Սեբաստիան Կուրց. «Մտադիր չենք փակել Երեւանի ԵԱՀԿ գրասենյակը» - Mediamax.am

exclusive
61403 դիտում

Սեբաստիան Կուրց. «Մտադիր չենք փակել Երեւանի ԵԱՀԿ գրասենյակը»

Սեբաստիան Կուրցը
Սեբաստիան Կուրցը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Կուրցի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Մի քանի օր առաջ մենք գրել էինք այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ`պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ: Ե՞րբ եք ակնկալում այս հարցի վերջնական լուծումը գտնել: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փակման հավանականություն տեսնու՞մ եք:

 

-ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ 57 անդամ-երկրները հավասար ձայնի իրավունք բոլոր որոշումների կայացման ժամանակ, ներառյալ նրանք, որոնք վերաբերվում են դաշտային առաքելությունների մանդատներին:

 

Հաշվի առնելով սա, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության հիմնական խնդիրներից է հեշտացնել կունսեսուս ձեւավորելու գործընթացը` հանդես գալով իբրեւ արդար միջնորդ: Հենց այդ պատճառով, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մենք արագորեն վերսկսեցինք խորհրդակցությունները եւ բանակցությունները: Այս առումով բոլոր անդամ-երկրների ակտիվ, կառուցողական ներգրավվածությունը եւ աջակցությունը շատ կարեւոր է: Ի վերջո, բոլորիս ընդհանուր շահն ու պատասխանատվությունն է երաշխավորել կազմակերպության արդյունավետ աշխատանքը:

 

Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է:

 

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք:

 

- Պարոն Կուրց, այս տարվա սկզբին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, դուք ասացիք, որ Ավստրիան մեծ ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ տարածքում առկա բոլոր հակամարտությունների կարգավորմանը: Ի՞նչ նախադրյալներ եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:

 

-Չնայած Մինսկի խմբի եւ նրա համանախագահների մեծ ջանքերին՝ 2016 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նշանավորվեց որպես կոպիտ հետքայլերի տարի, ինչն արտահայտվեց մարտական գործողությունների ակտիվացմամբ եւ տեղի բնակչությանը հասցված զրկանքների ավելացմամբ:

 

Ինչեւէ, ԵԱՀԿ-ն չի թուլացնի իր ջանքերը եւ կշարունակի փնտրել հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, կողմերին կոչ է անում կենտրոնանալ երկխոսության ձեւավորման եւ դիվանագիտական աշխատանքի վրա: Ավստրիան պատրաստ է ջանքեր ներդնել խաղաղ գործընթացի ամրապնդման եւ բանակցությունների առաջմղման համար:

 

Որպես ԵԱՀԿ Գործող նախագահ ես կայցելեմ Հայաստան եւ Ադրբեջան եւ հույս ունեմ այցի ընթացքում նոր խթան հաղորդել բանակցություններին: Այցի շրջանակում կոնկրետ առաջարկներ կարվեն, որոնց շուրջ արդեն խորհրդակցություններ են ընթանում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում եւ պայմանավորված կողմերի պատրաստակամությամբ:

 

-Որոշ քաղաքական գործիչներ ասում են,  որ ԵԱՀԿ-ն այսօր առավել քան երբեւէ պետք է վճռականություն դրսեւորի ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման եւ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ձեւավորման նպատակով:

 

-ԵԱՀԿ-ն հարթակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված քննարկումների համար եւ, բնականաբար, համանախագահները ցանկանում են, որ հնարավորինս արագ իրագործվեն վստահության ամրապնդմանն այն մեխանիզմները, որոնց մասին անցյալ տարի պայմանավորվել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Մենք պատրաստ են օգնել անհրաժեշտ գործնական քայլեր կատարել Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրման համար:

 

- Այսօր Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ներգրավված չէ բանակցություններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ այս հարցը իր եւ իր գործընկերների ուշադրության կենտրոնում է:  Չե՞ք կարծում, որ կարեւոր է Լեռնային Ղարաբաղին ձայնի իրավունք տալ՝ որպես բանակցող կողմ:

 

- Բանակցությունները ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացված են այս ձեւաչափում: Ավելին, ինչպես գիտեք, համանախագահները պարբերաբար այցելում են Լեռնային Ղարաբաղ:

 

Այս տարի կլրանա 10 տարի այն պահից, երբ «Մադրիդյան սկզբունքներն» առաջին անգամ դրվեցին բանակցությունների սեղանին: Դրանք ներառում են հարցի համընդհանուր կարգավորման բոլոր բաղադրիչները: Երբ մենք կգանք վերջնական համաձայնագրին, կարեւոր կլինի համոզվել, որ բոլոր շահագրգիռ հայերի եւ ադրբեջանցիների շահերն ու իրավունքները հաշվի են առնվել:

 

Սեբաստիան Կուրցի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին