Ներկայացվել են Երեւանի տրանսպորտի նոր ցանցի տարբերակները - Mediamax.am

33088 դիտում

Ներկայացվել են Երեւանի տրանսպորտի նոր ցանցի տարբերակները


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Վահե Նիկոյանը
Վահե Նիկոյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները» եւ «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղեւորահոսքերի»  ընտրանքային կրկնողական ուսումնասիրության հաշվետվությունները։

 

Հաշվետվությունների հիմնական առաջարկները վերաբերել են առկա երթուղիների թվի մինչեւ երեք անգամ կրճատմամբ Երեւանի գործող երթուղային ցանցի օպտիմալացմանը։ Հաշվետվությունները նաեւ սահմանում են առանձնացված ավտոբուսային գծերի եւ կանգառահատվածների համար նոր չափորոշիչներ։

 

Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն աշխատանքային խմբում ներգրավված ՀՀ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ չափորոշիչների կիրառելիության եւ իրագործելության վերաբերյալ ներկայացնել մասնագիտական գնահատական։

 

«Մեզ անհրաժեշտ է ունենալ բովանդակային քննարկում եւ հանգամանորեն ուսումնասիրել խորհրդատուի ներկայացրած նախնական առաջարկները։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիմնված են խորքային ուսումնասիրությունների վրա, սակայն այս հարցում մենք չենք կարող հիմնվել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս էլ պետք է եւս մեկ անգամ, լրացուցիչ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է։ Մենք սկսել ենք բավականին պատասխանատու գործընթաց, որից ակնկալվող արդյունքի արդյունավետությունը մեծապես կախված է մեր կառուցողական ու ակտիվ քննարկումներից, ինչը եւ ակնկալում եմ բոլորից», - ասել է Վահե Նիկոյանը։

 

Մինչեւ այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է եւս երկու հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ՝ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին