Վրաստանը ծառայում է իր քաղաքացիներին - Mediamax.am

Վրաստանը ծառայում է իր քաղաքացիներին
8820 դիտում

Վրաստանը ծառայում է իր քաղաքացիներին


Որպեսզի ինձ չմեղադրեն Վրաստանի նկատմամբ անթաքույց սիրահարվածության համար, կպատմեմ միայն աչքերիս տեսածը: Իմ խոսքերը կհաստատեն հայաստանցի հազարավոր ավտոսիրողներ, ովքեր իրենց մեքենան գնել են հարեւան երկրից:


(Լուսանկարը` Իլյա Վառլամովի եւ Դմիտրի Չիստոպրուդովի)

Երեք օր առաջ օտարերկրյա մի շարք գործընկերներիս հետ Ռուսթավիում էի: Այնտեղ է գտնվում Վրաստանի ամենամեծ ավտոշուկան: Իրականում ավտոշուկաները հինգն են, ինչը դրանց միջեւ մրցակցություն է ստեղծում: Մեկը առաջարկում է վաճառվող մեքենաների տեխզննում, մյուսը` մեքենայի տեղադրումը կայքում, երրորդը` մատչելի պայմաններ: Ավտոշուկան Թբիլիսիից մոտ 30 կմ հեռավորության վրա է, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին մոտ, հսկայական հարթավայրում, ու չնայած հազարավոր մեքենաների առկայության, չկա ոչ մի հրմշտոց, խցանում, անկանոն կանգառած մեքենա եւ մեր իրականությանը ծանոթ բազմաթիվ այլ երեւույթներ:


(Լուսանկարը` Իլյա Վառլամովի եւ Դմիտրի Չիստոպրուդովի)

Կարելի է ասել, որ մեքենա ընտրելն ամենաերկար գործընթացն է: Որովհետեւ մնացածը, այսինքն` մեքենայի առքուվաճառքը, ձեւակերպումը, ծառայությունների համար վճարումը, պլաստիկ տեխգրքույկի տպելը եւ նույնիսկ պետհամարանիշի ընտրությունը եւ պատրաստումը կատարվում է ընդամենը 15 րոպեում եւ նույն վայրում: Դա երկհարկանի մեծ շինություն է, որտեղ ոստիկանությունը մատուցում է իր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ քաղաքացիներին, այդ թվում` Հայաստանի:


(Լուսանկարը` Իլյա Վառլամովի եւ Դմիտրի Չիստոպրուդովի)

Գործընթացը շատ պարզ է, ամենուրեք ցուցանակներ են, դահլիճի կենտրոնում տաղավարներ են, որտեղ բարեհամբյուր կին-աշխատակիցները րոպեների ընթացքում ձեւակերպում են գործարքը: Հարեւանությամբ բանկի մասնաճյուղի բազմաթիվ պատուհաններն են, որտեղ կարելի է վճարումներ կատարել: Կանգնակների վրա ցուցադրված են արդեն պատրաստի, ոչ “գոլդ” պետհամարանիշներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ձերը դառնալ: Դրանց գինը մտնում է ընդհանուր ծառայությունների արժեքի մեջ, որը կազմում է մոտ 50$ /առուվաճառք, տեխգրքույկ, ձեւակերպում, պետհամարանիշ/: Իսկ եթե սովորական պետհամարանիշը ձեզ չի գոհացնում, ապա հարեւանությամբ գտնվող հատուկ համակարգչի միջոցով դուք կարող եք ընտրել տառերի եւ թվերի ձեր նախընտրած կոմբինացիան եւ անմիջապես իմանալ դրա գինը: Նվազագույն արժեքը մոտ 90$ է, առավելագույնը` 10 000 լարի /մոտ 6000$/: Վճարումը կատարվում է տեղում, պետհամարանիշը պատրաստվում է հարեւանությամբ գտնվող արտադրամասում, ամբողջ գործընթացը բացարձակ թափանցիկ է եւ տեւում է 15 րոպե: Երջանիկ ավտոտերերը մեկնում են պատրաստի պետհամարանիշով եւ տեխգրքույկով, ցանկության դեպքում` նաեւ վարորդական իրավունքով:


(Լուսանկարը` Իլյա Վառլամովի եւ Դմիտրի Չիստոպրուդովի)

Բանն այն է, որ այդ գործընթացն էլ գրեթե ավտոմատացված է: Թեկնածուն վճարում է մոտ $ 33, մտնում համակարգչային լսարան, ութ լեզուներից մեկով, այդ թվում` հայերեն, համակարգչի միջոցով թեստ հանձնում եւ հաջողության դեպքում ստանում է մեքենա վարելու պրակտիկ հմտությունների քննության չորս փորձի իրավունք: Այդ քննությունը անց է կացվում հարեւանությամբ գտնվող հատուկ հրապարակում: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ հայաստանյան կարգն այս առումով ավելի լիբերալ է, քանզի մեզ մոտ քննություն կարող ես հանձնել քո սեփական մեքենայով, որը կարող է հագեցած լինել ավտոմատ փոխանցման տուփով: Մինչդեռ Վրաստանում մեքենաները միանման են, դրանք տրամադրում է ոստիկանությունը, իսկ փոխանցման տուփը միայն մեխանիկական է: Ցավոք սրտի, սա մեր միակ առավելությունն է…


(Լուսանկարը` Իլյա Վառլամովի եւ Դմիտրի Չիստոպրուդովի)

Երեւի ավելորդ է ասել, որ քննությունը հաղթահարելու դեպքում վարորդական իրավունքի պլաստիկ վկայականը տպվում է տեղում մի քանի րոպեների ընթացքում:

Նրանք, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ առնչվել են ավտոմեքենայի մաքսազերծման, ձեւակերպման, առուվաճառքի կամ վարորդական իրավունք ստանալու հայրենական համակարգերին, ինձ հրաշալի կհասկանան: Իսկ նրանց, ում նման “բախտ” չի վիճակվել, խորհուրդ կտամ մի օր մտնել երեւանյան համանման գրասենյակներից մեկը. դուք կիմանաք, թե մոտավորապես ինչպիսի տեսք ունի դժոխքը:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին