Սերգեյ Բելոուսով. «Աշխարհը շատ ավելի փոխկապակցված է, քան մեզ թվում է» - Mediamax.am

exclusive
10319 դիտում

Սերգեյ Բելոուսով. «Աշխարհը շատ ավելի փոխկապակցված է, քան մեզ թվում է»

Սերգեյ Բելոուսովը
Սերգեյ Բելոուսովը

Լուսանկարը` http://cdn.pladform.ru/

Լուսանկարը`


Նախորդ շաբաթ Acronis-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Runa Capital-ի ավագ գործընկեր, Parallels-ի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Բելոուսովը այցելել էր Երեւան: Մեդիամաքս-ը զրուցել է հայտնի գործարարի հետ:

 

- Դուք բավականին հագեցած օրեր անցկացրեցիք Երեւանում: Ի՞նչն է ամենաշատը տպավորվել:

 

- Հաճելիորեն զարմացած եմ` տեսածս գերազանցեց իմ ակնկալիքները: Գոյություն ունի կարծրատիպ, որ Հայաստանն աղքատ երկիր է: Միգուցե այն իսկապես աղքատ է, բայց շատ խնամքով է կազմակերպված:

 

Ստարտափներից մի քանիսը, որոնք ինձ ցուցադրվեցին, բավականին հետաքրքիր էին:

Ինձ տպավորեցին PicsArt ընկերությունը, ԹՈՒՄՈ կենտրոնը, «Այբ» դպրոցը: Պետք է հասկանալ, որ այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են «Այբ»-ը կամ PicsArt-ը, շոշափելի արդյունքների կհանգեցնեն, պայմանական ասած, 10 տարի անց: Անիմաստ է հուսալ, որ դպրոցը կարող է երկրում կատարվող փոփոխությունների վրա ազդել ավելի շուտ, քան 10 տարվա ընթացքում: 

 

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորությունները տեխնոլոգիական ոլորտում:

 

- 20, 30, 50 տարի անց նյութական այն աշխարհը, որում այսօր ապրում ենք, եւ որում գերիշխում են նավթը, գազը կամ ոսկին, անհամեմատ ավելի փոքր կլինի այն աշխարհի համեմատ, որը բաղկացած կլինի թվերից, տվյալներից, հավելվածներից:

 

Մեր կյանքի եւ մեր ակտիվների շատ մեծ մասը կվերածվի տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների: Տեխնոլոգիական աշխարհի կապիտալացումը եւ կարեւորությունն անընդհատ աճում են:

 

Ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատ ռեսուրսներ ունեցող ազգերը մեծ ուշադրություն չեն դարձնում դպրոցներ, համալսարաններ, տեխնոպարկեր կառուցելու, մարդկանց տեղեկատվական տեխնոլոգիաներ, մաթեմատիկա կամ ֆիզիկա սովորեցնելու վրա: Իսկ երբ տեղի է ունենում պատմական բեկումը, արդեն ուշ է լինում:

 

Այդ տեսանկյունից նյութական մեծ ռեսուրսների չտիրապետող Հայաստանն, իհարկե, գիտելիքները զարգացնելու հեռանկարներ ունի: Եվ պարտադիր չէ առանձնացնել միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ նյութագիտության, էլեկտրատեխնիկայի եւ այլ ուղղությունների վրա: 

 

-  Ինչպե՞ս վարվել կադրերի արտահոսքի խնդրի հետ: Հաջողակ ծրագրավորողը, ով Հայաստանի չափանիշներով մեծ գումարներ է վաստակում, ամենայն հավանականությամբ կմեկնի` հետաքրքիր հրավեր ստանալով Սիլիկոնե հովտից: Ինչպե՞ս պահել մարդկանց:

 

- Նախ, չպետք է թերագնահատենք ինքներս մեզ: Երկրորդ, չնայած այս կամ այն աշխատանքի գայթակղիչ լինելուն, մարդիկ գերադասում են ապրել այնտեղ, որտեղ հարմար են զգում իրենց, եւ ինձ թվում է, Հայաստանը դրանից այնքան էլ հեռու չէ: Մարդկանց հարկավոր են լավ դպրոցներ, լավ համալսարաններ, լավ բնություն, լավ ռեստորաններ եւ այլն: Բացի դրանից, մարդկանց անհրաժեշտ է շարժառիթ:  

 

Էստոնիայում, օրինակ, կադրերի արտահոսքի խնդիրը նույնիսկ ավելի լուրջ էր, քան Հայաստանում, ընդ որում, ԵՄ գնալու համար նրանցից մուտքի արտոնագիր չէր պահանջվում, իսկ Ամերիկայի վիզա ստանալը շատ ավելի հեշտ էր: Բայց աստիճանաբար այնտեղ ձեւավորվեց որոշակի միջավայր, որում նրանց հարմարավետ ու հետաքրքիր է ապրել:

 

- Հարցազրույցներից մեկում Դուք հերքում էիք այն կարծրատիպը, որ ընկերությունն ու բիզնեսն անհամատեղելի են, եւ ասում էիք, որ շարունակում եք աշխատել բազմաթիվ դասընկերների հետ: Դուք հետաքրքիր փաստարկ էիք ներկայացնում այն մասին, որ բիզնեսի զարգացումը նպաստում է ընկերության պահպանմանը, իսկ անկումն, ընդհակառակը, հանգեցնում է վիճաբանության: Դա  մի փոքր հակադրվում է այն հայտնի ասույթին, որ «ընկերոջը ճանաչում ես դժվարության մեջ»: 

 

- Ես իսկապես աշխատում եմ դասընկերներիս հետ, սակայն դա չի նշանակում, որ թիմը չի թարմացվում: Օրինակ, Դավիթ Յանը [ABBYY ընկերության հիմնադիրը] շատ հպարտ է, որ աշխատում է նույն մարդկանց հետ, որոնց հետ սկսել էր 1992 թվականին: Մեր թիմում, այնուամենայնիվ, կա մարդկանց ներհոսք եւ արտահոսք:

 

Եթե վերցնենք այն կորիզը, որն աշխատում է ինձ հետ տարբեր ընկերություններում, դա 50 հոգուց բաղկացած թիմ է: Նրանց թվում կան մարդիկ, ում հետ ես աշխատում են 22 տարի, սակայն կան նաեւ այնպիսիք, ում հետ ես աշխատում եմ ընդամենը մեկ տարի: 

 

Ինչ վերաբերում է տարաձայնություններին, դրանք միշտ եղել են եւ միշտ կլինեն: Որքան մտերիմ են մարդիկ, այնքան ցավալի կերպով կարող են նեղացնել իրար: Հենց այդ պատճառով քաղաքացիական պատերազմներն ամենասարսափելի են: Ավելի հեշտ է ցավ պատճառել եղբորդ, քանի որ նրա մասին ավելի շատ բան գիտես: Նույնն է նաեւ այն մարդկանց դեպքում, որոնց հետ վաղուց աշխատում ես:

 

- Չնայած մեքենաների ու տեխնոլոգիաների զարգացմանը, բազմաթիվ գործընթացների ավտոմատացմանը, մարդու դերը XXI դարում ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը` աճում է: Խոսքն, իհարկե, ամենատաղանդավոր մարդկանց մասին է, ում «ձեռքից ձեռք են փախցնում»: Դուք ինչպե՞ս եք աշխատում այդպիսի մարդկանց հետ:

 

- Դա շատ ծավալուն հարց է: Ամենագլխավորը, ինչը ես կարողանում եմ անել, դա տաղանդավոր մարդկանց հավաքելն ու նրանց հետ աշխատելն է: Շատ դժվար է պատմել բոլոր գործիքների մասին: Մենք աշխատում ենք բուհերի հետ, սովորեցնում ենք մարդկանց, նրանց ազատություն ենք տալիս, օգնում: Փորձում եմ այնպես անել, որ մարդիկ բավականին մեծ գումար վաստակեն: Գոյություն ունեն բազմաթիվ նրբություններ. հաճախ շատ տաղանդավոր մարդկանց հետ բավականին բարդ է աշխատել:

 

- Ինչպե՞ս եք վերաբերում սոցիալական ցանցերին եւ այն հանգամանքին, որ նրանք փոխում են մարդկային շփման ընդունված նորմերն ու հոգեբանությունը: Դուք օգտվու՞մ եք սոցցանցերից:

 

- Շուրջ 8000 բաժանորդներ ունեմ Թվիթերում, եւ գրեթե 5000 «ընկեր» Facebook-ում: Մարդիկ ներկայումս գտնվում են զարգացման արմատապես նոր փուլում: Սոցիոլոգիայի եւ հոգեբանության տեսանկյունից աշխարհը հաջորդ 100 տարիների ընթացքում ավելի շատ կփոխվի, քան փոխվել է վերջին հազարամյակների ընթացքում: 

 

Մարդկային արժեքները մեծապես կախված են ձեր շփման շրջանակից: Եթե դուք ապրում եք քարանձավում, եւ ձեր ցեղը կազմված է տասը մարդուց, դա մեկ բան է, եթե ապրում եք երեք հարյուր հոգանոց գյուղում` ուրիշ: Սոցիալական ցանցերում մարդը սկսում է շփվել հարյուրավոր մարդկանց հետ: Դա սկզբունքորեն այլ չափում է: Դժվարանում եմ ասել` արդյո՞ք դա աշխարհն ավելի լավն է դարձնում: Միգուցե, դարձնում է ինչ-որ չափով ավելի արդյունավետ:                                                                                                          

 

Իմ արժեքային համակարգը բաղկացած է բավականին պարզ սկզբունքներից, որոնցից մեկն այն է, որ գիտելիքը լավ բան է, եւ ցանկացած խնդիր կարելի է լուծել ճիշտ գիտելիքի առկայության պարագայում: Այդ պատճառով նոր տեխնոլոգիաները, որոնք իրենցից գիտելիք են ներկայացնում, միշտ դրական գործոն են: Ելնելով այդ դրույթից` լրացուցիչ գիտելիքը, լրացուցիչ շփումը ավելի շուտ լավ է, քան վատ: 

 

- Կա նաեւ հակառակ տեսանկյունը, որի համաձայն, սոցիալական ցանցերը նման են «Մեծ Եղբոր», որը մեր մասին ամեն ինչ գիտի:

 

- Ինձ հուզող խնդիրներից մեկը քվանտային անվտանգ հաղորդակցություններն են: Երբ ինտերնետը նոր էր հայտնվել, ասում էին, որ այն աշխարհն ազատ կդարձնի, բայց դարձրեց առավելագույնս անազատ, քանի որ հիմա երկրները կամ ուրիշ ինչ-որ մեկը կարող է ձեր մասին իմանալ բացարձակ ամեն ինչ, եւ privacy հասկացությունը, որը նույնպիսի հիմնարար բնազդ է, ինչպիսին ազատությունը, գրեթե վերանում է: Դա մեծ խնդիր է, որն աշխարհը պետք է լուծի, բայց այն զուտ տեխնոլոգիական բնույթի է: Երբ մարդիկ սկսեն հասկանալ, թե որքան կարեւոր է մասնավորությունը, այն պահպանելու ավելի մեծ հնարավորություններ ի հայտ կգան:    

 

- Մի քանի տարի առաջ անհնարին էր նույնիսկ պատկերացնել, որ հսկայական ինքնաթիռը կարող է անհայտ կորել: Անհնար էր պատկերացնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում լարումը կհասնի «եռման կետին»: Ինչպե՞ս եք պլանավորում ձեր կյանքը, բիզնեսը, ցանկությունները այնպիսի պայմաններում, երբ «վստահությունը վաղվա օրվա նկատմամբ» դառնում է ոչ ավելին, քան երազանք:  

 

- Մարդը ներկայումս Տիեզերքին հայտնի ամենազարմանալի էակն է, իսկ մարդկային ուղեղը` ամենազարմանալի օբյեկտը: Ուղեղի օգնությամբ կարելի է կատարել հսկայական քանակությամբ գործեր եւ լուծել ցանկացած խնդիրներ: Դա լավատեսության սկզբունքն է, դա նման է հավատքին առ Աստված: Կամ հավատում եք, կամ ոչ: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Թեեւ, իհարկե, տարօրինակ իրադարձություններ տեղի են ունենում:  

 

Մարդկային աշխարհը շատ ավելի փոխկապակցված է, քան մարդկանց թվում է: Մարդիկ կարծում են, որ նրանք այնքան էլ շատ կապված չեն միմյանց, եւ այն, ինչ իրենք անում են, առանձնապես չի ազդում մյուսների վրա: Աշխարհում գոյություն ունի մեծ, չարտահայտված լարվածություն մարդկանց, ազգերի, պետությունների միջեւ: Այդ լարվածությունը աղավաղում է տարածությունը, եւ առաջ են գալիս այնպիսի տարօրինակ իրադարձություններ, ինչպիսին է լարվածությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, կամ էլ օդանավի անհետացումը: Սակայն, կարծում եմ, ամեն ինչ կկարգավորվի:

 

Սերգեյ Բելոուսովի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին