Մարզահամերգային համալիր` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
77762 դիտում

Մարզահամերգային համալիր` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Մարզահամերգային համալիրը կամ պարզապես` Համալիրը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Կարեն Դեմիրճյանն ու Արթուր Թարխանյանը:
Կարեն Դեմիրճյանն ու Արթուր Թարխանյանը:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Կարեն Դեմիրճյանը, Ֆերդինանդ Առաքելյանը եւ Ֆադեյ Սարգսյանը:
Կարեն Դեմիրճյանը, Ֆերդինանդ Առաքելյանը եւ Ֆադեյ Սարգսյանը:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Շլեփչյանի, Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Կարեն Դեմիրճյանը համալիրի հրդեհի ժամանակ:
Կարեն Դեմիրճյանը համալիրի հրդեհի ժամանակ:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Մարզահամերգային համալիրը կամ պարզապես` Համալիրը: Կարդալով այս պատմությունը, կիմանաք, թե ինչո՞ւ մի օր շինարարության վրա աշխատող բանվորներին կարգադրեցին շտապ թաքնվել հարակից անտառում եւ ինչո՞ւ էր քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ստիպված ոչնչացնել իր հայտնի գորելյեֆի մի քանի հերոսների դեմքերը…

 

Ճարտարապետ Հրաչ Պողոսյան` նման կառույց Հայաստանը դեռ երկար ժամանակ չի ունենա

 

Համալիրի կառուցման համար փակ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցեցին 8 նախագծային կազմակերպություններ: Մրցույթի առաջադրանքում գրված էր, որ պետք է կառուցվի 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված սպորտի պալատ: Նման պալատներ ԽՍՀՄ մի քանի հանրապետություններում արդեն կային:

 

Սպորտի պալատ ասելով՝ պատկերացնում էին ծածկած դահլիճ, որտեղ կար հոկեյի դաշտ: Այդպիսի նախագիծ արեցինք՝ կլոր հատակագծով, 10 հազար հանդիսատեսի համար: Նախագծեր արվեցին մի քանի վայրերի, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի համար: Տարբերակներից մեկը այսօրվա Կասկադն էր, որն այն ժամանակ դեռեւս գոյություն չուներ: Նախագիծ էինք արել նաեւ Ազգային ժողովի հետեւի տարածքի համար: Քննարկումներից հետո կանգ առանք ներկայիս վայրի վրա:

 

Մեր «Հայպետնախագիծ» ինստիտուտը հաղթեց մրցույթում: Ինստիտուտի տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը հանձնարարեց շարունակել նախագիծը եւ ընդլայնել աշխատանքային խումբը: Խմբում ընդգրկվեցին ինքը Հակոբյանը՝ որպես ղեկավար, եւ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, ում հետ միասին նրանք աշխատել էին «Հրազդան» մարզադաշտի նախագծի վրա:   

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Նախագիծը մի քանի ամիս քննարկվում էր Երեւանում ու Մոսկվայում: Համալիրի շինարարության բյուջեն հաստատվեց 35 միլիոն ռուբլի: Մենք հասկանում էինք, որ դա բավարար չէ, սակայն Մոսկվայում մեզ «սեղմում էին»: Նույն տարիներին «Լուժնիկի» մարզադաշտի կառուցման համար ԽՍՀՄ Պետպլանը տրամադրել էր 100 մլն ռուբլի:

 

Քննարկումների արդյունքում որոշվեց արագացնել նախագծման գործընթացը: Այս նպատակով մեզ գործուղեցին Դիլիջան՝ «Горная Арменè»ия» հանգստյան տուն, մի քոթեջ տրամադրեցին եւ երկու ամիս ժամանակ, որպեսզի ավարտենք էսքիզային նախագիծը: 1976 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մնացինք այնտեղ՝ աշխատելով նախագծի վրա:

 

Կարողացանք համոզել ղեկավարությանը՝ Կարեն Դեմիրճյանին եւ Կորյուն Հակոբյանին, որ նպատակահարմար է կառուցել տրանսֆորմացվող դահլիճներ, որպեսզի դրանց օգտագործման հնարավորություններն ավելի շատ լինեն: Նախագիծն ավարտելուն պես մեզ այցելեցին Կարեն Դեմիրճյանը, Կորյուն Հակոբյանը եւ ԽՍՀՄ Պետշինի նախագահ Ֆոմինը: Նրանք հավանություն տվեցին նախագծին ու մենք վերադարձանք Երեւան եւ սկսեցինք աշխատել: Նախագծի կոնստրուկտորներն էին Իգորը Ծատուրյանը եւ Գրիգոր Ազիզյանը: Ստեղծվեց առանձին արվեստանոց, որտեղ հավաքագրվեց մոտ 40 հոգի:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Շինարարությունը վստահվեց «Հիդրոէներգոշին» կազմակերպությանը: Նախագիծը բավականին բարդ էր, քանի որ համալիրը ոչ թե շենք էր լինելու, այլ հսկայական մեխանիզմ: Դա էր պատճառը, որ նախագծման ժամանակ մեզ հետ համագործակցում էին ԽՍՀՄ տարածքում գտնվող մոտ 40 կազմակերպություններ:

 

Որոշել էինք կառուցել երկու դահլիճ, որոնք միանում էին պտտվող 1000 տեղանոց տրիբունայով, դա բերում էր կառույցը որոշակի ձեւի: Նախասրահը հարկավոր էր ընդհանրացնել: Այդ նպատակով սառցադաշտը բարձրացրինք վերեւ, եւ երկու ֆոյեները միացրեցինք իրար: Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ այսօր համալիրի նախասրահն օգտագործում են ավելի հաճախ, քան հենց դահլիճը: Մասնագետների եւ հոկեիստների վկայությամբ, մարզահամերգային համալիրի սառցադաշտը լավագույններից մեկն էր ԽՍՀՄ-ում:

 

Համալիրի շենքը երկու պաշտոնական բացում ունեցավ: Նախ՝ բացվեց սպորտային մասը, ավելի ուշ ՝ համերգայինը:

 

 

Մարզահամերգային համալիրի բացումը Երեւանում:

Տրամադրված է Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի ցուցադրության ցուցահանդեսների կազմակերպման եւ էքսկուրսիոն բաժնի կողմից:

 

Սպորտային մասի բացումը տեղի ունեցավ 1983 թ.-ին, երբ Երեւանը պետք է ընդուներ ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Բացումից 2 ամիս առաջ Մոսկվայից պատվիրակություն եկավ, ծանոթացավ շինարարության ընթացքին, եւ ասաց Կարեն Դեմիրճյանին, թե «չեք հասցնի, եկեք տեղափոխենք առաջնության անցկացման վայրը»: Կարեն Դեմիրճյանն էլ ասաց, որ «կհասցնենք» ու այդպես էլ եղավ: Սակայն առաջնությունը միեւնույն է անցկացվեց Մոսկվայում:   

Հայկական տրիումֆ
դոսյե
Հայկական տրիումֆ

Համերգային մասի բացումը տեղի ունեցավ 1984 թ.-ի հրդեհից հետո: Հրդեհը բռնկվել էր համերգային դահլիճում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Հրդեհից հետո Մոսկվայից հակահրդեհային պաշտպանության մասնագետներ եկան, ուսումնասիրեցին հրդեհի պատճառները: Վարկած կար, թե հրդեհը հատուկ էր կազմակերպվել: Մենք այդ մասին հարցրեցինք Դեմիրճյանին, բայց նա ասաց, որ հրդեհի պատճառը էլեկտրական սարքերից մեկի հետ էր կապված:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Համալիրի կառուցման տարիներին մարդկանց ոգեւորությունը շատ մեծ էր: Երկրորդ բացմանն ընդառաջ վարպետներն աշխատում էին երեք հերթափոխով: Բացման օրը ես մարդկանց հետ բարձրանում էի աստիճաններով, լսում էի նրանց խոսակցությունները: Այդ ոգեւորությունը դժվար է փոխանցել բառերով: Մարդիկ ցանկանում էին ամեն կերպ օգտակար լինել շինարարությանը, իսկ հրդեհի ժամանակ մարդիկ նաեւ արտասվում էին: 

 

Վստահ եմ, որ Մարզահամերգային համալիրի նման շինություն, որն ինքնատիպ է թե՛ ճարտարապետական, թե՛ շինարարության ծավալների, եւ թե՛ ֆունկցիոնալ իմաստով, Հայաստանը դեռ երկար ժամանակ չի ունենա:

 

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյան. Մոսկվան չէր հավատում, որ մենք նման համալիր կկառուցենք

 

Դեռ 1960-ական թվականների վերջին «Հայպետնախագիծը» հաղթող էր ճանաչվել տասը հազար տեղանոց Մարզահամերգային համալիրի կառուցման մրցույթում: Սակայն այդ նախագիծը չիրականացավ՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

 

1975 թվականին Հայաստանի կառավարությունը դիմեց Մոսկվային՝ Մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Հեղինակային խումբը մի քանի նախագիծ էր մշակել: Շատ բարդ կառույց էր, նմանակը չունեցող: Չնայած նրան, որ Մոսկվան հաստատել էր նախագիծը, միեւնույնն է, չէր հավատում, որ մեզ կհաջողվի  իրականացնել  այն: Հաշվարկները ստուգելու համար դիմեցին երկու անկախ էքսպերտային կազմակերպություններին՝ Մոսկվայում եւ Կիեւում:

 

Ութ ամիս տեւեց միայն նամակագրությունը, որի ընթացքում մանրամասնում էինք մեր բոլոր խիզախ կոնստրուկտորական քայլերը: Մոսկվայից մեզ ասում էին, որ այն, ինչ մենք նախագծել ենք, նրանք նախատեսում էին իրականացնել միայն 2 տասնամյակ հետո:

 

Այս կառույցի համար մեր ստեղծագործական խումբը ստացավ հեղինակային իրավունքի պատենտներ, այդ թվում՝ պտտվող բեմի նախագծման եւ կառուցման համար:

 

Կարեն Դեմիրճյանն ու Արթուր Թարխանյանը:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյան` ամբողջ գիշեր տաշում էինք արձանների դեմքերը

 

Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Հրաչ Պողոսյանի, Սպարտակ Խաչիկյանի հետ մենք արդեն համագործակցության փորձ ունեինք` միասին աշխատել էինք

Երիտասարդական պալատի ստեղծման վրա:

 

Մարզահամերգային համալիրը շատ «ծանր» օբյեկտ էր, որը հսկայական ճանապարհ անցավ: Համալիրի ստեղծման համար պետք է երախտապարտ լինենք նախեւառաջ Կարեն Դեմիրճյանին:

 

Գորելյեֆի էսքիզների վրա սկսել եմ աշխատել 1980թ.-ին, աշխատանքս ավարտել եմ 1984-ին: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի Գյուլբուլաղի տուֆից, թեման՝ Հայաստանը եւ մեր երկրի վերածնունդն է: Քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝60 մետր:  Ընդհանուր ֆիգուրների քանակը 330 է: 

 

Կենտրոնում պատկերված է Վահագնի ծնունդը, կողքերը՝ քոչարի պարը, երգչախումբ, գիտություն, բերքահավաք, առատություն, հեղափոխության ամբոխ…եւ այդ բոլորը միասին Հայաստանն է: Մի հատվածում պատկերել եմ մեր ստեղծագործական խմբի անդամներին. կենտրոնում Արթուր Թարխանյանն է, կողքին՝ Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, կոնստրուկտորներ Գրիգոր Ազիզյանը, Իգոր Ծատուրյանը եւ ես:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Մտածում էինք, թե ո՞ւմ քանդակենք ձախ հատվածում: Որոշեցի պատկերել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Համալիրի ստեղծման գործում` Կարեն Դեմիրճյանին, Ֆադեյ Սարգսյանին, Հրանտ Հայրապետյանին:

 

Բացումից մի քանի օր առաջ մեկնել էի Լենինական, երբ ինձ հանկարծ երկու միլիոցիոներներ մոտեցան եւ ասացին, որ շտապ գնամ Լենինականի քաղաքապետ Դոնարա Հարությունյանի մոտ: Նա էլ ասաց, որ ինձ փնտրում են ու ես պետք է շտապ վերադառնամ Երեւան: Երեւանում ինձ սպասում էին Ֆադեյ Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը: Նրանք ասացին, որ պետք է քանդեմ իրենց պատկերող քանդակների դեմքերը, քանի որ «մեծ քաղաքը» դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ: Շատ հուզվեցի, չէի ուզում քանդել, սակայն ստիպված էի: Ամբողջ գիշեր ընկերոջս՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հետ տաշում էինք արձանների դեմքերը:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Բացումից մի քանի ամիս հետո ինձ կանչեցին Կենտկոմ՝ երկրորդ քարտուղար Գենադի Անդրեեւի մոտ: Ներս մտա, նա ինձ շատ ջերմ ընդունեց: Նստած էր նաեւ Կարեն Ղամբարյանը եւ 3-4 ռուսներ: Նրանք սկսեցին ինձ գովել, ասացին, որ շատ են հավանել գորելյեֆը: Վերջում հանկարծ հարցրեցին :”А Карен Серобович знал, что вы ваяете его фигуру?”:  Պատասխանեցի, որ այո, տեղյակ էր: “А он вам позировал?” Պատասխանեցի, որ ոչ, լուսանկարից եմ քանդակել:  Հասկացա, որ Դեմիրճյանին ուզում էին մեղադրել “культ личности”-ի համար: Մի քանի ամիս անց դեպքը կրկնվեց, Մոսկվայից ժամանեց մի խումբ, ինձ կրկին կանչեցին եւ սկսեցին հարցաքննել, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց Կարեն Սերոբովիչին առաջադրել այդ անհիմն մեղադրանքները: Ի դեպ, նախատեսվում էր նաեւ շատրվանները զարդարել քանդակներով, սակայն ամեն ինչ արեցին, որ այդ մտահղացումը չիրականանա: Ենթադրում էին, որ ցանկանում ենք կառուցել «Каренгоф» (ակնարկելով Պետերգոֆի անվանումը):

 

Համալիրի կառուցումը հեշտ չէր: Խանգարող հանգամանքները շատ էին, այդ թվում՝ ֆինանսական խնդիրները: Ի սկզբանե բյուջեն սահմանափակ էր: Մի ժամանակահատված եղավ, երբ Համալիրի կառուցման գործընթացը լիովին սառեցվել էր: Ֆինանսական խնդիրների պատճառով Մոսկվայի որոշմամբ կոնսերվացիաի էին ենթարկվել ՍՍՀՄ-ի տարածքում կառուցվող բոլոր նման օբյեկտները: Դեմիրճյանն ասաց, որ մենք կանգ չենք առնի եւ կշարունակենք մեր գործը: Շուտով մեզ մատնեցին եւ Մոսկվան, առանց Հայաստանի կառավարությանը զգուշացնելու, հանձնաժողով ուղարկեց՝ իրավիճակը զննելու նպատակով: Սակայն հանձնաժողովի՝ Երեւան ժամանելուն պես, օդանավակայանի տնօրինությունը կապվեց Ֆադեյ Սարգսյանի հետ եւ տեղեկացրեց, որ «հյուրեր» են սպասվում: Նա էլ անմիջապես կարգադրեց, որ համալիրում գտնվող  բոլոր բանվորները թաքնվեն անտառում՝ մինչեւ հանձնաժողովի մեկնելը: Եթե ինչ-որ մեկը այդ պահին անտառ մտներ, կմտածեր, որ հայտնվել է պարտիզանների մասին ինչ-որ կինոնկարում:

 

Կարեն Դեմիրճյանը, Ֆերդինանդ Առաքելյանը եւ Ֆադեյ Սարգսյանը:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Հանձնաժողովի անդամների զարմանքը բավականին մեծ էր, երբ սպասված «եռացող» աշխատանքի փոխարեն նրանք ամայի շինհրապարակ տեսան: 

 

Հետագայում, Դեմիրճյանը մեկնեց Մոսկվա, որտեղ նրան հաջողվեց ստանալ ոչ միայն աշխատանքը շարունակելու թույլտվությունը, այլեւ լրացուցիչ ֆինանսական  միջոցներ:

 

Համալիրի բացումը շատ տոնական էր եւ հանդիսավոր: Բացումից առաջ Կարեն Դեմիրճյանն անձամբ ստուգեց հրավիրվածների ցանկը եւ շատ բարկացավ, երբ տեսավ, որ այնտեղ չեն ընդգրկվել վարպետների անունները: Անմիջապես հրամայեց ավելացնել:

 

Ռիմա Դեմիրճյան` թոշակառուների խնդրում էին ընդունել իրենց թոշակները Համալիրի վերականգման համար

 

Հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի բնակարանը գտնվում էր Կիեւյան փողոցի վրա՝ մարզահամերգային համալիրի հարեւանությամբ: Նա պատմում էր, որ յուրաքանչյուր առավոտ անպայման պետք է դուրս գար պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում: Այդ առավոտ նա դուրս եկավ պատշգամբ եւ տեսավ Համալիրի շենքը՝ կրակով պատված: Անմիջապես վերցրեց ֆոտոխցիկն ու լուսանկարեց:

 

Լուսանկարը` Ն. Շլեփչյանի, Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Հրդեհից հետո շատ քաղաքացիները՝ թոշակառուներ, երիտասարդներ, ուսանողներ,  սկսեցին նամակներ ուղարկել, որտեղ հայտնում էին իրենց պատրաստակամությունը օգնել թե՛ գումարով, թե՛ աշխատանք կատարելով: Անձամբ ես կարդացել եմ մոտ 200 այդպիսի նամակ: Դրանք հնարավոր չէր ընթերցել առանց հուզվելու: Նամակներում մարդիկ պատրաստակամություն էին հայտնում Համալիրի վերականգնման աշխատանքների համար տրամադրել իրենց մեկ ամսվա ողջ ընտանեկան բյուջեն: Ամենաազդեցիկը այն թոշակառուների նամակներն էին, որոնք խնդրում էին չմերժել ու ընդունել մեկ, կամ մի քանի ամսվա թոշակը:

 

Կարեն Դեմիրճյանը համալիրի հրդեհի ժամանակ:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Կարեն Դեմիրճյանը Համալիրի հետ կապված շատ ծրագրեր ուներ: Նա ցանկանում էր, որ սառցադաշտից օգտվելը հասանելի լինի բոլոր երեխաների համար, բայց միեւնույն ժամանակ գիտակցում էր, որ այդքան օգտագործվելուց այն շատ արագ շարքից դուրս կգա: Մտահղացում ուներ երկրորդ սառցադաշտը կառուցելու մասին:

 

Դեմիրճյանի նախաձեռնությամբ ընդլայնվեց  սպորտային դահլիճի բեմը, որը նախնական տարբերակում բավականին նեղ էր ստացվել:

 

Համալիրի կառուցման համար երեք վայր էր քննարկվում: Դեմիրճյանի որոշմամբ համալիրը կառուցվեց հենց Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ: Շատերն ասում էին, թե ինչպե՞ս կարելի է զվարճանքի կենտրոն կառուցել սգո հուշարձանի հարեւանությամբ: Իսկ Դեմիրճյանը պատասխանում էր, որ պետք է ցույց տանք աշխարհին, որ չնայած մեր ժողովրդի բոլոր տառապանքներին, մենք վերակենդանացել ենք ու շարունակում ենք ստեղծագործել:

 

Համալիրի սպասարկման ծառայության պետ Ցոլակ Սարգսյան` անծանոթ մարդիկ իրենց օգնությունն էին առաջարկում

 

Ապրում եմ Համալիրի մոտակայքում եւ շինարարության ողջ գործընթացը աչքիս առաջ էր: 28 տարեկան երիտասարդ էի, երբ որոշեցի մասնակցել շինարարական աշխատանքներին:

 

Համալիրն ի սկզբանե համազգային նշանակության կառույց էր: Աշխատանքը գնում էր 24 ժամ: Անծանոթ մարդիկ գալիս իրենց օգնությունն էին առաջարկում: Իսկ Դեմիրճյանը բոլոր աշխատողներին անձամբ ճանաչում էր: Դեմիրճյանի կողմից ընտրված տեղը վիճաբանության առարկա էր դարձել: Բազմաթիվ մարդիկ դեմ էին, որ համալիրը կառուցվի Մեծ Եղեռնի հուշահամալիրի հարեւանությամբ: Իսկ Դեմիրճյանն ասում էր, որ եթե մինչ այդ Ծիծեռնակաբերդը սգո վայր էր, ապա Համալիրիցի կառուցումից հետո խորհրդանշելու է մեր ազգի վերածնունդը:

 

Առաջին պաշտոնական միջոցառումը Համալիրում պետք է լիներ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, սակայն որոշակի խնդիրների պատճառով այն տեղի չունեցավ:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

1984 թվականին համալիրում հրդեհ բռնկվեց: Համերգային դահլիճի վերեւի մասում ամրացված լույսերի վրա պաշտպանիչ շերտ չկար ու հնարավոր է, որ հրդեհի պատճառ դարձավ լամպերից ընկած կայծը: Ամբողջ դահլիճը վառվեց: Կրակը մոտեցել էր նաեւ սպորտային դահլիճին:

 

Ո՞ւմ է պատկանում Համալիրն այսօր

 

Տարիներ առաջ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» սեփականաշնորհվեց «ԲԱՄՕ Մետալ» ընկերության կողմից, որի ղեկավարության հետ կապվելու մեր բոլոր փորձերը ապարդյուն էին:

 

Ինչպես տեղեկանում ենք «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի պաշտոնական կայքից, համալիրը ընկերությանը վաճառվել է ՀՀ կառավարության 2005 թ.-ի որոշմամբ:

 

«2005 թ.-ի սեպտեմբերից մինչեւ այսօր «ԲԱՄՕ» ընկերության կողմից իրականացվում են համալիրի շինմոնտաժման աշխատանքներ, անցկացվել է գազախողովակ, կառուցվել է կաթսայատուն, արդիականացվել է օդափոխման համակարգը, ճերմակեցվել են մարմարյա հատակները, վերանորոգվել են ներքին եւ արտաքին  հեռահաղորդակցության համակարգերը»,- ասված է ընկերության կայքում:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

2012 թ. դեկտեմբերին «168 ժամ» թերթը գրեց, որ «մարզահամերգային համալիրն այս պահին փոքր-ինչ անհասկանալի կարգավիճակում է»: Թերթը տեղեկացրել էր, որ «ԲԱՄՕ» սեփականատերեր Մուրադյան եղբայրների միջեւ տարաձայնություններ են առաջացել, ու գրեթե երկու տարի է, ինչ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

 

«Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ կառավարությունը գումարը հատկացրել է Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Մուրադյաններից Բորիս Մուրադյանը հաստատել էր նման գործարքի գոյության փաստը», - գրել էր «168 ժամ»-ը:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ռիմա Դեմիրճյանին եւ Կարեն Դեմիրճյանի թանգարանի աշխատակիցներին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին