ԼՂ բանակցային գործընթացն աշնանը կակտիվանա, կարծում է փորձագետը - Mediamax.am

24164 դիտում

ԼՂ բանակցային գործընթացն աշնանը կակտիվանա, կարծում է փորձագետը


Ռուբեն Սաֆրաստյանը
Ռուբեն Սաֆրաստյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր տեսակետ է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն աշնանը կակտիվանա։

«Ելնենով վերջին շրջանում ամերիկյան քաղաքականությունից՝ Վաշինգտոնը, հետեւելով Ռուսաստանի օրինակին, կփորձի ավելի նախաձեռնող լինել, որը, սակայն, ԼՂ խնդրի կարգավորման համար սկզբունքային նշանակություն չի ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։ 

 

Փորձագետը նկատել է, որ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության եւ հեղինակության թուլացումը հանգեցնելու է Իրանի դերի բարձրացման։

 

«Այս առումով շատ կարեւոր էր Հայաստանի նախագահի մասնակցությունը Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դուրս են գալիս երկկողմ մակարդակից, եւ տարածաշրջանում կայունացնող մթնոլորտ է ստեղծվում»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։

 

Նրա խոսքով՝ այս համատեքստում Ադրբեջանը, իր հերթին, փորձում է լրջորեն վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը։

 

«Իլհամ Ալիեւը չի մասնակցում Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը՝ ԱՄՆ-ին ցույց տալով, որ հետեւում է վերջինիս քաղաքականությանը։ Ադրբեջանը, առանց որեւէ պատճառ հայտնելու, հրաժարվում է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի շրջանակում տեղի ունեցող զորավարժություններին։ Այս կերպ Ադրբեջանը փորձում է բարենպաստ դիվանագիտական դաշտ ստեղծել աշնանն իր արտաքին քաղաքականության ակտիվացման համար»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին