Կուսումնասիրվեն երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները - Mediamax.am

31736 դիտում

Կուսումնասիրվեն երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 2017-2018 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Պարտադիր 12-ամյա կրթությանը զուգահեռ՝ այս ուսումնական տարվանից Լոռու մարզում ներդրվելու է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման եւ արագ արձագանքման էլեկտրոնային համակարգը, որը հաջորդ տարում նախատեսվում է գործարկել ամբողջ հանրապետությունում:

 

Համակարգը մշակել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Այն հնարավորություն է տալու պարզել, թե քանի երեխա եւ ինչ պատճառներով է դուրս մնացել կրթությունից, եւ կազմակերպել նրանց վերադարձը դպրոց:

 

Սեպտեմբերի 10-ից հետո, երբ բոլոր դպրոցները կտրամադրեն առաջին դասարան հաճախած աշակերտների տվյալները, համակարգը կհամադրի եւ կպարզի, թե 2011թ. ծնված երեխաների քանի տոկոսն է մուտք գործել դպրոց: Այն հնարավորություն կտա հետեւելու ցանկացած երեխայի, եւ դեպքը վարողները կկարողանան զբաղվել նրանց խնդիրներով:

 

Համակարգի մեկ այլ բաղադրիչ վերաբերում է դպրոցից դուրս մնալու ռիսկին ենթական երեխաներին, որոնք ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը: Այս նպատակով համագործակցելու են աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, առողջապահության նախարարությունները, մարզպետարանը, համայնքային պոլիկլինիկան եւ ոստիկանությունը:

 

«Օրինակ, երբ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում սոցիալական խնդիրների պատճառով, տնօրենը, խոսելով երեխայի ծնողների հետ, համապատասխան նշագրում է անում համակարգում, որ երեխան դպրոց չի հաճախում գումարի, կոշիկի, հագուստի պատճառներով: Համակարգն ավտոմատ ցույց է տալիս մարզպետարանի հանրակրթության, սոցիալական վարչությանը, ԿԳՆ-ին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որ գոյություն ունի խնդիր»,- ասել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն էլ նշել է, որ 2015-16 ուսումնական տարում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների (որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց) թիվը մոտ 300 է: Պատասխանատուների խոսքով՝ հաճախ ծնողները խուսափում են երեխային դպրոց ուղարկել, եթե նրա 6 տարին սեպտեմբերին դեռ չի լրացել: Մինչդեռ առաջին դասարան պետք է հաճախեն բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին