«Խաղաղությունը գերակա է, բայց վճռականության պակաս չկա» - Mediamax.am

2034 դիտում

«Խաղաղությունը գերակա է, բայց վճռականության պակաս չկա»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարեւորությունը:

Հունվարի 12-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

 

«Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության ծրագրում 2018թ. մայիսին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտացոլված սկզբունքները: Նա, մասնավորապես, ընդգծեց, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, եւ վերստին շեշտեց խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարեւորությունը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում: Ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հիմնահարցի հանգուցալուծման համար հարկավոր է հակամարտության բոլոր կողմերի` խաղաղության հասնելու իրական հանձնառությունը:

 

Նա նկատել է, որ լարվածության բացառման, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառումը եւ դրանց շարունակական զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը կարեւոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման համար:

 

Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանն ասել են, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործումից զերծ մնալը կարող է լավագույնս բնորոշել խաղաղ հանգուցալուծման հանձնառությունը: Նրանք ընդգծել են, որ խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին