Երեւանի դպրոցներում անցաքարտային անվճար համակարգ կներդրվի - Mediamax.am

exclusive
10041 դիտում

Երեւանի դպրոցներում անցաքարտային անվճար համակարգ կներդրվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մամուլում եւ սոցիալական ցանցերում հրապարակումներ տարածվեցին, որ Երեւանում դպրոցների մուտքը դառնալու է անցաքարտերով, եւ ծնողը հաղորդագրությամբ տեղեկանալու է երեխայի՝ դպրոց մուտք ու ելքի ժամերի մասին։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը Մեդիամաքսին տրամադրել է նախագծի մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորեւ: 

 

- Ծրագիրը դեռ նախնական փուլում է։ Այս փուլում անցաքարտերով դպրոց մուտք ու ելք իրականացվելու է Երեւանի 30 դպրոցում, ամենայն հավանականությամբ, արդեն նոր ուսումնական տարում։

 

- Ընտրված դպրոցները գտնվում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Ծրագրի փորձնական փուլում ներառված են այն դպրոցները, որտեղ աշակերտների մեծ թվաքանակի պատճառով վերահսկողությունն ավելի բարդ է։ 

 

- Առաջին փուլի իրականացումից եւ արդյունքները ճշգրտելուց հետո համակարգը ներդրվելու է Երեւանի բոլոր դպրոցներում։

 

- Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է եւ օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։

 

- Անցաքարտը վերահսկելու է երեխայի բացակայությունը, փախուստը դասաժամերից։ Աշակերտն այդ անցաքարտով է փաստելու իր մուտքն ու ելքը դպրոց։

- Անցաքարտերը միացված են լինելու ազդանշանային համակարգին, եւ տագնապի դեպքում միանգամից անջատվելու են ազատ տեղաշարժը չխոչընդոտելու համար։

 

- Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնելու է մասնավոր կազմակերպության հետ միասին՝ անվճար հիմունքներով։ Ծրագրի իրականացման համար գումար չի գանձվելու ո՛չ դպրոցից, ո՛չ աշակերտների ծնողներից։ Ֆինանսական բեռն իր վրա է վերցրել համակարգերը տեղադրող մասնավոր ընկերությունը։ 

 

- Անցաքարտերի լրացուցիչ ծառայությունները կլինեն արդեն վճարովի հիմունքներով։ Ծնողն ինքն է որոշելու՝ ցանկանում է օգտվել եւ վճարել այդ անցաքարտի ընձեռած վերահսկման լրացուցիչ ծառայությունների համար, թե ոչ։ 

 

- Տարածված լուրերը, թե Երեւանի դպրոցներից մեկում ծրագրի իրականացման համար գումար է պահանջվել, իրականությանը չեն համապատասխանում։ Դպրոցներից մեկում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը ներկայացրել է ծրագիրը եւ ծրագրի հավելյալ ծառայությունները։

 

- Անցաքարտային համակարգն ընդունված է աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում:

 

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին