ՊՆ-ն արձագանքել է ԱԹՍ-ների մասին հրապարակումներին - Mediamax.am

exclusive
37629 դիտում

ՊՆ-ն արձագանքել է ԱԹՍ-ների մասին հրապարակումներին


Լուսանկարը` Photolure

Գնդապետ Դանիել Բալայանը
Գնդապետ Դանիել Բալայանը

Լուսանկարը` Հայ զինվոր


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայան այսօր արձագանքել է հրապարակումներին Հայաստանում անօդաչու թռչող սարքերի նախագծման ու արտադրման հեռանկարների մասին:

«Պաշտպանության նախարարությունը մի քանի ընկերությունների հետ համագործակցությունը ոչ թե կասեցրել, այլ սառեցրել է: Պատճառն այն է, որ որպես կանոն, սկզբնական փուլում ներկայացվում է մի գին, իսկ հետո` զգալիորեն ավելի բարձր գին՝ առանց լուրջ հիմնավորումների: Բնականաբար, այդ պարագայում առաջարկները մեր կողմից մերժվում են»,-Մեդիամաքսին ասել է գնդապետ Դանիել Բալայանը:

 

Հայկական բանակի սպառազինության կազմում գտնվող «Կռունկ» անօդաչուներ թռչող սարքերը նախագծվել ու արտադրվել են ՀՀ ՊՆ կոնստրուկտորական ստորաբաժանումների կողմից, որոնք բազմիցս խորհրդատվություն են տրամադրել անօդաչուների մշակմամբ զբաղվող ընկերություններին ու անհատներին:

Գնդապետ Դանիել Բալայանը Գնդապետ Դանիել Բալայանը

Լուսանկարը` Հայ զինվոր

«ՊՆ-ն հիմա էլ պատրաստ է շարունակել համագործակցությունը ընկերությունների հետ, եթե ներկայացված առաջարկները համապատասխանեն բանակի պահանջներին ու խելամիտ գնային սանդղակում լինեն: ՊՆ ղեկավարության մոտեցումն այս հարցին մեկն է` ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացման համար հնարավորության սահմաններում աշխատել հենց հայկական ընկերությունների հետ: Դա ռազմական ծախսերին ուղղված գումարները կպահի երկրի ներսում, կզարգացնի ժամանակակից տեխնոլոգիաները, աշխատատեղեր կստեղծի ու ունեցած մոդելների հիման վրա մեզ թույլ կտա նոր սարքեր նախագծել»,- Մեդիամաքսին պատմել է գնդապետ Դանիել Բալայանը:

 

ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետը խոսել է նաև հայկական «Կռունկ» ԱԹՍ-ի մասին, որն առաջին անգամ ցուցադրվել էր 2012-ին կայացած ռազմական շքերթի ժամանակ:

 

«Նման անօդաչուների մեկ համալիրի գինը (2 ինքնաթիռ, մեկ ղեկավարման կայան) միջազգային շուկայում տատանվում է 2-2.5 մլն դոլարի սահմաններում: Հայաստանը սեփական ուժերով ու տասնյակ անգամներ ավելի քիչ միջոցներ ծախսելով կարողացավ ստեղծել «Կռունկը», որը լայն կիրառություն գտավ հայկական բանակում: Մեր սարքի տակտիկա-տեխնիկական բնութագիրը չի զիջում նույն դասում առկա իր անալոգներին»,- ասել է Դանիել Բալայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին