5/10/15. «Բուրգի ապամոնտաժումը», ՀԿԵ-ի հետ վեճը, Ղրիմի հանրաքվեն - Mediamax.am

exclusive
6918 դիտում

5/10/15. «Բուրգի ապամոնտաժումը», ՀԿԵ-ի հետ վեճը, Ղրիմի հանրաքվեն


Գուրգեն Սարգսյանը
Գուրգեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 19-ին
Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 19-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում 2014թ. մարտին
Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում 2014թ. մարտին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Շեւքեթ Շայդուլինը
Շեւքեթ Շայդուլինը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-24

 

«Արդարության վերականգնում»

 

Մարտի 18-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակումը կարող է ինչ-որ առումով «արդարության վերականգնում» համարվել:

 

Ներկայացնելով Աղվան Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարությանը, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել էր, որ Աղվան Հովսեփյանի հրաժարականը՝ 1999 թվականի հոկտեմբերին ՀՀ խորհրդարանում ահաբեկչությունից հետո, «պայմանավորված էր բացառապես քաղաքական պատճառներով»:

 

Ռոբերտ Քոչարյանը նոր գլխավոր դատախազին բնութագրել էր որպես «պրոֆեսիոնալ, պինդ եւ սկզբունքային» գործիչ՝ նշելով, որ ճանաչել է նրան 1981 թվականից, քանի որ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ աշխատել է Լեռնային Ղարաբաղում:

 

«Ապամոնտաժելով նախկին բուրգը»

 

Մարտի 19-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ երկրի ղեկավարությունը շարունակելու է իշխանության ապակենտրոնացման քաղաքականությունը:

 

«Ակնհայտ է, որ երկրի կառավարությունը չպետք է զբաղվի բնակչության կենցաղային խնդիրների լուծմամբ: Բնականաբար, կառավարությունը պետք է ապահովի ջրամատակարարման, ջերմամատակարարման եւ այլ ոլորտներում վարկային ծրագրերի իրականացումը: Սակայն, դրանց իրականացման գործառույթները պետք է փոխանցվեն տեղական իշխանության մարմիններին: Մենք ոչ մի նոր բան չենք հորինում՝ ողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով: Մենք պարզապես խորհրդային տարիներից ժառանգություն ենք ստացել իշխանության կենտրոնացված բուրգ, որն աստիճանաբար ապամոնտաժում ենք»,- նկատել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 19-ին Ռոբերտ Քոչարյանը 2004թ. մարտի 19-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Բախման լուրջ ներուժ»

 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 19-ին հայտարարել էր, որ աջակցում է Երեւանի կարգավիճակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության գաղափարին: 

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մայրաքաղաքի քաղաքապետը պետք է ընտրվի ժողովրդի կողմից կամ նրան պետք է նշանակի նախագահը, Ռոբերտ Քոչարյանն ասել էր.

 

«Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է Երեւանում, եւ եթե իրավիճակ ստեղծվի, որտեղ քաղաքապետը կլինի պետության ղեկավարին ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, դա իր մեջ բախման լուրջ ներուժ կպարունակի»:

 

Նախագահը շեշտել էր, որ այս հարցը պետք է խորը քննարկման առարկա դառնա եւ «եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնը դառնա ընտրովի, պետք է մտածել որոշակի զսպման մեխանիզմների մասին, որոնք կարող են կայունացնել իրավիճակը հնարավոր քաղաքական դիմակայությունների դեպքում»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-24

 

ՀԿԵ-ի հետ վեճը

 

Մարտի 19-ին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինն ասել էր, որ ՀՀ տրանսպորտի նախարարի հայտարարությունները ՀԿԵ հասցեին «կարող են վարկաբեկել երկու բարեկամ երկրների` Հայաստանի ու Ռուսաստանի մակարդակով իրականացվող մեծածավալ նախագծի հեղինակությունը»:

Շեւքեթ Շայդուլինը Շեւքեթ Շայդուլինը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ուղղված բաց նամակում Շեւքեթ Շայդուլինը դժգոհություն էր հայտնել նախարարի այն հայտարարությունների կապակցությամբ, թե 2008 թվականին ընկերության ներդրումային ծրագիրը կատարվել է նախատեսված ծավալի ընդամենը 28 տոկոսի չափով:

Գուրգեն Սարգսյանը Գուրգեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ձեր կողմից ընտրված երկխոսության ձեւը կառուցողականություն եւ արդյունավետություն չի ենթադրում: ՀՀ երկաթուղային տրանսպորտի առջեւ դրված խնդիրներն այնքան բարդ են, որ պահանջում են մշտական ուշադրություն եւ զգուշավոր վերաբերմունք»,- հայտարարել էր Շայդուլինը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-24

 

«Երբեք մեր բանակն այսքան մարտունակ չի եղել»

 

Մարտի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:

Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում 2014թ. մարտին Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում 2014թ. մարտին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով եւ որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որեւէ մեկին խաբել կամ մոլորեցնել»,- ասում էր ՀՀ նախագահը:

 

Սարգսյանն ու Պուտինը քննարկել են Ղրիմի հանրաքվեն

 

Մարտի 19-ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն արձանագրել էին, որ Ղրիմում կայացած հանրաքվեն հանդիսանում է «ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարտի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել էր, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մեծ ջանքեր են ուղղել ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը՝ առաջարկելով խնդրի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որոնք, սակայն, մերժվել են Ռուսաստանի կողմից: «Ցավում եմ, որ Հայաստանը հանդես է եկել նման հայտարարությամբ»,- նշել էր դեսպանը:

 

Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջում է

 

Մարտի 21-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանից  պահանջել էր վերանայել իր դիրքորոշումը Ղրիմի հարցում:

 

«Մենք հիասթափված ենք այն տեղեկություններից, որոնք վերաբերում են Հայաստանի դիրքորոշմանը: Երկու անգամ հրավիրել ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանին: Նրան փոխանցվել է մեր մտահոգությունը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Հայաստանում մեր դեսպանությանը: Այսօր հայկական կողմին նոտա է փոխանցվել, որում մենք խնդրել ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ պարզաբանումները Հայաստանի պաշտոնական տեսակետի վերաբերյալ»,- ասել էր Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիլո Լուբկիվսկին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին