Երեւան /Մեդիամաքս/. ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի/ԲՈՀ/ նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանն այսօր ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի փոփոխությունները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արտյուշա Ղուկասյանն այսօր տեղեկացրել է, որ ԲՈՀ-ը ընդունել է գիտական թեմաների հաստատման նոր կարգ, մասնագիտական խորհուրդների ձեւավորման նոր պահանջներ, հրապարակել է գիտական պարբերականների նոր ցանկ:
Նրա խոսքերով` նոր մասնագիտական խորհուրդներում կարող են ընդգրկվել դոկտորի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ունեն տպագրված 5 գիտական հոդված:
Ժամկետները լրանալու պատճառով 2010թ. դեկտեմբերին դադարեցվել էր 61 մասնագիտական խորհուրդների գործունեությունը, այժմ, ԲՈՀ-ի նոր չափանիշներին համապատասխան, հրամանագրվել է 32 նոր խորհուրդ:
ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատարն ասել է, որ վերոնշյալ փոփոխությունների նպատակն է թափանցիկ դարձնել ԲՈՀ-ի գործունեությունը եւ խստացնել գիտական աստիճանների շնորհման կարգը:
Վերոնշյալ փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տեղադրված են ԲՈՀ-ի պաշտոնական կայքում` www.boh.am: