Դիսիդենտական Հայաստան. Սարգիս Թորոսյան - Mediamax.am

exclusive
3916 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Սարգիս Թորոսյան

Որպես կազմակերպության ղեկավարներից մեկին` դատարանը Թորոսյանին դատապարտում է 6 տարվա ազատազրկման եւ 5 տարվա վարչական հսկողության:

«Հանուն Հայրենիքի» կազմակերպության անդամները
«Հանուն Հայրենիքի» կազմակերպության անդամները

Լուսանկարը` Սարգիս Թորոսյանի անձնական արխիվից

Սարգիս Թորոսյանը
Սարգիս Թորոսյանը

Լուսանկարը` Սարգիս Թորոսյանի անձնական արխիվից

«Հանուն Հայրենիքի» կազմակերպության անդամները
«Հանուն Հայրենիքի» կազմակերպության անդամները

Լուսանկարը` Սարգիս Թորոսյանի անձնական արխիվից


Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության անդամ

Սարգիս Թորոսյանը ծնվել է 1930թ. փետրվարի 13-ին Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում: Ավարտելով գյուղի 8-ամյա դպրոցը` Սարգիսը 1945թ. տեղափոխվում է Երեւան, որտեղ ընդունվում է Աշխֆակ շինարարի մասնագիտությամբ: Ուսումն ավարտելուց հետո երկար ժամանակ աշխատել է բնակելի տների, կամուրջների եւ հուշարձանների շինարարության ասպարեզում: 1958թ. ամուսնացել է: 1959թ. սովորել է ավտոմեխանիկի մասնագիտություն, ստացել է վարորդի դիպլոմ եւ 1962թ. աշխատանքի է անցել որպես տաքսու վարորդ: 

 

Սարգիս Թորոսյանը

Լուսանկարը՝ Սարգիս Թորոսյանի անձնական արխիվից

 

Աշխատանքի ընթացքում ծանոթացել է համալսարանի մի շարք դասախոսների հետ, ովքեր իրենց բացահայտ դժգոհությունն էին հայտնում այն կապակցությամբ, որ անհիշելի ժամանակներից Հայաստանին պատկանող տարածքները (Կարս, Վան, Մուշ գավառները, Արարատ լեռը` հարակից տարածքներով, ինչպես նաեւ Ղարաբաղն ու Նախիջեւանը) Խորհրդային իշխանությունների կողմից հանձնվել են Ադրբեջանին եւ Թուրքիային:   

 

1963 թ-ին Թորոսյանը ծանոթանում է իր եղբոր կնքահոր` Ասատուր Բաբայանի հետ, ով արդեն ընդգրկված էր հայրենասիրական խմբում: Ձեւավորվում է ամուր ընկերություն: Թորոսյանը ոգեշնչվում է Բաբայանի գաղափարներով եւ սկսում մասնակցել Հայ երիտասարդների միություն (ՀԵՄ) ընդհատակյա խմբի հավաքներին, որի ղեկավարներից մեկը Ասատուրի որդին էր` Վիգեն Բաբայանը: Վիգենի դատավարությունից հետո, որին Թորոսյանը մասնակցում էր որպես վկա, ընկերները որոշում են հիմնել իրենց կազմակերպությունը: Աստիճանաբար ձեւավորվում է կազմակերպության կմախքը, որում ընդգրկվում են նաեւ Աղասի Անտոնյանը, Գեւորգ Հեքիմյանը, Շիրակ Գյունաշյանը, Հովիկ Վասիլյանը, Հայկ Իսկանդարյանը, եւ բոլորը միասին սկսում են մշակել իրենց հայրենասիրական գործունեության հետագա ծրագրերը: Հաճախակի հանդիպումներն ու քննարկումները հանգեցնում են նրան, որ 1965թ. ավարտին համախոհները հիմնում են «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպությունը, որի նպատակներն էին Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ ԽՍՀՄ Սահմանադրության շրջանակներում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի հողերի վերադարձը, հայերենը որպես ազգային եւ պետական լեզու պահպանելը: Գառնիի հեթանոսական տաճարում կազմակերպության 7 անդամներն երդվում են կրել ցանկացած դժվարություն հանուն հայ ազգի: Թորոսյանը վերցնում է “Սմբատ Պողոսյան” ծածկանունը եւ ստանձնում կազմակերպության մատակարարման պարտականությունը:  

 

1968թ. սկզբին խմբի անդամները որոշում են ավելի գործուն մեթոդներով հասնել իրենց նպատակներին: Նրանց հաջողվում է ձեռք բերել մի քանի տպագրական հաստոց եւ Աղասի Անտոնյանի տանը հիմնել ընդհատակյա տպագրություն: Որոշվում է թողարկել համանուն ամսագիր՝ հայրենասիրական շարժման բոլոր մասնակիցներին միավորելու նպատակով:

 

Թորոսյանը խմբագրակազմի անդամներից մեկն էր: «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա ամսագրի առաջին համարը (տպաքանակը՝ 373 օրինակ) լույս է տեսնում 1968թ. աշնանը եւ գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղափոխվում է քաղաքից դուրս՝ Աբովյան: Այնտեղ է տեղափոխվում նաեւ տպագրական հաստոցը: Ամսագիրը բարձրաձայնում էր ողջ հայ ժողովրդի համախմբման կենսական անհրաժեշտությունը, դրա էջերում տեղ էին գտել հոդվածներ հայ ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, պատմական փաստեր, որոնք դատապարտում էին բոլշեւիկների բազմաթիվ դավաճանությունները:

 

«Ոչ մի սանտիմետր հող թուրքերին չէր հանձնվի, եթե Լենինի հրամանով «ազգասեր» բոլշեւիկները ներսից չքայքայեին երիտասարդ հայկական պետությունն ու բանակը եւ եթե նույն բոլշեւիկները չկազմակերպեին Կարսի դավադրությունը՝ Արեւելյան Հայաստանի դարպասները լայն բացելով Կարաբեքիր փաշայի հրոսակախմբերի առջեւ»,- ասված էր ամսագրի հոդվածներից մեկում:

 

Մի քանի օր անց՝ 1968թ. հուլիսի 2-ին, ընդհատակյա գործիչները որոշում են ամսագրի ողջ տպաքանակը տեղափոխել Երեւան եւ տարածել, բայց ճանապարհին ձերբակալվում են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից (ենթադրվում է, որ նրանց մատնել էր մեքենայի վարորդը) եւ ուղեկցվում ՊԱԿ-ի մեկուսարան, որտեղ պահվում են 9 ամիս: Ամսագրի ամբողջ տպաքանակն առգրավվում է:

 

Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65-1 (հակասովետական ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակասովետական կազմակերպությանը) հոդվածներով առ այն, որ նրանք «զրպարտել են խորհրդային իրականությունը, հերքել ազգերի իրավահավասարությունը ԽՍՀՄ-ում, տարածել զրպարտող եւ ստահոդ տեղեկություններ Խորհրդային Միության կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, գրել են անկախ Հայաստան ստեղծելու կոչ պարունակող հոդվածներ, տարածել թռուցիկներ «Այլեւս լռել չի կարելի» վերտառությամբ, նախապատրաստել են «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակումը»:

 

1969թ. փետրվարին ՀԽՍՀ Գերագույն դատարանի դռնփակ նիստում կայանում է «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստների դատավարությունը: Որպես կազմակերպության ղեկավարներից մեկին` դատարանը Թորոսյանին դատապարտում է 6 տարվա ազատազրկման եւ 5 տարվա վարչական հսկողության: Խմբի մնացած անդամներն ազատազրկվում են 3-ից 6 տարով: Կազմակերպության անդամներից մեկը՝ Հայկ Իսկանդարյանը, մահանում է ՊԱԿ-ի նկուղներում մինչ դատավարության սկիզբը:

 

«Հանուն Հայրենիքի» կազմակերպության անդամները

Լուսանկարը՝ Սարգիս Թորոսյանի անձնական արխիվից

 

Դատավարության ավարտից մի քանի շաբաթ անց` 1969թ. մարտի 20-ին, Թորոսյանին ընկերների հետ միասին տեղափոխում են թիվ 11 մորդովական քաղաքական ճամբար: 1969թ. վերջին այստեղ են տեղափոխում նաեւ ԱՄԿ-ական Աշոտ Նավասարդյանին, Պարույր Հայրիկյանին եւ այլոց: Թորոսյանին ու Գյունաշյանին նախ ուղարկում են թիվ 19 ճամբար, ապա` թիվ 17, որտեղ նրանք մասնակցում են Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի հացադուլին: Այնտեղ նրանց պատահաբար տեղավորում են մահապարտների հետ նույն բանտախցում. նրանք հրաշքով են փրկվում` նամակ ուղարկելով իշխանություններին: 1972թ. նրանց երկուսին ուղարկում են Պերմի թիվ 36 քաղաքական ճամբար, որտեղ էլ լրանում է նրանց բանտարկության ժամկետը: Թորոսյանի համար բանտարկության ժամանակահատվածը դառնում է «քաղաքական ակադեմիա»: Ճամբարում նա կապեր է հաստատում բազմաթիվ քաղբանտարկյալների հետ Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Բելառուսից: Հատկապես սերտ փոխհարաբերություններ են հաստատվում Սինյավսկու, Զեյթունյանի, Չանթուրաշվիլիի, Օգուրցովի, Խլեբնիկովի, Ախունդովի, Շանթ Հարությունյանի եւ այլոց հետ:   

 

1974թ. հունիսին Թորոսյանը վերադառնում է Երեւան եւ վարչական վերահսկողության տակ առնվում: Նրան արգելված էր դուրս գալ տնից ժամը 17-ից հետո, գտնվել մարդաշատ վայրերում, բացակայել քաղաքից առանց իշխանությունների իմացության եւ այլն: Այնուամենայնիվ, Թորոսյանին հաջողվում է կապ հաստատել համախոհների հետ, ովքեր նույնպես վերադարձել էին կալանավայրերից: Կազմակերպության գործունեությունը վերսկսվում է:

 

1976թ. Թորոսյանը սկսում է աշխատել որպես երթուղային տաքսու վարորդ:

 

1987թ. աշնանը կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է իր գոյության մասին, բայց արդեն «Հայ Դատ» անվան ներքո: Նույն թվականին «Հայ Դատը» սկսում է համանուն ամսագրի հրատարակումը: 1988թ.՝ Ղարաբաղյան պայքարի սկզբում, «Հայ Դատը» Կապանում կազմավորում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Կազմակերպությունը ջոկատին ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով: 

 

1989 թ-ից Թորոսյանը չի աշխատում: 1990 թ-ին ՀՀ Գերագույն դատարանի որոշմամբ նա արդարացվում է: Գյունաշյանի մահից հետո շուրջ մեկուկես տարի`1997-ից մինչեւ 1998թ. վերջ, Թորոսյանը ստանձնում է Երեւանում ստեղծված նախկին քաղբանտարկյալների «Ակումբ 65» հասարակական կազմակերպության ղեկավարի պաշտոնը:

 

Սարգիս Թորոսյանը մահացել է 2000թ. ապրիլի 19-ին Երեւանում:

 

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին