5/10/15. Քոչարյանի «պարզ բանաձեւը» եւ Աբրահամյանի «անողոք պայքարը» - Mediamax.am

exclusive
4256 դիտում

5/10/15. Քոչարյանի «պարզ բանաձեւը» եւ Աբրահամյանի «անողոք պայքարը»


Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը
Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը՝ 2014թ. մայիսի 24-ին
Սերժ Սարգսյանը՝ 2014թ. մայիսի 24-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հովիկ Աբրահամյանը՝ 2014թ. մայիսի 20-ին
Հովիկ Աբրահամյանը՝ 2014թ. մայիսի 20-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-26

 

«Պարզ եւ հասկանալի բանաձեւ»

 

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 20-ին հայտարարել էր, որ «մեր դիրքերի թուլացմանն ուղղված ցանկացած գործողություն չափազանց բացասական է ընկալվում Մոսկվայում»:

Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Պատճառը հետեւյալն է. թույլ Հայաստանի այլ տեսակի ազդեցության տակ հայտնվելու հավանականությունն ավելի մեծ է, իսկ դա չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների շահերին, քանի որ Հայաստանն այս տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այդ իսկ պատճառով ցանկացած գործողություն, որը կարող է առաջացնել նման խնդիրներ, դիտարկվում է որպես սպառնալիք՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Միանգամայն պարզ եւ հասկանալի բանաձեւ է»,- ասել էր ՀՀ նախագահը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով իր Մոսկվա կատարած այցի արդյունքները եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

 

Շահմուրադյանի դեմ մահափորձը

 

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը մահափորձ էր կատարվել խոշոր գործարար, «Արմենիա-Լադա» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանի դեմ:

 

Մահափորձը կատարվել էր Բաղրամյան պողոտայի վրա՝ Բարեկամություն հրապարակի հարեւանությամբ: «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից հրազենային կրակ էր բացվել Ռաֆայել Շահմուրադյանի վարած «Նիսան-Պատրոլ» ավտոմեքենայի ուղղությամբ: Գործարարը ծանր վնասվածքներ էր ստացել:

 

Ռաֆայել Շահմուրադյանը ողջ էր մնացել մահափորձից հետո: Սակայն 2005թ. փետրվարին նա մարդասպանների զոհ էր դարձել Տոլյատիում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-26

 

ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման պլանները

 

Մայիսի 21-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2012 թվականին՝ այն նույն հարթակում, որտեղ տեղակայված է գործող Հայկական ատոմակայանը:

 

10 տարի է անցել, իսկ նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը դեռ մնում է թղթի վրա:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-26

 

«Անողոք պայքար»

 

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ «պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական»:

Հովիկ Աբրահամյանը՝ 2014թ. մայիսի 20-ին Հովիկ Աբրահամյանը՝ 2014թ. մայիսի 20-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»,- շեշտել էր վարչապետը՝ Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը:

 

«Այսպահային շահերն անցողիկ են»

 

Մայիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումները պետք է ծառայեն կայուն ժողովրդավարության եւ իրավական պետության կայացմանը:

 

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել էր՝ ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության 15–րդ համագումարում:

 

«Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու եւ իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: Մենք պետք է հստակ, նաեւ ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են:

 

Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է եւ գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի եւ նրանց քաղաքական պատասխանատվության միջեւ: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը:

Սերժ Սարգսյանը՝ 2014թ. մայիսի 24-ին Սերժ Սարգսյանը՝ 2014թ. մայիսի 24-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն եւ անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ եւս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է», - հայտարարել էր ՀՀ նախագահը: 

 

Սերժ Սարգսյանը հավելել էր, որ քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաեւ դատական իշխանության հիմնախնդիրների հետ:

 

«Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարեւորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական եւ մնայուն լուծումներ տալն է», - ասում էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին