Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայերենը երբեմն սովորում էի գոտու գնով» - Mediamax.am

persona
9189 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայերենը երբեմն սովորում էի գոտու գնով»

Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը`


Րաֆֆի Հովհաննիսյան.

 

Փաստեր

 

•    Ծնվել է 1959թ. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, հայտնի ամերիկահայ պրոֆեսոր եւ պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է: Ամուսնացած է, ունի 5 երեխա:

 

•    Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, Ֆլեթչերի դպրոցում եւ Ջորջթաունի համալսարանում:

 

•    1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան:

 

•    1991-1992թթ. եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը:

 

•    2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2007թ. ընտրվել ԱԺ պատգամավոր:

 

- Դուք հայտնի եք ձեր բարյացակամ եւ ջերմ վերաբերմունքով` նույնիսկ անծանոթ մարդկանց նկատմամբ: Որտեղի՞ց է գալիս ձեր բնավորության այդ հատկանիշը` դաստիրակությունի՞ց, երկար ժամանակ ԱՄՆ-ում ապրելո՞ւց, թե՞ ուղղակի Ձեր արժեհամակարգն է այդպիսին:

 

- Սա, թերեւս, ընտանեկան դաստիարակություն է, որն ինձ է փոխանցվել իմ պապիկներից եւ տատիկից: Որպես իրենց անդրանիկ թոռ` ես ստացել եմ կյանքի նկատմամբ այդ սերն ու գնահատականը: Կյանքը մեկ անգամ է տրվում, եւ մարդը պետք է ձգտի բարությամբ ու ջերմությամբ լցնել ապրած օրերը: Սխալական լինելով հանդերձ` ես գոնե այդ հարթության մեջ փորձում եմ արդար լինել: Այդ «բարեւ»-ով ես նաեւ ուզում եմ արտահայտել այն, որ մենք` մարդիկ, ավելի շատ նմանություններ ունենք, քան տարբերություններ:

 

Հայերենը սովորում էի գոտու գնով

 

- Չնայած այն հանգամանքին, որ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտում եք, Ձեր կյանքի «ամերիկյան» հատվածի մասին քիչ բան է հայտնի: Կպատմե՞ք Ձեր մանկության եւ երիտասարդ տարիների մասին: 

 

- Ես ծնվել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ ապրել է Վիլյամ Սարոյանը: Ցեղասպանությունից հետո իմ մեծ հայրիկները եւ մայրիկները այնտեղ էին ապաստան գտել: Հենց այդ քաղաքում ես արեցի իմ առաջին քայլերը: Չնայած 2 տարեկան էի, երբ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Լոս-Անջելես, սակայն գրեթե ամեն շաբաթ-կիրակի գնում էինք Ֆրեզնո. այն մեր գերդաստանի օրրանն էր մնում: Այսպիսով` կարելի է ասել, որ ես մեծացել եմ Ֆրեզնոն եւ Լոս-Անջելեսը միացնող 99 համարի մայրուղու վրա: Հայերեն սովորել եւ ուսումնասիրել եմ տան պայմաններում, քանի որ ամերիկյան դպրոց էի հաճախում: Իմ հայ ինքնությունը` տատիկներիս եւ պապիկներիս շնորհիվ, շատ վաղ սկսեցի գիտակցել. դա իր արտացոլանքը գտավ իմ երիտասարդական հասարակական գործունեությունում, երբ դպրոցում ու համալսարանում հիմնադրել էի հայ ուսանողական ակումբներ եւ բավականին ակտիվ էի հայ համայնքի երիտասարդական շարժումների մեջ: Քաղաքի տղա էի… Սիրում էի խաղալ ու հաճախել ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ: Մեծանում էի շատ ջերմ, բայց միեւնույն ժամանակ խստապահանջ միջավայրում: Հայերենը երբեմն սովորում էի գոտու գնով: Այդ պահին մտովի նզովում էի այդ խստապահանջ միջավայրը, բայց հետո` տարիներ անց, իհարկե, օրհնում էի…

 

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո

Լուսանկարը` Ր. Հովհաննիսյանի անձնական արխիվից

- Կրթություն եք ստացել ամերիկյան լավագույն բուհերում:

 

- Համալսարանում մասնագիտանալով միջազգային հարաբերությունների, արեւելագիտության եւ միջազգային իրավունքի ասպարեզներում, երկընտրանքի առջեւ էի հայտնվել: Հայրս հայագիտության, հայոց պատմության առաջամարտիկներից մեկն էր, եւ ես Կալիֆոռնիայի համալսարանն ավարտելուց հետո հնարավորություն ունեի շարունակելու հայագիտության ճյուղը եւ դառնալու նրա մասնագիտական ժառանգորդը կամ էլ` անցում կատարել դեպի Ֆլեթչեր եւ դիվանագիտության ոլորտը: Չգիտեմ` ազատ Հայաստան տեսնելու կիրառական տենչանքն էր պատճառը, թե երիտասարդական ավյունը, բայց ես հրաժարվեցի այդ ուղուց: Մինչեւ հիմա մեջս կասկածներ են մնացել` արդյոք ճի՞շտ որոշում կայացրի այն ժամանակ, թե` ոչ: Ծնողներս հետեւողականորեն ինձ պատրաստել էին այն անհավանական թվացող օրվան, երբ Հայաստանը պետք է դառնար ազատ եւ անկախ երկիր: Դրա համար ես անչափ երախտագետ եմ իրենց:

 

- Ճի՞շտ է, որ երիտասարդ տարիներին դուք ամերիկյան ֆուտբոլային աստղ եք եղել:

 

- Ոչ, ես ֆուտբոլային աստղ երբեք չեմ եղել (ժպտում է): Ենթադրում եմ, որ այդ տեղեկությունը քաղել եք ավագ որդուս` Կարինի «Գերդաստան ստվերաց» գրքից: Այն  պատմագրություն է մեր ընտանիքի մի քանի սերունդների անցած ուղիների վերարծարծման միջոցով: Չնայած նա ինձ չի խնայում արդար քննադատությունից` այս դեպքում անտեղի գովաբանել է: «Palisades» ավագ դպրոցի ֆուտբոլային թիմի անդամ էի, բայց ոչ աստղ: Չաղլիկ երեխա էի` սեփական քաշի դեմ անընդհատ պայքարող մեկը: Համենայն դեպս` մինչեւ հիմա իմ մեջ պահպանվում է հետաքրքրությունը ամերիկյան ֆուտբոլի նկատմամբ, եւ երբ ԱՄՆ-ում եմ լինում, երբեմն հետեւում եմ խաղերին:

- Ե՞րբ եք առաջին անգամ այցելել Հայաստան եւ ինչպիսի՞ն էին ձեր տպավորությունները:

 

- Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 1970 թվականին` 10 տարեկանիս: Առաջին տպավորություննե՞րը… Հիշում եմ` Երեւանի օդանավակայանը բավականին անհյուրընկալ տեսքով դիմավորեց ինձ` հայրենիք վերադարձող երիտասարդ սփյուռքահայիս (ժպտում է): Հաջորդ տարին նույնպես եկա Հայաստան` այս անգամ գերդաստանի ավելի ընդլայնված կազմով: Այնուհետեւ այցերս դարձան մշտական: Իհարկե` որոշ անընդունելի եւ ինչ-որ տեղ օտար բաներ կային ինձ համար, բայց ամեն դեպքում զգում էի, որ դա է իմ հայրենիքը, եւ այն չեն ընտրում: Միշտ տխուր էի մեկնում Հայաստանից եւ անհամբեր սպասում, թե երբ կրկին կվերադառնամ: Կարող եմ հիմա մեծ-մեծ ասել, թե դեռ այն ժամանակ որոշեցի վերադառնալ` ապրելու Հայաստանում: Չեմ հիշում` երբ կայացրի այդ վճիռը, բայց, գիտե՞ք, չի բացառվում, որ դա եղել է իմ հասուն տարիքից ավելի վաղ…

 

Հուսով եմ` տղաս կդառնա ֆուտբոլային աստղ, ինչպիսին ես երբեք չեմ եղել

 

- Ինչպե՞ս ստացվեց, որ երկրաշարժից հետո որոշեցիք վերջնականապես վերադառնալ Հայաստան, Ձեզ եւ Ձեր ընտանիքի համար դժվար չէ՞ր նման որոշման գալը:

 

- Ինձ համար դա շատ բնական ու անմիջական որոշում էր, բայց ընտանիքիս, իհարկե, շատ ծանր տրվեց: Այն ժամանակ`80-ականների վերջում, զգում էի, որ կենդանի պատմության վկա եմ: Սպիտակի ահավոր երկրաշարժից շատ չանցած` ես իմ իրավաբանական ընկերության տնօրինությանը եւ գործընկերներիս հայտնեցի մշտապես հայրենիք տեղափոխվելու որոշմանս մասին եւ հրաժեշտ տվեցի ԱՄՆ-ին: Զգում էի, որ կրթությունս եւ դաստիարակությունս հենց այդպիսի օրվա համար են, իսկ ընտանիքիս համար իսկապես շատ ծանր էր: Ես գիտակցում էի, որ խախտում եմ կնոջս եւ երեխաներիս բնականոն ապրելու ընթացքը: Թեեւ ինձ համար այդտեղ որեւէ զոհողություն չկար, բայց, կարծում եմ, այդ զոհաբերությունը կրեց իմ ընտանիքը: Այսպիսով` կարելի է ասել, որ մեր` հայրենիք վերադառնալն ինչ-որ տեղ ընտանիքիս հաշվին եղավ, եւ դա իմ բազմաթիվ պարտություններից մեկն է:

 

Հոր ու որդու` Կարինի հետ

Լուսանկարը` Արա Օշական

 

- Ձեր երեխաներն այդ քայլի համար մեղադրե՞լ են ձեզ, կամ, միգուցե, հակառակը` շնորհակալությո՞ւն են հայտնել:

 

- Այսօր ես ուրախանում եմ` տեսնելով, որ երեխաներս գտնում են իրենց ուղին: Որպես սխալ գործած եւ դրա համար ինչ-որ մեղմացուցիչ հանգամանքներ փնտրող հայր` ուզում եմ մտածել, որ այդպիսով նրանց սեփական ճանապարհը հարթելու հնարավորություն տվեցի:  Իհարկե` զավակներս հասկանում են, որ իրենց մանկությունը բարդացրել եմ, մեկ-մեկ այդ կարգի բողոքներ լսում եմ, բայց փորձում եմ հասկացնել, որ փոխարենը իրենց հոգեկերտվածքն ուժեղացավ: Հասունանալով` տեսնում են, որ ստացան Հայաստանի ամբողջական պատկերը` բնորոշ արժեքներով, սխալներով եւ հույսերով: Իրենք իրենց տեղը գտնում են հայկական աշխարհում: Թեեւ կրտսեր տղաս` Արմեն-Ռիչարդը, չի սիրում, երբ խոսում եմ այս մասին, բայց ինքը պակաս հաջողակներից չէ` մինչեւ 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է: Այ նա, հույս ունեմ, կդառնա ֆուտբոլային աստղ, ինչպիսին ես երբեք չեմ եղել:

 

1991 թվին գտնվում էի էյֆորիայի մեջ

 

- Դուք եղել եք անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը: Երբ Ձեզ զանգահարեց երկրի նախագահը եւ առաջարկեց այդ պաշտոնը, դա Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ հոգեբանորեն արդեն պատրաստ էիք դրան:

 

- Հայաստանի անկախությունից հետո իմ մեջ այնքան ինքնավստահություն կար, որ մտածում էի` կարող եմ արտգործնախարարությունում վարչության պետ կամ փոխնախարար աշխատել: Սակայն մի քանի ամիս անց նախագահն անակնկալ ձեւով առաջարկեց արտգործնախարարի պաշտոնը: Ինձ թվում է` ամեն մարդ իր կյանքի ընթացքում ունենում է ջրբաժան պահեր, երբ չգիտի` պատրա՞ստ է այս կամ այն քայլին, թե` ոչ: Ես զգացի, որ իմ կենսափորձը, կրթությունը, դաստիարակությունը նպատակաուղղված ու նախատեսված էին հենց այդ օրվա համար, եւ գտա, որ պատրաստ եմ ընդունելու այդ առաջարկը, չնայած մինչ այդ դիվանագիտական կրթությունս գործնականորեն կիրառելու փորձ չունեի: Այն ժամանակ այդ պաշտոնը գրեթե անմշակ տարածք էր: Առաջին անգամ պետք է վարվեր ինքնիշխան Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ, միաժամանակ, սաղմնային վիճակից հառներ արտաքին գործերի նոր նախարարություն: Առջեւում մեծ մարտահրավերներ էին, իսկ գլխավոր խնդիրներից մեկը, բնականաբար, Հայաստանի Հանրապետության ճանաչումն էր: Առաջին տարին էր, բոլորս հաճելի էյֆորիայի մեջ էինք, ռոմանտիկ եւ հասկանում էինք, որ ապրում ենք պատմական շրջափուլ: Մեծ հույսեր եւ ակնկալիքներ ունեինք:

 

1992թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

Լուսանկարը` Ր. Հովհաննիսյանի անձնական արխիվից

 

Իմ ցանկությունները քաղաքական ռոմանտիզմ չեն

- Չեմ կարծում, որ գաղտնիք կբացեմ ձեզ համար, երբ ասեմ, որ շատերը Ձեզ քաղաքական ռոմանտիկ են համարում: Համամի՞տ եք այս բնորոշման հետ եւ կարծո՞ւմ եք արդյոք, որ պրագմատիկ ու դաժան կանոններով քաղաքականության մեջ ռոմանտիզմի համար տեղ կա: 

 

- Կարծում եմ` ավելի լավ, ավելի արդար, ազատ եւ առաջատար երկիր ունենալու հավատքը եւ ցանկությունը ռոմանտիզմ չեն, դա ուղղակի ազգային անհրաժեշտություն է: Եթե ռոմանտիզմ ասելով` նկատի է առնվում քաղաքացու ձայնի իրավունքը, նրա իրավունքի պաշպանությունը, Հայաստանի ինքնիշխանության եւ ազգային շահերի պաշտպանությունը, ուրեմն կարող եմ ասել, որ քաղաքական ռոմանտիզմը ոչ միայն հրամայական է, այլ նաեւ հաղթելու է մեր երկրում: Գուցե իմ բառապաշարի մեջ, որն արեւմտահայերենի ու արեւելահայերենի խառնուրդն է, պարունակում է գեղապաշտություն, բայց այն, ինչ ընկած է դրա հիմքում, վստահ եմ, ամեն հայաստանցու ցանկությունն է: Եվ եթե այսօր դա ռոմանտիզմի ոլորտից է կամ` ինչ-որ հեռահար տեսություն, ապա կգա մի օր, երբ այդ ամենը կդառնա մեր կյանքի սովորական ուղենիշը:

- Ինչպիսի՞ն է Րաֆֆի Հովհաննիսյանն առօրյա կյանքում: Ինչպե՞ս եք լրացնում Ձեր ժամանցը:

 

- Ես շատ եմ սիրում մեր մշակույթը եւ արվեստը: Փորձում եմ բաց չթողնել հետաքրքիր համերգներն ու ներկայացումները: Նաեւ սիրում եմ ուղղակի զբոսնել, եւ եթե եղանակը թույլ է տալիս, տնից ոտքով եմ գնում աշխատանքի:

 

Ր. Հովհաննիսյանի պսակադրությունը

Լուսանկարը` Ր. Հովհաննիսյանի անձնական արխիվից

 

- Գիրք կարդալու ժամանակ ունենո՞ւմ եք եւ ի՞նչ եք նախընտրում: 

 

- Շատ եմ կարդում: Հայ գրողներից Նարեկացի եւ Րաֆֆի եմ սիրում ընթերցել: Փորձում եմ ժամանակ գտնել եւ հայ ավանդական գրականության համար, եւ` միջազգայինի: Ժամանակակից գրականությունից սիրում եմ Օրհան Փամուկին, նաեւ` Խեչոյանին, Շեկոյանին, Պետրոսյանին: Վերջին շրջանում կարդում էի Հենրի Քիսինջերի հուշերը: Գրքերի միջոցով հիմնականում փորձում եմ գտնել ինքս ինձ:

 

- Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

 

- Այո, երջանիկ մարդ եմ, բայց ոչ միշտ ուրախ:

 

- Իսկ ինչի՞ մասին եք երազում:

 

- Երազում եմ այն մասին, որ հայ երիտասարդն ապրի իր երկրում եւ հպարտանա նրանով: Երազում եմ, որ իմ երեխաները եւ թոռները լինեն լավ մարդիկ եւ լավ քաղաքացիներ: Երազում եմ ազատագրվելու մասին… Ուզում եմ, որ սեփական հողում հայ մարդը ապրի ազատ: Վստահ եմ` այդ օրը գալու է:

 

Արամ Արարատյանը զրուցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

- Վերջում միշտ բլից-հարցում եմ անցկացնում Մարսել Պրուստի հարցաթերթից` կարճ հարցեր-կարճ պատասխաններ: Ո՞րն է Ձեր գլխավոր հատկանիշը:

 

- Համեստությունը, սխալականությունն ու այն ընդունելու հատկությունը:

 

- Գլխավոր թերությունը:

 

- Նույնն է:

 

- Ձեր կյանքի գլխավոր նվաճումը:

 

- Իմ ընտանիքը:

 

- Ձեր սիրած գրական հերոսը, եթե ունեք այդպիսին:

 

- Խենթը:

 

- Եթե հնարավորություն ունենայիք համաշխարհային պատմական որեւէ դեմքի հետ հանդիպելու եւ զրուցելու, ո՞ւմ կնախընտրեիք:

 

- Տիգրան Մեծին:

 

- Իսկ ո՞ր պատմական դեմքի նկատմամբ եք հակակրանքով լցված:

 

- Աշխարհի բոլոր ժամանակների բռնակալների եւ, առաջին հերթին, Թալեաթի նկատմամբ:

 

- Եթե Ձեզ առաջարկվեր անմահություն` առանց որեւէ նախապայմանի, կընդունեի՞ք:

 

- Ոչ, որովհետեւ ֆիզիկական անմահությունն ինքնին մահ է, իսկ հոգեւոր անմահության կարող ենք արժանանալ բոլորս:

 

- Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:

 

- Երախտապարտ եմ, Տեր իմ:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին