Կարեն Քեռյան. Մաթեմատիկան ամենուր է, գտնելու ցանկություն է պետք - Mediamax.am

exclusive
21501 դիտում

Կարեն Քեռյան. Մաթեմատիկան ամենուր է, գտնելու ցանկություն է պետք


Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրոցում է Կարեն Քեռյանի հետ
Մարի Թարյանը զրոցում է Կարեն Քեռյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

 

Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

 

Դեռ մանկուց մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելը Կարեն Քեռյանի ամենասիրելի զբաղմունքն էր: Այն տարիների ընթացքում վերածվեց ուղու, որը նրան բերեց մաթեմատիկայի աշխարհ:

 

Այսօր արդեն Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կարեն Քեռյանը մաթեմատիկան համարում է կյանքի շարժիչ ուժերից մեկը: «Ամեն բան մոդելավորվում է եւ գալիս-հանգում մաթեմատիկական խնդրի: Մաթեմատիկան ամեն ինչի թե սկիզբն է, թե վերջը»,- ասում է նա:

 

Թեեւ ընտանիքում որեւէ մեկը չկար, որ զբաղվում էր այս գիտությամբ, բայց դեռեւս դպրոցական տարիներին շատ հետաքրքրված էր մաթեմատիկայով եւ մասնակցում էր օլիմպիադաներին:

 

«Դպրոցն ավարտելիս մտածում էի տնտեսագիտության ուղղությամբ գնալ, բայց վերջին օրերին քրոջս հետ երկու րոպե տեւած զրույցի արդյունքում որոշեցի դիմել մաթեմատիկայի ֆակուլտետ: Ընդունվեցի հարցազրույցով եւ ֆակուլտետի հետ կապվեցի 2001թ.-ից»:

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտական հետաքրքրություններն օրթոգոնալ շարքերին (Ֆրանկլինի ընդհանուր համակարգ) են վերաբերում, բայց առհասարակ մաթեմատիկայի տարբեր բնագավառներով հետաքրքրվում է եւ գեղեցկությունը վայելելու ամեն առիթն էլ փորձում է օգտագործել:

 

«Ուրախ եմ, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, եւ եթե ապագայում երեխայիս մեջ սեր լինի մաթեմատիկայի նկատմամբ, միանշանակ կքաջալերեմ նրան: Եթե մարդը ցանկություն ունի, պետք է պարտադիր զբաղվի մաթեմատիկայով, այդ դեպքում նա վստահաբար գոհ կլինի իր կյանքից»:

 

Մաթեմատիկան սիրելու բանաձեւը

 

Այժմ Կարեն Քեռյանը դասավանդում է Երեւանի պետական եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում, 2013թ.-ից ուսանողական միջազգային օլիմպիադաներում ղեկավարում է Հայաստանի թիմը:

 

«Վերջին տարիներին մեր ուսանողները բավական մեծ հաջողություններ են գրանցում, ինչը իրենց հետաքրքրվածության, աշխատասիրության եւ ճիշտ ուղղորդման արդյունքն է: Աշակերտների եւ ուսանողների մեջ մաթեմատիկայի հանդեպ կիրքը վառելու համար առաջին հերթին պետք է սիրով դասավանդել: Եթե մի բանը սիրելով կամ չսիրելով են անում, երկուսն էլ լավ երեւում են. սերը ծնում է սեր, իսկ զզվանքը՝ զզվանք: Զգայական մակարդակի վրա այդ սերը կարող է երեխաներին, լավ իմաստով, ստիպել ներգրավվել դրա մեջ: Իհարկե, դպրոցականների եւ ուսանողների հետ աշխատելը տարբեր է: Ես ուսանողների հետ եմ աշխատում, կարծում եմ, դպրոցականների դեպքում հարկավոր է խաղեր կազմակերպել, որոնք ավելի մատչելի եւ առարկայական կդարձնեն մաթեմատիկան: Ուսանողները կարող են աբստրակտ մաթեմատիկայից էլ հաճույք ստանալ, բայց աշակերտների դեպքում այլ է, օրինակ` ինչ-որ մաթեմատիկական պնդման վրա կազմակերպված հնարքը նրանց ավելի շատ կարող է հետաքրքրել եւ գրավել»,- մաթեմատիկան գրավիչ դարձնելու իր բանաձեւն է ներկայացնում նա:

 

Մաթեմատիկան՝ ունիվերսալ գիտություն

 

Կարեն Քեռյանն ասում է, որ Հայաստանում հիմա շատ լավ ուսանողներ կան եւ հույս է հայտնում, որ նրանք կլինեն վաղվա գիտնականները. «Իհարկե, պարտադիր չէ, որ օլիմպիադաներում հաջողած ուսանողները հետագա իրենց ուղին գիտության մեջ շարունակեն, բայց հավանականությունը մեծ է: Եթե օլիմպիադան սպրինտի նման է, ապա գիտությունը՝ մարաթոնի: Հնարավոր է հեռվից շատ նման լինեն, երկուսն էլ վազք են, բայց կատեգորիաները շատ տարբեր են»:

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաթեմատիկայի հանդեպ սեր ունեցող ապագա ուսանողներին Կարեն Քեռյանը հորդորում է կրթությունը շարունակել մաթեմատիկայի ֆակուլտետում, որտեղ կստանան հիմնարար գիտելիքներ, որից հետո նրանք ցանկության դեպքում կկարողանան հաջողության հասնել նաեւ այլ բնագավառներում: 

 

«Իհարկե, շատ կարեւոր է ճիշտ պահին հասկանալ նախընտրած ուղղությունը, բայց մաթեմատիկան այդ հնարավորությունը տալիս է՝ ցանկացած պահից շարժվել ցանկացած ուղղությամբ: Հիմա շատ հնարավորություններ կան մաթեմատիկայում հետաքրքրությունները բավարարելու՝ տարբեր ծրագրեր, սեմինարներ են կազմակերպվում: Նույնիսկ համացանցը տալիս է այդ հնարավորությունը, տարբեր ֆորումներ կան, որտեղ կարելի է հետաքրքրող խնդիրը լուծել կամ լուծումներ հարցնել: Տեխնոլոգիաներն էլ այսօր շատ հնարավորություններ են տալիս՝ մաթեմատիկան մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու եւ համախոհներ գտնելու համար»,- ասում է մաթեմատիկոսը:

 

Նա նկատում է, որ մաթեմատիկան ինչ-որ առումով ունիվերսալ է, եւ երբ մարդը կարողանում է հաջողությունների հասնել մաթեմատիկայում, շատ այլ բնագավառներում եւս կարող է հաջողել: Նա նշում է, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ ֆունդամենտալ մաթեմատիկական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել են լրիվ այլ բնագավառներ, բայց բավական հաջողակ են եղել: Հենց դա այն ամենամեծ բանն է, որ տալիս է մաթեմատիկան. լավ մտածողություն, որը պետք եղած ժամանակ կարելի է գործի դնել:

 

Ինչ վերաբերում է ապագային, ապա ըստ Կարենի, հայերի մեջ մաթեմատիկական ընդունակությունները կան եւ կարող են շատ լավ գիտնականներ ծնվել:

 

«Իհարկե, ֆինանսավորման, լավ մասնագետներ բերելու, տեղի մասնագետներին պահելու խնդիրը կա, եւ այն շատ լուրջ է, բոլոր բնագավառները կիսում են այդ խնդիրը: Որպեսզի Հայաստանը մաթեմատիկայի առումով աշխարհից կտրված չլինի, եղած ներուժը զարգացնելու ռեսուրսներ են պետք՝ թե մարդկային, թե ֆինանսական»:

 

Մաթեմատիկա սովորելու պատճառները

 

Ներկայացնելով մաթեմատիկայի գրավչությունը՝ Կարեն Քեռյանն ասում է, որ այն զարգացնում է տրամաբանությունը, որը մարդուն հարկավոր է ամեն քայլափոխին.

 

«Եթե փորձում ես կարճ ճանապարհ գտնել կամ կառուցել, ապա մաթեմատիկան քեզ պետք կգա: Այն ամենուր է, մնում է ցանկություն ունենալ գտնել»:

 

Ասոցիացիաների եւ կյանքի մեջտեղում

 

Ինչպես մյուս մաթեմատիկոսների, այնպես էլ Կարեն Քեռյանի սիրելի զբաղմունքներից մեկն ասոցիացիաներ տեսնելն է՝ կյանքի երկու դրվագների կամ մաթեմատիկական թեորեմների միջեւ: 

Մարի Թարյանը զրոցում է Կարեն Քեռյանի հետ Մարի Թարյանը զրոցում է Կարեն Քեռյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաճելի է տեսնել, թե ինչպես են տարբեր օբյեկտները նույն տիպի պահվածք դրսեւորում: Մաթեմատիկան, ինչ-որ իմաստով, հենց այդ ասոցիացիաները տանելն է: Հիմա գործերի շատ լինելը թույլ չի տալիս մտովի թափառել: Մաթեմատիկայի եւ կյանքի միջեւ ասոցիացիաները միշտ են լինում: Դրանք շատ հաճելի են ու տեսողական: Նկարագրական բառերը շատ օգնում են արդյունքն ավելի տեսանելի, շոշափելի եւ հասկանալի դարձնելուն, այդ առումով որքան էլ որ մաթեմատիկան աբստրակտ գիտություն լինի, եթե արդյունքը հնարավոր լինի ինչ-որ բառերով նկարագրել, այդ բառերը միայն կարժեւորեն արդյունքը: Իհարկե, մաթեմատիկական աշխարհում ինչ-որ արդյունքներ կան, որ դրա կարիքը չունեն»:

 

Կարեն Քեռյանը մաթեմատիկայում ոգեշնչման անընդհատ աղբյուրներ ունի: Դասավանդելիս այդ աղբյուրն ուսանողների հետաքրքրվածությունն է, նրանց աչքերի կայծը, երբ ինչ-որ մի բան են հասկանում: Գիտության մեջ նրան պահում են արդյունքները. «Չգիտես ինչ կստացվի, ինքդ պիտի հասկանաս դա, հենց այդ հասկանալու պրոցեսն ինքնին շատ հետաքրքիր ու անակնկալներով լի է: Կարող ես շատ մոտ լինել արդյունքին, բայց չգտնել, մեկ այլ անգամ բախտդ բերի ու հեշտ գտնես այն: Դա ինձ համար մեծագույն հաճույք է, որը ստանում եմ գիտությամբ զբաղվելիս: Հենց արդյունքն է պահում այն գործի մեջ, որով զբաղվում ես»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին