Անհատույց տարածքներն ու «խեղճ» մեդիան - Mediamax.am

Անհատույց տարածքներն ու «խեղճ» մեդիան
3078 դիտում

Անհատույց տարածքներն ու «խեղճ» մեդիան


Երեւանի քաղաքապետարանը փետրվարի 26-ին հաղորդագրություն տարածեց՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե քաղաքապետի որոշմամբ ««Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցների «վտարում են Բուզանդի 1/3 շենքում զբաղեցրած տարածքից»: Քաղաքապետարանը նախ հայտնեց, որ «որեւէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, որեւէ լրատվամիջոցի, զբաղեցրած տարածքից վտարելու մտադրություն չունի»: Հետո հավելեց.

«Քաղաքի իշխանությունն այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Որովհետեւ, օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձեւեր եւ պայմաններ»:

Փետրվարի կեսերին նամակ էր ստացել նաեւ Իսահակյան 28 հասցեում
տեղակայված մի լրատվամիջոց, որն այդ շենքում 20 տարի անհատույց հիմունքներով չորս սենյակ է զբաղեցնում արդեն 20 տարի՝ ամսական որպես սպասարկման գումար 100 հազար դրամ վճարելով: Մեկնաբանելով ստացված նամակը՝ լրատվամիջոցի ղեկավարն ասել էր.

«Ուրիշ բան է` եթե իրենք գան, ասեն՝ պետության համար ձեր չորս սենյակը մեզ շատ է անհրաժեշտ, եւ ձեզ նույն հիմունքների վրա տալիս ենք ինչ-որ տեղ մամուլի շենքում: Խոսեցի պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետի հետ, չեմ հիշում նրա ազգանունը, ասեցի՝ բա ի՞նչ անենք, գնանք ավտոտնակ վարձե՞նք, ասում է՝ ինչ ուզում եք արեք, գնացեք ավտոտնակ վարձեք: Սա ցինիզմի աստիճան է»:

Սիրելի, հարգելի գործընկերներ: Ի՞նչ ցինիզմի մասին է խոսքը: Դուք ո՞ր դարում եք ապրում: Հասուն մարդիկ եք, ձեր լրատվամիջոցը տասնամյակների պատմություն ունի, բայց մինչեւ հիմա անկեղծորեն հավատում եք, որ ձեր գոյության խնդիրը պիտի պետությո՞ւնը լուծի: Ո՞ր տրամաբանությամբ: Ինչո՞ւ պետք է Մեդիամաքսը 20 տարի տարածք վարձակալի՝ դրան ուղղելով իր հասույթի զգալի մասը, իսկ դուք պետք է անհատույց տարածք վարձակալեք: Անկեղծ չեմ հասկանում:

Կամ պետությունը պետք է չափորոշիչներ սահմանի եւ դրանց համապատասխանող բոլոր մեդիաներին անհատույց տարածք տրամադրի, կամ պետք է հոգ տանի միայն պետական, մանկական եւ ազգային փոքրամասնությունների մեդիաների համար: Մնացած բոլորը պետք է ապրեն շուկայի պայմաններում եւ գոյատեւման հնարավորություններ գտնեն:

Ես չեմ հոգնում կրկնել, որ մեր մեդիայի այսօրվա տխուր վիճակի արմատն այն է, որ դրանց մեծ մասը ոչ միայն տնտեսապես ինքնաբավ չեն, այլեւ չեն էլ ձգտում այդպիսին դառնալ: Դրանով հանդերձ, նրանցից շատերն իրենց եւ հասարակության մի մասին ներշնչել են, որ եթե հնարավորություններ չունեն, իրենց մասին պետք է հոգ տանի պետությունը:

Եթե գոյատեւելու հնարավորություն չունեք, բայց վստահ եք, որ հասարակությունը առանց ձեզ ապրել չի կարող, դիմե՛ք հենց հասարակությանը: Դիմե՛ք ձեր ընթերցողներին, դրամահավա՛ք կազմակերպեք, պարզե՛ք, թե քանիսն են պատրաստ ձեզ աջակցել:

Ի դեպ, «ավտոտնակների» մասին: 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում մեր առաջին գրասենյակի սեփականատերը որոշեց այդ տարածքը վաճառել: Փորձեցինք համոզել, որ վաճառի գոնե երկրորդ փուլից հետո, որ հնարավորություն ունենք նորմալ աշխատել: Մերժեց՝ ասելով, որ գնորդ է գտել, որը կարող է եւ չսպասել: Հավաքվեցինք ու դուրս եկանք այդ տարածքից՝ առանց պետությանը եւ հասարակությանը դրա մասին տեղյակ պահելու: Փոքրիկ եւ անշուք տարածք գտանք՝ մտածելով, որ այստեղ կմնանք մի քանի ամիս, մինչեւ ավելի հաճելի գրասենյակ գտնենք: Արդյունքում այդտեղ մնացինք 7 տարի: Այդ 7 տարին ես աշխատել եմ սենյակում, որը պատուհան չուներ՝ հետեւաբար զրկված էր բնական լուսավորությունից եւ նորմալ օդափոխելու հնարավորությունից: Այսինքն, շատ նման էր ավտոտնակի: Բայց ես երբեք չեմ մտածել, որ պետք է բարձրաձայն բողոքեմ դրանից եւ, առավել եւս, պետությունից կամ հասարակությունից ինչ-որ բան պահանջեմ: Հենց այդ սենյակում են ծնվել այն գաղափարները, որոնք թույլ տվեցին ավելի շատ գումար վաստակել եւ տեղափոխվել անհամեմատ ավելի հարմարավետ գրասենյակ, որի վարձակալությունն էժան հաճույք չէ:

Այսօր Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված թերթում կարդացի.

«Քրեաօլիգարխիկ խորը ճահճում էինք ապրում-քննադատում իշխանությանը, բայց կար չգրված օրենք, որին ենթարկվում էր նաեւ իշխանությունը՝ թերթն իր եկամուտներով ի վիճակի չէ տարածք վարձակալել»։

Իհարկե, շատ քննադատություն կլսեմ այս տողերի համար, բայց եթե թերթը (լրատվական կայքը, ռադիոն եւ այլն) ի վիճակի չէ սեփական եկամուտներով տարածք վարձակալել, այն պետք է փակվի: Դաժան է հնչում, բայց եթե ցանկանում ենք առողջացնել Հայաստանի մեդիա միջավայրը, պետք է հասկանանք, որ երբ մեդիան ֆինանսապես ինքնաբավ չէ, այն միշտ խոցելի է լինելու՝ իշխանության, ընդդիմության, խոշոր բիզնեսի համար: Պարզ ճշմարտություններ ընդունելը կամ չընդունելը յուրաքանչյուրի ընտրության հարց է: Բայց եթե ուզում եք Հայաստանում ունենալ ազնիվ ու ազատ մեդիա, պետք է հասկանաք, որ նման մեդիան պետք է հիմնված լինի առողջ տնտեսական մոդելի վրա: «Խեղճ» մեդիան, որը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում այդ վիճակից դուրս գալու համար, այլեւ այդ «խեղճությունը» խաղաքարտ է դարձնում, ապագա չունի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին