5/10/15. Շնորհակալ Լուկաշենկոն, հոռետես Մերզլյակովը, Սեչինի խոստումը - Mediamax.am

exclusive
4507 դիտում

5/10/15. Շնորհակալ Լուկաշենկոն, հոռետես Մերզլյակովը, Սեչինի խոստումը


Իգոր Սեչինը եւ Վլադիմիր Պուտինը՝ 2014 թվականին
Իգոր Սեչինը եւ Վլադիմիր Պուտինը՝ 2014 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ալեքսանդր Լուկաշենկոն` 2004 թվականին
Ալեքսանդր Լուկաշենկոն` 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

2009 թվականին Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նիենկե Օմեսը
2009 թվականին Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նիենկե Օմեսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Յուրի Մերզլյակովը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Յուրի Մերզլյակովը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ՄԱՐՏԻ 3

 

«Սաֆարովը կվերադառնա Բաքու»

 

Փետրվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերն ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար:

 

«Այս ուղղությամբ աշխատանք է տարվում, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է պաշտպանել իր սպային», - ասել էր ադրբեջանցի նախարարը` ավելացնելով, որ «Ռամիլ Սաֆարովը կվերադառնա Բաքու»:

 

8 տարի անց՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան եւ ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

 

Սերժ Սարգսյանն առաջարկում է

 

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը սահմանված կարգով արձագանքել՝ քաղաքական գործիչների հեռախոսազանգերի անօրինական գաղտնալսմանը իր ներգրավվածության մասին հրապարակումներին:

 

Սերժ Սարգսյանն այդ մասին  հայտարարել էր ՀՀ կառավարության նիստում:

 

Հայտարարության պատճառը «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի հարցազրույցն էր: Նա մեղադրել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների, մասնավորապես՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, հեռախոսազանգերի գաղտնալսման մեջ:

 

Լուկաշենկոն շնորհակալ է աջակցության համար

 

Փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ միջազգային կազմակերպություններում ցուցաբերվող աջակցության համար:

Ալեքսանդր Լուկաշենկոն` 2004 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոն` 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «չնայած Հայաստանի հետ ամուր բարեկամական հարաբերություններին, նման ուժեղ աջակցությունն անսպասելի էր նույնիսկ ինձ համար»:

 

«Հայերը տարբերվում են նրանով, որ միշտ հավատարիմ են իրենց խոսքին եւ հստակ հետեւում են ընտրած դիրքորոշմանը», - ասել էր Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ «մեծագույն հարգանքով է վերաբերվում Հայաստանի, նրա ժողովրդի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ում իր լավ ընկերն է համարում»:

 

«Բանակցային գործընթացը փակուղու մեջ է»

 

Փետրվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փաստորեն փակուղի է մտել, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանկանում զիջումների գնալ»:

 

«Հիմա իրավիճակն այնպիսին է, որ կողմերը քարացել են իրենց դիրքորոշումների վրա, չկա բացարձակապես ոչ մի շարժում», - նշել էր ռուս դիվանագետը:

 

Մերզլյակովի խոսքերով, միակ այլընտրանքը կողմերի միջեւ «որեւէ բանակցությունների հաստատումն է»: «Դա կարող է հրապարակային չլինել, պետք է հնարավորություն ընձեռել քննարկել եւ որոշել հարցերի շրջանակը, որոնց շուրջ կողմերը պատրաստ են գոնե ինչ-որ բանի մասին խոսել: Դեռեւս նման բան չկա: Ընդհանրապես օրակարգ չկա», - ասել էր ռուսաստանցի միջնորդը:

Յուրի Մերզլյակովը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Յուրի Մերզլյակովը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարտի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր անհամաձայնությունն էր հայտնել այն հայտարարությունների հետ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղի է մտել եւ ասել էր, որ «չգիտի ռուսաստանցի միջնորդի հոռետեսության պատճառները»:

 

«Ես չեմ կարծում, որ փակուղային իրավիճակ է ստեղծվել: Երբեմն, նման հայտարարություններ հնչում են: Որոշ դեպքերում դրանք հակասում են միմյանց: Ռուսաստանի կողմից արված որոշ հայտարարություններ հուսադրող էին: Այսօր նոր հայտարարություններ են հնչում, սակայն ես չգիտեմ, թե ինչ հիմքեր կան դրանց տարածման համար»- ասել էր Ադրբեջանի նախագահը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ՄԱՐՏԻ 3

 

Լողացող փոխարժեք

 

Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում էր կայացրել սահմանափակել միջամտությունները փոխարժեքի շուկայում՝ «հաշվի առնելով առեւտրի պայմանների վատթարացումն ու կապիտալի ներհոսքի աճի տեմպի դանդաղումը»:

 

«Այդ սահմանափակումը թույլ կտա, որպեսզի փոխարժեքը ձեւավորվի մակրոտնտեսական պայմաններին համապատասխան, ինչը զգալիորեն կբարելավի Հայաստանի մրցունակությունը եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- հայտարարել էր ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

 

ԿԲ ղեկավարը նշել էր, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշումը կայացվել է այն հանգամանքի հիման վրա, որ ՀՀ ֆինանսական համակարգը «կայուն է, գերկապիտալացված եւ պատրաստ է դիմակայել համաշխարհային ճգնաժամի մարտահրավերներին»:

 

Նույն օրը Համաշխարհային բանկը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ «ազգային արժույթի փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար»:

2009 թվականին Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նիենկե Օմեսը 2009 թվականին Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նիենկե Օմեսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարեւոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե’ համաշխարհային, եւ թե’ տեղական շուկաներում, եւ այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման եւ կայունացման համար»,- նշվում էր ՀԲ-ի հայտարարության մեջ

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ՄԱՐՏԻ 3

 

 «Ռոսնեֆտ»-ը նախատեսում է ներդնել  $ 500 մլն

 

Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝  ներկայացնելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սոչիում կայացած հանդիպման արդյունքները հայտարարել էր, որ «Ռոսնեֆտ»-ը նախատեսում է Հայաստանում ներդնել շուրջ $ 500 մլն:

Իգոր Սեչինը եւ Վլադիմիր Պուտինը՝ 2014 թվականին Իգոր Սեչինը եւ Վլադիմիր Պուտինը՝ 2014 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ $ 500 մլն ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի կարճ ժամկետում դրանք իրականություն դառնան: Ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին` նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել էր վարչապետը:

 

Ավելի վաղ՝ 2013 թվականի դեկտեմբերին, «Ռոսնեֆտ»-ը, Pirelli Tire Armenia-ն եւ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն հուշագիր էին ստորագրել համատեղ ձեռնարկության ստեղծման մասին:

 

Նախագիծը չի իրականացվել, «Ռոսնեֆտը» Հայաստանում $ 500 մլն չի ներդրել:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին