Հայաստանը Ռուսաստանից կործանիչները կգնի ներքին գներով - Mediamax.am

4664 դիտում

Հայաստանը Ռուսաստանից կործանիչները կգնի ներքին գներով


Լուսանկարը` https://militaryarms.ru


Երեւան: Մեդիամաքս: «Կոմերսանտ» թերթն այսօր մեկնաբանել է պայմանագրի ստորագրումը, որով 2020-ին Հայաստանը Ռուսաստանից կգնի չորս բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներ:

 

«ՀԱՊԿ դաշնակցի հետ գործարքի իրականացման համար ռուսական կողմը ոչ միայն վարկ է հատկացրել, այլեւ վաճառել է ինքնաթիռները ոչ թե արտահանման, այլ ներքին ռուսաստանյան գներով: 10 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ ռազմաօդային ուժերը ձեռք են բերում ոչ թե օգտագործված, այլ նոր ավիատեխնիկա»,- գրում է թերթը: 

 

Պայմանագրով նախատեսվում է նաեւ հայ օդաչուների ուսումնառությունը ՌԴ ռազմական հաստատություններում:

 

Թերթը նշում է, որ մոտ 6 տարի առաջ Մոսկվան եւ Երեւանը պայմանագիր էին ստորագրել, որի շրջանակում Հայաստանը պետք է առնվազն 12 կործանիչ ստանար մի քանի տարվա ընթացքում:

 

«Սակայն պայմանագիրը այդպես էլ ուժի մեջ չմտավ՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր կողմերը պարբերաբար վերադարձել են գործարքի հեռանկարների քննարկմանը, սակայն երկար ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ»,- գրում է «Կոմերսանտ»-ը:

 

«Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը կարծում է, որ Հայաստանի կողմից ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերումը «լուրջ քայլ է, որը կարող է զգալիորեն բարձրացնել երկրի օդային ուժերի մարտունակությունը»:

 

Նրա խոսքով՝ պետք է սպասել Բաքվի բացասական արձագանքին, քանի որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չունեն նման առաջադեմ ավիատեխնիկա, այլ միայն Ուկրաինայում արդիականացված ՄԻԳ-29 կործանիչներ:

 

«Հայ-ռուսական այս պայմանագիրը կարող է Բաքվին դրդել նոր ապառազինություն ձեռք բերել, ընդ որում, ոչ թե Ռուսաստանից, այլ, օրինակ, Պակիստանից»,- նշում է փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին