Դիսիդենտական Հայաստան. Ասատուր Բաբայան - Mediamax.am

exclusive
3362 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Ասատուր Բաբայան

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստ:

Ասատուր Բաբայանը
Ասատուր Բաբայանը

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստ:

 

Ծնվել է 1915թ. փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում, աշխատավորի ընտանիքում: 5 տարեկան հասակում զրկվել է մորից, եւ քանի որ հայրն այդ ժամանակ ծառայել է բանակում, 1920թ. նրան ուղարկել են Մարտունու շրջանի Կարմիր Բազայի մանկատուն: 1930թ. մանկատնից ուղարկել են Բաքու` Աշխֆակում զինվորականի մասնագիտություն ստանալու համար: 1933թ. Բաբայանը Բաքվից տեղափոխվել է Երեւան եւ աշխատանքի ընդունվել N1 քաղաքային տպարանում որպես գրաշար: 1934թ. զորակոչվել է Կարմիր բանակ որպես սպա, 3 տարի Հայաստանի տարածքում ծառայել է որպես կոմիսար: 1937թ. նրան նշանակել են ՊԱԿ-ի տպարանի գլխավոր խմբագիր: 1938թ. նշանակվել է Երեւանի ոստիկանության 4-րդ ստորաբաժանման պետի տեղակալ: 1939թ. ամուսնացել է իր համագյուղացու հետ: 1940թ. ծնվել է նրանց ավագ որդին` Վիգենը:  

 

1941թ. հունիսի 28-ին` պատերազմի սկսվելուց 6 օր հետո, Բաբայանը զորակոչվել է Կարմիր բանակ` որպես սպա: Հայկական դիվիզիայի կազմում Բաբայանը հասել է մինչեւ Բեռլին, երեք անգամ վիրավորվել է` ստանալով 2-րդ կարգի հաշմանդամություն, արժանացել է 18 շքանշանի եւ մեդալի, մասնակցել է Ռուսաստանի ու Եվրոպայի քաղաքների ազատագրման ռազմական գործողություններին, պատերազմի ավարտին ունեցել է փոխգնդապետի կոչում եւ եղել է գնդի հրամանատարի տեղակալ: Պատերազմից հետո մնացել է Հայկական դիվիզիայի կազմում եւ զորացրվել է միայն դրա կազմալուծումից հետո` 1953 թ-ին: Այդ ժամանակ Բաբայանը վերադարձել է Երեւան եւ դասավանդել ՆԶՊ եւ հայոց լեզու թիվ 76 միջնակարգ դպրոցում:   

 

60-ականների սկզբին նրա որդին՝ Վիգենը սկսել է զբաղվել հայրենասիրական գործունեությամբ Հայ երիտասարդների միություն ընդհատակյա կազմակերպության շրջանակներում, որը ստեղծվել էր իր եւ ընկերների համատեղ նախաձեռնությամբ: Երիտասարդների հանդիպումներն ընթացել են Ասատուր Բաբայանի տանը, եւ նա ոչ միայն չի խանգարել նրանց, այլեւ շուտով դարձել է այդ հավաքների անփոխարինելի ու ակտիվ մասնակիցը: Ավելին, ներշնչվելով նույն գաղափարներով`1964 թ-ին Բաբայանը սկսել է այդ հանդիպումներին հրավիրել իր նոր ընկերներին` Սարգիս Թորոսյանին եւ Աղասի Անտոնյանին, ովքեր եւս հայրենասիրական հայացքների կրողներ էին: 1964թ. Վիգեն Բաբայանի ձերբակալությունից հետո ընկերների մոտ ամրապնդվում է իրենց կազմակերպությունը հիմնելու միտքը: Դատարանում նրանք ծանոթանում են Գեորգի Հեքիմյանի հետ, ով մի քանի մաս էր պատրաստել տպագրական հաստոցի համար: Ինչպես հետո է պարզվում, այդ մասերը Վիգեն Բաբայանի խմբին անհրաժեշտ էին ընդհատակյա գրականություն տպագրելու համար:

 

Իր հերթին Հեքիմյանն ընկերներին ծանոթացնում է Հովիկ Վասիլյանի, վերջինս էլ` Շիրակ Գյունաշյանի հետ:    

 

Նրանք համատեղ սկսում են մշակել իրենց հետագա հայրենասիրական գործունեության ծրագրերը: Հաճախակի հանդիպումներն ու քննարկումները հանգեցնում են նրան, որ 1965թ. ավարտին համախոհները հիմնում են «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ Սահմանադրության շրջանակներում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի հողերը վերադարձնելը, հայերենը որպես ազգային եւ պետական լեզու պահպանելը: Գառնիի հեթանոսական տաճարում կազմակերպության 7 անդամներ երդվում են անցնել ցանկացած դժվարության միջով` հանուն հայ ժողովրդի:

 

1968թ. սկզբին խմբի անդամները որոշում են ավելի կենսունակ մեթոդներով հասնել իրենց նպատակներին: Նրանց հաջողվում է ներկել մի քանի տպագրական կլիշե եւ Աղասի Անտոնյանի տանը հիմնել տնային տպարան: Որոշվում է հրատարակել համանուն ամսագիր` հայրենասիրական շարժման բոլոր մասնակիցներին համախմբելու նպատակով: Բաբայանը դառնում է խմբագրական խորհրդի անդամ: «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա ամսագրի առաջին համարը (տպաքանակը` 373 օրինակ) տպագրվում է 1968թ. գարնանը եւ գաղտնիությունը պահպանելու նպատակով տարվում քաղաքից դուրս` Աբովյան: Այնտեղ է տեղափոխվում նաեւ տպագրական հաստոցը: Ամսագիրը քարոզում էր ամբողջ հայ ժողովրդի միասնության կենսական անհրաժեշտությունը, նրա էջերին տեղ էին գտնում հոդվածներ հայ ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, պատմական փաստեր, որոնք դատապարտում էին «ազգասեր» բոլշեւիկների բազմաթիվ դավաճանությունները: «Ոչ մի սանտիմետր հող չէր տրվի թուրքերին, եթե Լենինի հրամանով «ազգասեր» բոլշեւիկները ներսից չքանդեին երիտասարդ հայկական պետությունն ու բանակը եւ եթե նույն բոլշեւիկները չկազմակերպեին Կարսի դավաճանությունը` լայն բացելով Արեւելյան Հայաստանի դարպասները Կարաբեքիր փաշայի ավազակների առջեւ»,- ասվում էր ամսագրի հոդվածներից մեկում:  

 

Մի քանի օր անց` 1968թ. հուլիսի 2-ին, ընդհատակյա գործիչները որոշում են տպաքանակը տեղափոխել Երեւան եւ տարածել, բայց ճանապարհին ձերբակալվում են Պետական անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից (ենթադրվում է, որ նրանց մատնել էր մեքենայի վարորդը) եւ ուղեկցվում ՊԱԿ-ի մեկուսարան, որտեղ պահվում են 9 ամիս: Ամսագրի ամբողջ տիրաժն առգրավվում է: 

 

Բոլոր 8 ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65-1 (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակախորհրդային կազմակերպություններին) հոդվածներով առ այն, որ նրանք «զրպարտել են խորհրդային իրականությունը, հերքել են ազգերի իրավահավասարությունը ԽՍՀՄ-ում, տարածել են զրպարտող եւ ստահոդ տեղեկություններ Խորհրդային Միության կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, գրել են անկախ Հայաստան ստեղծելու կոչ պարունակող հոդվածներ, տարածել են թռուցիկներ «Այլեւս լռել չի կարելի» վերտառությամբ, նախապատրաստել են «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակումը»:

 

1969թ. փետրվարին ՀԽՍՀ Գերագույն դատարանում փակ դռների ետեւում կայանում է «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստների դատավարությունը: Դրան հատուկ թույլտվությամբ ներկա է գտնվում Վիգեն Բաբայանը, ով բառացիորեն դրանից մի քանի օր առաջ էր վերադարձել կալանավայրից: Դատարանի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի համար» նա հեռացվում է դատարանի դահլիճից:

Դատարանը Ասատուր Բաբայանին դատապարտում է 6 տարի ազատազրկման` որպես կազմակերպության առաջնորդներից մեկը: Խմբի մնացած անդամներն ազատազրկվում են 3-ից 6 տարով: Կազմակերպության անդամներից մեկը` Հայկ Իսկանդարյանը, մահանում է ՊԱԿ-ի նկուղներում մինչ դատավարության սկիզբը:

 

Դատից մի քանի շաբաթ անց` 1969թ. մարտի 20-ին, Բաբայանին ընկերների հետ միասին տեղափոխում են N11 մորդովական քաղաքական ճամբար: 1969թ. վերջին այստեղ են տեղափոխում նաեւ հայ բանտարկյալների Ազգային Միացյալ Կուսակցությունից (ԱՄԿ)` Աշոտ Նավասարդյանին, Պարույր Հայրիկյանին եւ այլոց: Ճամբարում այդքան մեծ թվով հայերի առկայությունը հղի էր անկանխատեսելի հետեւանքներով, այդ պատճառով 1970թ. սկզբին նրանց բոլորին ցրում են տարբեր ճամբարներ: Բաբայանը տեղափոխվում է N3 ճամբար, որտեղ էլ մնում է մինչեւ ազատազրկման ժամկետի լրանալը: Ճամբարում նա հարաբերություններ է հաստատում բազմաթիվ քաղաքական բանտարկյալների հետ Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լատվիայից եւ Լիտվայից: Ճամբարում Բաբայանը բանաստեղծություններ է գրում հայրենասիրության թեմայով:

 

1974թ. հունիսին նա վերադառնում է Երեւան եւ վարչական հսկողության տակ անցնում: 2 տարի շարունակ նրան արգելվում էր տնից դուրս գալ ժամը 17-ից հետո, ներկա գտնվել մարդաշատ վայրերում, բացակայել քաղաքից առանց իշխանությունների իմացության եւ այլն: Իշխանությունները նրան թույլ չէին տալիս աշխատել: Միայն 1985թ. Բաբայանին հաջողվում է որպես գիշերային պահակ աշխատանքի անցնել քաղաքային հոգեբուժարանում:

 

Այնուամենայնիվ, Բաբայանին հաջողվում է կապ հաստատել համախոհների հետ, ովքեր եւս վերադարձել էին կալանավայրերից: Կազմակերպության գործունեությունը վերսկսվում է: Գաղտնի սկսում է տպագրվել «Հանուն Հայրենիքի» ամսագիրը: Բաբայանը մնում է կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը:

 

Իր գոյության մասին կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987թ. աշնանը, բայց արդեն «Հայ Դատ» անվանմամբ: Բաբայանը մեծ խանդավառությամբ էր ընդունում ազգային շարժման վերելքը: Նա մասնակցում էր Ազատության հրապարակում անցկացվող բոլոր հանրահավաքներին, կազմակերպում հավաքներ, չնայած պատկառելի տարիքին, օրերով տուն չէր գալիս` մնալով ցուցարարների հետ: Հենց դա պատճառ հանդիսացավ, որ 1988թ. գարնանը Բաբայանը հիվանդացավ թոքաբորբով եւ տեղափոխվեց հիվանդանոց: Այդպես էլ չառողջանալով` Բաբայանը մահացավ 73 տարեկան հասակում 1988թ. մայիսի 20-ին եւ թաղվեց տնից ոչ հեռու գտնվող գերեզմանոցում:

Նրա բանաստեղծություններն այդպես էլ չհրապարակվեցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին