Երեւանի երթուղային նոր ցանցը լրամշակվում է - Mediamax.am

13208 դիտում

Երեւանի երթուղային նոր ցանցը լրամշակվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացել է Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաեւ ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։

Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին՝ ցանցի վերանայման եւ լրամշակման համար։

«Երեւանի քաղաքապետարանը՝ որպես գործընթացի նախաձեռնող եւ խորհրդատու կազմակերպության առջեւ հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաեւ դիտարկումներ Ուղեւորափոխադրողների միությունից եւ Ճանապարհային ոստիկանությունից, որոնք եւս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին»,- նշել է Վահե Նիկոյանը:

 

Նա ընդգծել է, որ խորհրդատուին ներկայացված դիտարկումները վերաբերել են որոշ փողոցների թողունակությանը, մի քանի հատվածներում ցանցի անբավարար ծածկույթին, ինչպես նաեւ՝ կանգառների նպատակահարմարությանը։

Տրանսպորտի նոր ցանցի՝ խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին