«Համաշխարհային ազգի» մանր բարդույթները - Mediamax.am

«Համաշխարհային ազգի» մանր բարդույթները
7610 դիտում

«Համաշխարհային ազգի» մանր բարդույթները


Մենք սիրում ենք ասել, որ փոքր երկիր ենք, բայց մեծ ազգ: Երբեմն էլ մեզ «համաշխարհային ազգ» ենք անվանում: Ասում ենք ու հաճույք ստանում այդ բառերից: Բայց հենց սկսում ենք քայլեր ձեռնարկել, որոնք փոքր-ինչ մոտեցնում են այդպիսի ազգ լինելուն, գլուխ են բարձրացնում ներքաղաքական պայքարը եւ մանր բարդույթները:

Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանցոց խումբը մեկնել է Հալեպ:

Նախապատրաստվող առաքելության վերաբերյալ հայտնի էր վաղուց, դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին այդ մասին մանրամասն զրուցել էինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Նախկին իշխանության որոշ ներկայացացուցիչներ ահազանգում են, որ «բանակը, մեր զինվորականները չպետք է խաղաթուղթ լինեն արկածախնդիր վարչապետի ձեռքերում»։

Իհարկե, կարելի է վիճել, թե որքանով է ընդունելի Սիրիա մեկնած մասնագետների խումբը նույնականացնել բանակի հետ, բայց դա ամենակարեւոր հարցը չէ: Մեզ ասում են, որ խումբը Սիրիա մեկնել է գործող օրենսդրության խախտմամբ, իսկ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ բոլոր ընթացակարգերը պահպանվել են: Հետո վերցնում են ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, որ Հայաստանը առաջինն է արձագանքել Սիրիային մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի կոչին եւ դա ներկայացնում են որպես ապացույց այն բանի, որ որոշումը իբր «ստիպված» ենք կայացրել:

Պահանջում են ներկայացնել սիրիական կողմի դիմումը՝ մարդասիրական օգնություն հայցելու մասին: Կարծում եմ, որ լրագրողական էթիկան խախտած չեմ լինի, եթե ասեմ, որ երբ սեպտեմբերին հարցազրույց էի վերցնում պաշտպանության նախարարից, նա ինձ ցույց է տվել իր սիրիացի պաշտոնակցի նամակը:

Փետրվարի 9-ին, կամա թե ակամա, ՀՀԿ-ին միացավ «Սասնա Ծռեր» կուսակցությունը, որի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.

«Ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման եւ նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը…»:

Կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ Սիրիա մասնագետներ ուղարկելու որոշումը Հայաստանը կայացրել է եթե ոչ Ռուսաստանի առաջարկով, այլ առնվազն՝ վերջինիս հետ սերտ համագործակցելով: Երբ դրան հակադրվում է «Սասնա Ծռեր»-ը, դա հասկանալի է, հաշվի առնելով այդ կուսակցության արտաքին քաղաքական գիծը: Բայց երբ դեմ է արտահայտվում ՀՀԿ-ն, որը ներկայիս իշխանություններին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, դա առնվազն տարօրինակ է:

Բայց անգամ դա ամենակարեւորը չէ: Կարեւորն այն է, որ այս բանավեճից դուրս են մնում Հալեպում մնացած մեր մոտ 15 հազար հայրենակիցները, որոնց օգնելու են մեկնել են հայաստանցի մասնագետները: Մենք անգամ չենք գիտակցում, թե որքան վիրավորական է այդ մարդկանց համար կարդալ այն, ինչ գրվում է այս օրերին: Ստացվում է, որ այդ մարդիկ արժանի չե՞ն օգնություն ստանալ հայրենիքից:

Միթե չե՞նք հասկանում, որ Ցեղասպանությունից 100 տարի անց Սիրիա ենք վերադառնում օգնելու Ցեղասպանության ժառանգներին, ինչպես նաեւ նրանց, ում տատերն ու պապերն օգնել են հայերին ոչ միայն ապրել իրենց հողում, այլեւ դա անել՝ հայ մնալով:

Մենք կարծես մոռացել ենք, որ 2014 թվականի սեպտեմբերին «Իսլամական պետության» զինյալները սարսափելի սրբապղծություն գործեցին՝ պայթեցնելով
Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ պահվում էին սիրիական անապատներում զոհված հայերի մասունքները: Մենք կարծես մոռացել ենք, որ 2014 թվականի նոյեմբերին «Իսլամական պետությունր» գրավեց հայերով բնակեցված Քեսաբը: Ի դեպ, հիշեցնեմ, որ այդ ժամանակ քիչ չէին մարդիկ, որոնք, փրփուրը բերաններին, պնդում էին, որ Հայաստանը պետք է իր զինվորականներին ուղարկի Քեսաբ:

Այսօր Հայաստանը ներկայություն է հաստատում Սիրիայում, որպեսզի օգնի իր քույրերին եւ եղբայրներին: Այո՛, մենք դա անում ենք Ռուսաստանի միջոցով եւ օգնությամբ: Ռուսաստանը մեր դաշնակիցն է՝ սա փաստ է, անկախ վեր վերաբերմունքից: Եվ չի լինում այնպես, որ երբ «հարմար» է, դաշնակից է, իսկ երբ «հարմար չէ»՝ դաշնակից չէ: Ու եթե մեր դաշնակցի առջեւ դաշնակցային պարտավորությունները կատարելով՝ նաեւ օգնում ենք մեր հայրենակիցներին ու ներկայություն ենք ամրագրում Միջին Արեւելքում, դա լավ է:

Արդեն մի քանի տարի է, ինչ խաղաղապահներ ունենք Լիբանանում, հիմա ներկայություն կունենանք նաեւ Սիրիայում: Քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ չեն կարող չհասկանալ այդ ներկայության կարեւորությունը: Ավելին, այդ ներկայությունը պետք է տարածել ու ամրապնդել: Տասնամյակներ շարունակ խոսում ենք այն մասին, որ Երուսաղեմում հսկայական նյութական եւ հոգեւոր ժառանգություն ունենք, որին, ըստ էության, «տիրություն չենք» անում: Քանի դեռ Իսրայելում դեսպանություն չունենք, այդ ժառանգությունը պահում են միայն Հայոց Պատրիարքարանը եւ Հայաստանից մեկնող այն երիտասարդ ճեմարանականները, որոնք, պարբերաբար, ստիպված են լինում ձեռնամարտի բռնվել հույն հոգեւորականների հետ:

Գո՞հ է Ամերիկան, որ մենք խումբ ենք ուղարկել Սիրիա: Իհարկե, գոհ չէ: Բայց Ամերիկան նաեւ գոհ չէ այն փաստից, որ Երեւանից Թեհրան կանոնավոր թռիչքներ են իրականացվում եւ տեւական ժամանակ է, ինչ փորձում է փակել այդ երթուղին:

Չենք փակում, չէ՞:

Նրանց, ովքեր պնդում են, թե Սիրիա խումբ ուղարկելով, «խախտում ենք բալանսը», պարզապես հիշեցնեմ, որ Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հետխորհրդային պետությունների շարքում Հայաստանը խաղաղապահների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում: Ասեմ ավելին՝ Հայաստանը 39 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը, Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով եւ առաջ է անցնում Խորվաթիայից, Հունգարիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, որոնք բոլոր ՆԱՏՕ-ի անդամներ են:

Երբ կա հնարավորություն պաշտպանել մեր ազգային շահը՝ դուրս գալով Հայաստանի սահմաններից դուրս, դա պետք է անել: Հենց այսպես են «համաշխարհային ազգ» դառնում: Քայլ առ քայլ: Միգուցե այդ քայլերը տասնամյակներ կպահանջեն: Բայց այդ քայլերն են, որոնք նվազեցնում են
նորից Դեր Զորում նահատակի կարգավիճակով  հայտնվելու հավանականությունը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին