BBC-ն Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել - Mediamax.am

3514 դիտում

BBC-ն Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել


Լուսանկարը` http://www.bbc.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական BBC-ն իր կայքում Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այն վերնագրված է “Հարց ու Պատասխան. Հայոց ցեղասպանության վեճը” (Q&A: Armenian genocide dispute):

 

Հարց ու պատասխանն ունի մի քանի ենթավերնագրեր`Ի՞նչ է կատարվել, ի՞նչ է ցեղասպանությունը, արդյո՞ք հայերի սպանությունները շարունակական են եղել, ինչպիսի՞ քաղաքական ենթատեքստ են ունեցել, որեւէ մեկը պատասխանատվություն կրե՞լ է եւ այլ:

 

“Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում հայերի սպանությունները շարունակում են մնալ խիստ զգացական հարց: Թուրքիան շարունակում է պայքարել 1915-16 թթ. կոտորածները  ցեղասպանություն ճանաչելու հայտարարությունների դեմ, իսկ պատմաբանները շարունակում են վիճել այդ պատմական իրադարձությունների շուրջ, քանի որ կան մի շարք հրապարակումներ, որտեղ նկարագրված են  հայերի դեմ թուրքական վայրագությունները”,- գրված է հարց ու պատասխանի մեջ:

 

Դրանում նշվում է, որ հայկական զոհերի ընդհանուր քանակը վիճելի է: “Հայերը նշում են 1.5 միլիոն մարդ, մինչդեռ թուրքերը` 300 հազ. մարդ:  Ցեղասպանությունների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (ՑՈՒՄԱ) տվյալների համաձայն`զոհվել են միլիոնից ավելի մարդիկ: 

 

2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ուղղված նամակում ՑՈՒՄԱ-ն գրել է. “Ուզում ենք նշել, որ ոչ միայն հայերն են պնդում Հայոց ցեղասպանության մասին, այլ նաեւ ցեղասպանություններն ուսումնասիրող գիտնականների մեծամասնությունը: Հարց է ծագում սպանությունների կանխամտածված լինելու առնչությամբ: Շատ գիտնականներ, ինչպես նաեւ հայ ժողովուրդը եւ ՀՀ կառավարությունը պնդում են, որ այդպես է եղել: 1943թ. “ցեղասպանություն” եզրույթը կիրառության մեջ մտցրած իրավաբան Ռաֆայել Լեմկինը նշել է, որ դրանք վայրագություններ են եղել` ուղղված հայերի դեմ: Իսկ Թուրքիայի պաշտոնական անձինք ընդունում են, որ վայրագություններ եղել են, սակայն միաժամանակ պնդում, որ դրանք չեն եղել քրիստոնյա հայերին ոչնչացնելու պարբերական փորձեր: Թուրքիան ասում է, որ պատերազմի ընթացքում շատ թուրք անմեղ զինվորներ եւս ոչնչացվել են”, - նշում է հոդվածի հեղինակը:

 

Անդրադարձ է կատարվում այն երկրներին, որոնք տարբեր եզրույթներ են օգտագործում ոճրագործությունը նկարագրելու համար (ԱՄՆ. Մեծ Բրիտանիա, Իսրայել): Նյութում տեղ է գտել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2011թ. դեկտեմբերին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը եւ թուրքական կառավարության վրդովմունքը:

 

“2010 թ. մարտին, երբ  ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ցեղասպանության մասին  բանաձեւի ընդունման եզրին էր, Թուրքիան ետ կանչեց  դեսպանին Վաշինգտոնից : Չնայած Սպիտակ տան առարկություններին` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Բարաք Օբամայի վարչակազմը խնդրի լուծման կոչ էր արել, որպեսզի «ազդեցության չենթարկվի» ողջ Կոնգրեսի կողմից:

 

Թուրքիայում այս հարցի շուրջ հանրային քննարկումները ճնշվում են: Քրեական օրենսգրքի 301 հոդվածը`«Թուրքականությունը վիրավորելու» վերաբերյալ կիրառվել է հայերի զանգվածային բնաջնջումները լուսաբանել փորձող գրողների նկատմամբ: Նրանց թվում էին Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամբուկը և Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007 թ”,- գրում է հոդվածի հեղինակը:

 

Հոդվածի վերջում ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը` հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացի սառեցումից հետո, ինչի պատճառ է դիտարկվում  Լեռնային Ղարաբաղի “փոխադարձ կասկածամտության” գործոնը :

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին