Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարող է «ուժեղ խթան» հանդիսանալ - Mediamax.am

3425 դիտում

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարող է «ուժեղ խթան» հանդիսանալ


Լուսանկարը` Armenian MFA


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումներից հետո:

Միջնորդները նախ առանձին են հանդիպել Զոհրաբ Մնացականյանին եւ Էլմար Մամեդյարովին, այնուհետեւ կայացել է համատեղ հանդիպում:

 

Այնուհետեւ նախարարները եւ համանախագահները հանդիպման արդյունքները քննարկել են Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմոյնի, ինչպես նաեւ նախագահ Մակրոնի խորհրդականների հետ:

 

«Նախարարները քննարկել են կարգավորման վերաբերող հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են իրենց բնակչությունները խաղաղությանը պատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցում: Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ դիտարկել են բանակցային գործընթացի ներկա փուլի առանցքային սկզբունքներն ու չափորոշիչները: Նախարարներն ու միջնորդները քննարկել են հաջորդ քայլերը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման կազմակերպման համար՝ բանակցությունների դինամիկային ազդեցիկ խթան հաղորդելու նպատակով: Համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը միտված հնարավոր փոխադարձ շահավետ նախաձեռնությունների կարեւորությունը: Միջնորդները նախատեսում են առաջիկայում հանդիպել երկու երկրների ղեկավարներին», - ասված է հայտարարության մեջ:

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ միջնորդների հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյան վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարեւորությունն առավել մեծ փոխըմբռնում եւ փոխվստահություն հաստատելու գործում:

 

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ հայտնել է հետեւյալը.

 

«Տեղի ունեցավ մտքերի օգտակար եւ կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաեւ առավել լայն փոխըմբռնման եւ փոխվստահության հաստատմանը:

 

Ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

 

Հանդիպման նոր ժամկետները դեռեւս հաստատված չեն, այնուամենայնիվ, նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետեւողական, նպատակաուղղված շփումները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին