Հայաստանը ձգտում է պատրաստել այլ երկրների խաղաղապահներին - Mediamax.am

4632 դիտում

Հայաստանը ձգտում է պատրաստել այլ երկրների խաղաղապահներին


Լուսանկարը` ՀՀ պաշտպանության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը զարգացնում է ազգային խաղաղապահ կարողությունները եւ մտադիր է միջազգային հավաստագիր շնորհել իր ուսումնական խաղաղապահ կենտրոնին՝ նաեւ այլ երկրների խաղաղապահներին պատրաստելու համար:

Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մարտի 29-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով Խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի նախարարական համաժողովին:

 

Նախարարն ասել է, որ հավատարիմ մնալով հավաքական պատասխանատվության ոգուն, Հայաստանն ընդլայնում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործողություններում, ներառյալ UNIFIL եւ MINUSMA առաքելությունները:

 

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը մասնակցում է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին, իսկ վերջերս ազգային մարդասիրական առաքելություն է գործուղել Սիրիա՝ «համագործակցելով ռուսաստանցի գործընկերների հետ եւ արձագանքելով Սիրիայի իշխանությունների եւ հայկական համայնքի խնդրանքին»:

 

Նախարարն ասել է, որ Հայաստանը զարգացնում է ազգային խաղաղապահ կարողությունները գործընկերների, մասնավորապես, ԱՄՆ աջակցությամբ՝ առաքելություններ մեկնող զինծառայողների պատշաճ պատրաստությունն ապահովելու նպատակով:

 

«Մեր նպատակն է միջազգային հավաստագիր շնորհել ուսումնական խաղաղապահ կենտրոնին՝ նաեւ այլ երկրների խաղաղապահներին պատրաստելու համար», - ասել է Դավիթ Տոնոյանը:

 

Խոսելով կանանց ներգրավվածության մասին, նախարարն ասել է, որ կանայք արդեն ներկայացված են Կոսովոյում եւ Աֆղանստանում ծառայող հայկական առաքելություններում, իսկ 2019թ. ամռանը Հայաստանը կավելացնի կանանց թիվը Լիբանանում ՄԱԿ-ի UNIFIL գործողության շրջանակում ծառայող իր առաքելությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին