Արմեն Գրիգորյան. Նոր ռազմավարությունը կձեւավորի նոր մտածողություն - Mediamax.am

exclusive
14492 դիտում

Արմեն Գրիգորյան. Նոր ռազմավարությունը կձեւավորի նոր մտածողություն

Արմեն Գրիգորյանը
Արմեն Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

 

- Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխության չի ենթարկվել 2007-ից ի վեր։ Օրերս ասել էիք, որ արդեն մեկնարկել են փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները։ Ի՞նչ փուլեր է ենթադրում ռազմավարության փոփոխությունը։

 

- Այսօր աշխատում ենք ձեւաչափի եւ գաղափարների շուրջ՝ նախանշելով այն շահերը, որոնք պետք է հաշվի առնենք ռազմավարությունը գրելիս։ Մենք ցանկանում ենք հստակ ձեւակերպել մեր նպատակները, այնուհետեւ՝ մարտահրավերները, ռիսկերը եւ խնդիրները, որոնք կարող են լինել դրանց հասնելու ճանապարհներին։

 

2007-ից հետո գլոբալ մակարդակում, տարածաշրջանում ահռելի մեծ փոփոխություններ են եղել, ինչպես նաեւ՝ Ապրիլյան պատերազմ, քաղաքական մեծ փոփոխություններ Հայաստանում։ Մենք կարիք ունենք այնպիսի փաստաթուղթ ձեւավորել, որն արձանագրում եւ արձագանքում է այդ փոփոխություններին։

 

- Այս պահի դրությամբ ի՞նչ նպատակներ եք նախանշել։

 

- Նպատակը մեզ համար որոշակիորեն հստակեցված է, բայց Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է ձեւակերպվի համապարփակ քննարկումների արդյունքում՝ ապահովելով բոլոր գերատեսչությունների, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական շրջանակների ներգրավվածությունը։ Վերջնական տարբերակին մենք այդ քննարկումների արդյունքում կհանգենք։

Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Արմեն Գրիգորյանի հետ Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Արմեն Գրիգորյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ընթացակարգը ինչպե՞ս է լինելու։

 

- Քննարկումների որոշակի կառուցվածք արդեն իսկ կա։ Հաջորդ շաբաթ նախատեսում ենք հանդիպումներ փորձագիտական շրջանակի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 

Շուտով նաեւ վարչապետի որոշում կլինի աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Կգնանք բոլոր գերատեսչություններ՝ քննարկելու կառուցվածքը։ Երբ մեր նպատակների եւ շահերի հետ կապված համաձայնություն ունենանք, կսկսենք առաջ շարժվել։

 

- Որո՞նք են Հայաստանի անվտանգության ժամանակակից այն մարտահրավերները, որոնք առաջնային պետք է ընդգրկվեն փոփոխված ռազմավարության մեջ։

 

- Մարտահրավերների մասին բաց խոսելը դժվար է։ Բնականաբար, գործող ռազմավարությունից շատ դրույթներ կմնան։ Օրինակ, Արցախի հարցն Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով լուծելու վտանգը կամ ժողովրդագրական վիճակը շարունակում են սպառնալիք մնալ։ Փաստաթղթում որպես բոլորովին նոր դրույթներ կընդգրկվեն կիբեռանվտանգության, կենսաանվտանգության ոլորտները։

Արմեն Գրիգորյանը Արմեն Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Արցախյան խնդրի վերաբերյալ դիրքորոշումն ինչպե՞ս է ձեւակերպվելու:

 

- Ամենաառաջնային խնդիրն Արցախի մասնակցությունն է բանակցային գործընթացին։ Մյուս կարեւոր բաղադրիչն Արցախի անվտանգության ապահովումն է։ Հաջորդը՝ Արցախի կարգավիճակն է, որը մեզ համար նույնքան սկզբունքային է, որքան անվտանգությունը: 

 

- Ինչպիսի՞ վերլուծություններ կան կատարվող փոփոխությունների վերաբերյալ։

 

- Բոլոր գերատեսչություններից ամսական կտրվածքով սպառնալիքների ցանկ ենք ստանում, որոնց շարունակական վերլուծությունները հաշվի ենք առնելու փաստաթղթի ձեւավորման փուլում։

 

Կարեւոր է նաեւ մտածողության փոփոխությունը:

 

Մի օրինակ բերեմ՝ վերջերս գերատեսչություններից մեկը մեզ սպառնալիքի մասին տեղեկություն էր ուղարկել՝ ջրամբարի պատի հետ կապված խնդիր էր առաջացել, որը սպառնում էր մարդկանց կյանքին։ Իհարկե, այդ խնդիրը կարգավորվեցինք, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն գերատեսչությունը, որը ժամանակին գումար էր ստացել պատի ամրացման համար, այն նպատակային չէր օգտագործել։

 

Պատկերավոր ասած, պետք է հասկանանք՝ պա՞տն է սպառնալիք, թե՞ կառավարման համակարգը։ Կարծում եմ, որ կառավարման համակարգը։

 

Աշխարհը արագ է փոփոխվում, սպառնալիքները տարբեր տեղերից են ի հայտ գալիս եւ մենք պետք է այնպիսի կառավարման համակարգ ունենանք, որը հնարավորություն կտա դրանց արագ արձագանքել։

 

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի փոփոխված տարբերակը հրապարակայնացնելու համար։

 

- Հստակ ժամկետներ չկան, բայց նախատեսում ենք մինչեւ 2019թ. վերջ փաստաթուղթը պատրաստել եւ 2020թ. սկզբին հրապարակել։

Արմեն Գրիգորյանը Արմեն Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Անվտանգության ռազմավարության փոփոխության մասին ակտիվ քննարկումներ եղան 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւս հայտարարել էր Անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու մասին։ Ինչո՞ւ է այդքան ձգձգվել այդ փոփոխությունների իրականացումը։

 

- Փաստաթղթի ձեւավորումը երկար գործընթաց է։ 2018թ. ապրիլ-մայիսի փոփոխություններից հետո մենք եւս խոսել ենք փոփոխությունների մասին, բայց ժամանակ պահանջվեց, որպեսզի մեկնարկը տանք։ Ցանկացած նման փոփոխություն ժամանակատար է։

 

- Փոփոխությունների ընդունումից հետո պետական մարմինները ինչպե՞ս են դրանք կիրառելու իրենց առօրյա աշխատանքում։ 

 

-Կարեւոր է, որ բոլոր գերատեսչությունները մասնակցելու են փաստաթղթի ձեւավորման աշխատանքներին։ Հիմնական սկզբունքը մտածողության փոփոխությունն է՝ ինչպես ենք մեզ դիրքավորում աշխարհում, տարածաշրջանում եւ մեր երկրի ներսում։

 

Արմեն Գրիգորյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին