Արցախը կոչ է արել ԵԽԽՎ-ին չվտանգել փխրուն խաղաղությունը - Mediamax.am

7988 դիտում

Արցախը կոչ է արել ԵԽԽՎ-ին չվտանգել փխրուն խաղաղությունը


Լուսանկարը` ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում անընդունելի են համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված հակահայկական բնույթի եւ կանխակալ զեկույցները:

«Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ:

 

Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԼՂՀ ԱԺ-ում նշել են, որ նշված զեկույցները եւ նախագծերը՝ ԵԽԽՎ նորմերի եւ սկզբունքների խախտմամբ, կազմվել են միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը:

 

«Ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձեւերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլեւ կարող է ընկալվել որպես հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ։ Ցանկացած կողմնակալ, միջազգային միջնորդների հետ չհամաձայնեցված գործողություն կարող է խախտել այն փխրուն հավասարակշռությունը, որը ներկայիս լարված իրավիճակը բաժանում է լայնամասշտաբ պատերազմից»,- նշված է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։

 

ԼՂՀ ԱԺ պատգամավորական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կոչ են արել ԵԽԽՎ գործընկերներին հավատարիմ լինել Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը եւ զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից:

 

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Ստրասբուրգում կմեկնարկի հունվարի 25-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին