Սփյուռքի նախարարության լուծարումը վաղաժամ է եւ վտանգավոր - Mediamax.am

Սփյուռքի նախարարության լուծարումը վաղաժամ է եւ վտանգավոր
5652 դիտում

Սփյուռքի նախարարության լուծարումը վաղաժամ է եւ վտանգավոր


Ես, ընդհանուր առմամբ, լիովին ողջունում եմ իշխանության ծրագրերը, որոնք ուղղված են կառավարության աշխատանքի օպտիմալացմանը, աշխատակազմի ու նախարարությունների թվաքանակի կրճատմանը, «բալաստից» ազատվելուն եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, պետական ոլորտում փորձառու մասնագետներ ներգրավելու համար պայմանների ստեղծմանը: Սակայն, նման քայլերը պահանջում են խելամիտ մոտեցում, որոշումների հստակ հիմնավորում, գործողությունների ծրագիր, ակնկալվող արդյունքների գնահատական: Կտրուկ եւ հապճեպ քայլերը կարող են հանգեցնել հակառակ արդյունքի, հատկապես երբ դրանք վերաբերում են Սփյուռքի հետ հարաբերություններին: Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Սփյուռքում առաջին անգամ 25 տարվա ընթացքում երկար սպասված դրական ակնկալիքներ եւ վստահություն է ձեւավորվել Հայաստանի իշխանությունների հանդեպ, հնարավորություն է ի հայտ եկել հասցնել այս հարաբերությունները որակապես նոր մակարդակի: 

 

Ուզում եմ նշել չորս հիմնական պատճառներ, թե ինչու եմ Սփյուռքի նախարարության լուծարումը եւ վերակազմավորումն այս պահին վաղաժամ եւ վտանգավոր համարում: 

 

1. Սփյուռքի հետ աշխատելու կառավարության նոր ռազմավարության բացակայությունը: Ընդամենը 2018 թ. դեկտեմբերին հրապարակվեց Սփյուռքի քաղաքական ռազմավարության հայեցակարգի նախագիծը, որին, կարծում եմ, առավելագույնը կարող է տրվել «որոշ մտքեր Սփյուռքի հետ աշխատանքի առաջնահերթությունների մասին» վերնագիրը: Կա նաեւ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ համառոտ ներկայացված են Սփյուռքի հետ աշխատանքի 7 բավականին հավակնոտ առաջնահերթությունները: 

 

2. Սփյուռքի հիմնական կազմակերպությունները եւ Հայաստանի ու Սփյուռքի  փորձագետները, ինչպես նաեւ նախարարության աշխատակիցները փաստացի դուրս են մղված Սփյուռքի հետ համագործակցության նոր պետական ռազմավարության մշակման եւ օպտիմալ ինստիտուցիոնալ լուծումների որոնման գործընթացներից: Սա, թերեւս, ամենավտանգավոր բացթողումներից մեկն է, որը հղի է լուրջ երկարաժամկետ հետեւանքներով: Նախորդ իշխանություններին մշտապես քննադատում էին այն պատճառով, որ Սփյուռքի հետ երկխոսության իմիտացիա են ստեղծում, փորձում էին միակողմանի ձեւավորել Սփյուռքի հետ հարաբերությունների օրակարգը՝ վերջինիս տրամադրելով նվազագույն քաղաքական իրավունքներ: Ուզում եմ հիշեցնել, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ինչպիսի ճգնաժամի հանգեցրեց 2008 թ-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացի միակողմանի մեկնարկը՝ առանց ՀՀ երրորդ նախագահի կողմից Սփյուռքի հիմնական կազմակերպությունների տեսակետները հաշվի առնելու եւ նրանց հետ նախնական խորհրդակցությունների: Արժի հիշել նաեւ, որ Սփյուռքի նախարարության ստեղծումը եւ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը տեղի ունեցան միայն անկախության վերականգնումից 15 տարի անց:

 

3. Հաշվի չեն առնվել բենեֆիցիարների կարծիքները: Սփյուռքի նախարարությունը Հայաստանի միակ պետական հաստատությունն է, որի «հաճախորդները» հիմնականում արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն ու Սփյուռքի կազմակերպություններն են: Ավելին՝ առկա ծրագրերի արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել, հաշվի առնելով այն, որ նախարարության ընդհանուր տարեկան բյուջեն չնչին է եւ կազմում է շուրջ $2 մլն (բյուջեի ծախսերի 0.1% -ը)՝ ներառյալ 80 աշխատակիցների աշխատավարձը: Սփյուռքի տեսակետն արհամարհվել էր նաեւ եւս մեկ երկարամյա պահանջի պարագայում՝ հայրենադարձների եւ սփյուռքահայ մասնագետների լայն ընդգրկվածությունը նախարարության անձնակազմի բոլոր մակարդակներում՝ ներառյալ նախարարի պաշտոնը։ 

 

4. Արժեքավոր մասնագետների կորստի վտանգը: Հապճեպ որոշումները, Ամանորի նախաշեմին «անակնկալի» անսպասելիությունը եւ ձեւը, փոփոխությունների իրականացման ակնկալվող չափազանց կարճ ժամանակահատվածը, ինչպես նաեւ աշխատակիցների համար այլընտրանքային աշխատանքի կամ վերապատրաստման ծրագրի բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն նրան, որ առավել փորձառու եւ պրոֆեսիոնալ կադրերը կհեռանան նախարարությունից դեռեւս մինչ այն, երբ կառավարությունը կկողմնորոշվի Սփյուռքի հետ աշխատելու ծրագրերի եւ նոր ձեւաչափի հարցում: Ուզում եմ հիշեցնել, որ սա յուրահատուկ ոլորտ է, որտեղ անհնար է արագորեն դառնալ մասնագետ: 

 

Դեռ ուշ չէ այս ուղղությամբ լուրջ աշխատանք սկսել: Շատ հնարավոր է, որ օպտիմալ լուծում կլինի մի քանի հաստատությունների առկայությունը, որոնք պատասխանատու կլինեն Սփյուռքի հետ աշխատանքների համար: Ընդ որում, բացարձակապես պարտադիր չէ, որպեսզի դրանք ունենան նախարարության կամ պետական գործակալության կարգավիճակ: Ծրագրերի մի մասը կարող է իրականացվել պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունավետ մեխանիզմների միջոցով: Սակայն այդ փուլին դեռեւս պետք է հասնել, իսկ մինչ այդ ավելի կարեւոր է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով:

 

Վարդան Մարաշլյանը RepatArmenia հիմնադրամի համահիմնադիրն է եւ տնօրենը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին