Վաշինգտոնն ու Անկարան ISIS-ի դեմ պայքարի ծրագիր են մշակել - Mediamax.am

8309 դիտում

Վաշինգտոնն ու Անկարան ISIS-ի դեմ պայքարի ծրագիր են մշակել


Լուսանկարը` http://www.dcclothesline.com/


ԱՄՆ-ն եւ Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման դեմ համատեղ պայքարի հարցում:

Ամերիկյան հեղինակավոր The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ ամերիկյան ռազմական օդանավերը, սիրիացի ապստամբները եւ թուրքական ռազմական ուժերը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 60-մղոնանոց սահմանի երկայնքով համատեղ կպայքարեն ISIS-ի դեմ:

 

Երկու երկրների պաշտոնատար անձանց կարծիքով, ըստ նախատեսված պլանի, կստեղծվի «Իսլամական պետություն»-ից մաքրված ազատ գոտի, որը թուրքական կողմի հավաստմամբ՝ կկոչվի «ապահով գոտի» սիրիացի տեղահանվածների համար:

 

«Պլանի մանրամասները դեռեւս մշակման փուլում են, սակայն մենք Թուրքիայի հետ քննարկում ենք տեղում՝ Սիրիայի հյուսիսում, «Իսլամական պետության» դեմ պայքարող մեր գործընկերներին սատարելու հնարավորությունը: Նպատակն է ստեղծել խմբավորումից ազատագրված գոտի եւ ապահովել ավելի մեծ անվտանգություն եւ կայունություն Թուրքիայի եւ Սիրիայի հետ սահմանին»,- ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում թերթը:

 

The New York Times-ը գրում է, որ ամերիկյան պաշտոնյաների պնդմամբ, այս ծրագիրն ուղղված չէ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: Նրանք ընդգծում են, որ թեեւ ծրագրի արդյունքում կարող է ստեղծվել դե ֆակտո ապահովության գոտի, սակայն փաստացի ոչ թռիչքային գոտու ստեղծում ծրագրով չի նախատեսվում:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին