են հաշմանդամություն ունեցող բոլոր մարդիկ. մեկը հաղթահարում է, մյուսը չի հաղթահարում: Չնայած՝ 7-8 տարի օգտագործում եմ սպիտակ փայտիկ, բայց երբեմն հասնելով շենքի մոտ՝ ծալում եմ, ու հասկանում եմ՝ ինչքան հզոր է հասարակության կարծիքը: Հետո ինքս ինձ ասում եմ՝«ինչո՞ւ ես ամաչում մի բանից, որը քեզ ինքնուրույնություն է տալիս»:

Սիփան Ասատրյանը Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիփանն ասում է, որ Հայաստանում սպիտակ ձեռնափայտեր չկան, արտերկրից են բերում, չկան վերականգնողական կենտրոններ: Հատուկ դպրոցում, երեխաների հետ աշխատելով, որոշ չափով փորձում են լրացնել բացը: Բայց եթե մեկը կորցրել է տեսողությունը մեծ տարիքում, ինչպե՞ս պետք է հաղթահարի հոգեբանական խոչընդոտը, անցնի ադապտացիայի շրջանը, հարմարվի իր նոր վիճակին: Քիչ, բայց ակտիվ չտեսնողներով փորձում են ապացուցել՝ամեն ինչ հնարավոր է: Տեսողության խանգարումներ ունեցող մի խումբ երիտասարդներով ստեղծել են «Մենք» ինտերնետային ռադիոն, որի եթերում անդրադառնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին:

 

«Կարծում եմ՝ օրինակներն ու անհատները հասարակության մեջ շատ մեծ գործ կարող են կատարել եւ կատարում են: Իմ գաղափարախոսությունն է, որ մենք ինքներս պետք է լինենք այդ օրինակները: Հաճախ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսում են հաշմանդամություն չունեցող անձինք, շահեր են ներկայացնում: Իմ կարծիքով, ամեն մարդ ինքը պետք է լինի օրինակ իր ոլորտում՝ իր ապրելակերպով: Եթե ոչ ես, ապա ո՞վ ներկայացնի ինձ: Անտեղյակ հասարակությանը ես պիտի ասեմ, որ լինում են էսպիսի դեպքեր, մենք լացելով ոչինչի չենք հասնի, պիտի ուրախանանք, որ կարողանում ենք հաղթահարել դրանք: Կարծում եմ՝ սա յուրահատկություն է, նույնիսկ խնդիր էլ չէ»:

 

Սիփանը հավատում է՝ մի ծաղկով գարուն կգա: Ու այդ համոզմունքով հաճախ տուն տանող ճանապարհի մի մասը ոտքով է անցնում, որ շատերը տեսնեն սպիտակ փայտիկով քայլող մարդու:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ այնքան մարդ է մոտենում, ասում՝ ես Ձեզ շատ եմ տեսել, եկեք օգնեմ: Իհարկե, դեռեւս շատ կան զարմացած հայացքներ, շատերը չեն հասկանում, որ չտեսնող ես: Մտածում են՝ եթե չտեսնող է, ինչի՞ է դուրս եկել, ինչպե՞ս է դուրս եկել: Կարծում եմ՝ կրթությունը, քաղաքակրթվելը ամենակարեւորն է մարդու, առավել եւս՝ չտեսնողի համար: Հեքիաթներում շատ եմ հանդիպել «կույր մուրացկան» արտահայտությանը, էդպիսի մտածելակերպ կա հասարակության մեջ: Այդ պատճառով շատ ծնողներ ամաչում են, հերքում են խնդիրը, չեն համակերպվում, որ իրենց երեխան ընդամենն ունի հատուկ կրթության կարիք, որի միջոցով կարող է հասնել բազմաթիվ բարձունքների: Ես միշտ չտեսնողներին ասում եմ, որ մեր ամենակարեւոր խոսքերը պետք է լինեն՝ «ներողությունը» ու «շնորհակալությունը»: Երբեմն շնորհակալություն եմ ասում, հետո պարզվում է՝ ծառ էր, մարդ չէր: Նույնիսկ պատահել է, որ ավտոբուսի նստարանից եմ ներողություն խնդրել՝ կարծելով, որ դատարկ չէ»:

 

Հաղթանակները Սիփանը կիսում է ընտանիքի՝ կնոջ ու չորս ամսական դստեր հետ:

 

«Միշտ հարցնում են՝ կի՞նդ էլ չի տեսնում: Ասում եմ՝ չէ, կինս տեսնող է: Կարծրատիպային է մտածելակերպը, որ եթե չտեսնող ես, պիտի չտեսնողի հետ ամուսնանաս, եթե չլսող ես՝ չլսողի:  Փառք Աստծուն, կինս ինձ առաջ մղող կերպար է: Հատուկ մանկավարժ-հոգեբան է, անընդհատ փորձում է աջակցել, ինչ-որ բաներ սովորեցնել, շատ է օգնում, որ չզգամ ֆիզիկական խնդրիցս ծագող որոշակի հարցեր եւ հաղթահարեմ դրանք: Ծնողներս էլ են փորձում ինձ օգնել»:

 

Շատ խնդիրներ Սիփանի համար հաղթահարված են: Ամուսնու ու հոր պարտավորությունները ստիպում են նոր բարձունքներ հաղթահարել: Գլխավոր նպատակն ու երազանքն այս պահին իր առաքելությունն իրականացնելու համար նոր հնարավորությունների ստեղծումը, հմտությունների ավելացումը, անձնային աճն  ու բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին