Մարիամ Սիմոնյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

13949 դիտում

Մարիամ Սիմոնյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


2017թ…. հունվար... պայծառ առավոտ… 2 գավաթ սուրճ…

 

- Հայրս էլ է պատերազմ տեսել. նրանից, զինակից ըներներից հաճախ եմ լսում պատերազմի մասին. ամեն պահի տեսնում ես սառը հայացքներ, դեպի քեզ ձգվող ձեռքեր, «անհասցե» փամփուշտներ, որոնց հասցեատերը կարող ես լինելև դու...

 

Չհասցրեցի ավարտել խոսքերս …

 

- Ցանկանում եք իմանալ իմ պատմությունը, բայց այն վերհիշելը դժվար է, հիշել քեզ պատերազմի բոհում. տեսնում ես կիսախելագար մարդկանց, ով  անշնչացած զավակին  գրկել, փչում է սառը մատներին, օրոր ասում`ցանկանալով նորեն կյանք տալ: Աստված մի՛ արասցե պատերազմ լինի…

 

Մի պահ լռություն…

 

-  Որտեղից է Ձեզ մեջ ծնվել այդ մեծ սերը, չէ որ ամենադժվար բանն այսօր ՄԱՐԴ մնալն է : Ուղղակի զարմանում եմ` ինչպես է ՄԱՐԴԸ իր դիմագիծը փոխում, բայց և գիտակցում` ոմանք մտածում են լոկ իրենց  մորթին փրկել` մոռանալով նույնիսկ ընտանիքի անդամին` համարելով նրան «ավելորդ», իսկ ոմանք` հանձինս Ձեզ, մոռանում են սեփական անձը` փրկելով մարդկային կյանքեր…

 

- Ահա այստեղ է արմատավորվում «կյանքեր փրկելու» իմ նշանաբանը. դիակների կողքին նկատեցի մի կնոջ. ականի պայթյունից մահացել էր`ձեռքում մի բարուր: Չգիտես ինչու, ոտքերս ինձ տարան դեպ առաջ. դեպ այդ կինը, բայց և սարսռում էր մարմինս. վախենում էի վատթարագույնը տեսնել… Փոքրիկը կենդանի էր. մայրը կրծքով էր փրկել մանկիկին: Իսկ Դուք ինչ կանեիք, խնդրում եմ չպատասխանել, լոկ խորհել, կթողնեիք,կհեռանայիք, երբ Ձեր կողքինը արնաքամվում է, երբ մայրը վերջին շունչը փչելիս խնդրում է պահել որդուն:

 

Երբ Տիկին Մարգարիտը ավարտեց խոսքերը, հիշեցի հորս. «Պատերազմի դաշտում ես հասկանում` ով է ընկերդ, ով թշնամիդ, ով է ցանկանում քեզ օգնել, ով մատնել: Ահա մարդկային ցեղը…»

 

Լռությունը այս անգամ խաթարեց Տիկին Մարգարիտը.

 

- Աչքերդ մատնում են`հասկացար «առեղծվածը»… Բայց ինձ հերոս կոչել պետք չէ, փրկել եմ կյանքը մարդկային. որ վեր է ամեն ինչից ու …

 

- Ու Դուք հերոս եք, հերոս չեն ծնվում, դառնում են: Ձեր ներքին բարությունը թույլ չտվեց կանգ առնել, Ձեր մեծ սիրտը, ինչպես և օվկիանոսը, երբեք չսառեց…

 

Երբ խոսում էի, նկատեցի` ինչպես են Ձեր աչքերը փայլում արցունքներից:

 

Սուրճի գավաթները դատարկ էին: Տիկին Մարգարիտը շտապում էր. «Փորձի՛ր դու էլ լույս լինել, սիրել քեզ ուրիշների մեջ, քանզի քո կյանքը ուրիշների մեջ է, առանց ուրիշների` ոչինչ»

 

Աչքերս բացեցի , զարմանք , օ՜, այս ամենը լոկ երազ էր…

 

Որոշեցի անպայմանորեն գրել այս նամակը, չգիտեմ, այն կկարդաք, թե ոչ, բայցև ցանկանում եմ գրել, թող սա լինի իմ կողմից Ձեզ տրվող երախտագիտությունը:

 

Տիկի՛ն Մարգարիտ,Դուք կյանքեր փրկելով` փրկել եք մարդկությանը կործանումից: Դուք անցել եք բազում ավերների միջով, բայց չեք ընկրկել, կանգուն եք մնացել Ձեր կողմից փրկված հազարավոր մարդկանց աղոթքների միջոցով: Դուք այս ամենին հասել եք Ձեր հոգում ծվարած սիրո նշույլի հիման վրա: Դուք ունեք Ձեր վարձքը և՛երկնային, և՛երկրային կյանքում: Դուք հիրավի լույս եք, որը կմարեր,  եթե իր լույով հազարավոր հանգած մոմեր չվառեր…Ձեր կողմից վառած խարույկը բռնկել է ոչ միայն Ձեր պետությունը. այլև ողջ մարդկությունը: Դուք գիտակցում եք` որն է Ձեզ համար երջանկություն ասվածը, դա մարդկային կյանքը փրկելն է, անշունչ ծաղկին ջերմություն տալը: Դուք այն եզակիներից եք. ով կարողանում է կերտել իր երջանկության մեխանիկան: ԱՍՏՎԱ՛Ծ ՁԵԶ ՕՐՀՆԵ, ՏԻԿԻ՛Ն ՄԱՐԳԱՐԻՏ…  Դուք յուրաքանչյուր մարդու համար մեծ դաս եք թողնում, համայն մարդկության համար մեծ լույս ու հույս… Ձեր նպատակը միայն սիրո կանչով երջանկություն կերտելն է, այլապես Ձեր վառած խարույկը այսօր մարած կլիներ, շարժիչ ուժը բավականաչափ չէր լինի, բազում մարդկային կյանքեր կկորչեին ընդհատակ: Ձեր կյանքն ինքին ստեղագործություն է` մեծածավալ հատորյակ: Կցանկանայի գրել Ձեր կյանքը`պատմության մեջ Ձեզ հավերժացնելով, հպարտանալով, որ համամարդկային հերոսի կյանքն եմ թղթին հանձնում: Ամենաբովանդակ գիրքը կլինեիք… Ու այսօր Ձեր առջև  խոնարհվելով`որպես բազում պատերազմներ տեսած ժողովրդի ժառանգորդ, հավաստիացնում եմ` կլինեմ մի լույս  մարդկության համար`գալիք սերունդներին ի վերուստ վիճակված խաղաղ աշխարհ թողնելու : Ու ճիշտ են ասում. «Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է»… Փա՜ռք Ձեզ,Տիկի՛ն Մարգարիտ, Թող Ձեր կերպարը մեր աշխարհում միակը չլինի. Դուք մի բուռ բարություն եք ցանել. հուսով եմ`այն ծիլեր կտա ողջ աշխարհով մեկ…

 

Հարգանքով`Մարիամ Սարգսի Սիմոնյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին