ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը՝ 4 կետով - Mediamax.am

exclusive
22831 դիտում

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը՝ 4 կետով


Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը
Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը

Լուսանկարը` пресс-служба правительства Армении

Նիկոլ Փաշինյանը, Ժան-Կլոդ Յունկերը եւ Յոհանես Հաանը
Նիկոլ Փաշինյանը, Ժան-Կլոդ Յունկերը եւ Յոհանես Հաանը

Լուսանկարը` пресс-служба правительства Армении


2019 թվականի  մարտի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, մասնավորապես, ասել էր.

 

«Մենք կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարեւոր է եւ՛ Հայաստանի համար, եւ՛ Եվրամիության: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից եւ լավ ճանաչեն»: 

 

Հայաստանի քաղաքացիներից շատերը համոզված են, որ բանակցությունների ավարտից  եւ վիզաների ազատականացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո նրանք կարող են ցանկացած ժամանակ այցելել Շենգենյան գոտու երկրներ՝ միայն ավիատոմս գնելով: Դա այդպես չէ: 

 

«Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը պատրաստելու համար ծանոթացանք այն կանոններին, որոնք գործում են Վրաստանի քաղաքացիների համար. Վրաստանը մի քանի տարի առաջ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին պայմանագիր է ստորագրել:

 

1. Կարճատեւ այցով որտե՞ղ կարելի է ուղեւորվել՝ առանց վիզայի:

 

ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը ենթադրում է ազատ տեղաշարժ Շենգենյան գոտու տարածքում, որը ներառում է ԵՄ 22 անդամ երկրներ, չորս ոչ ԵՄ անդամ երկրներ եւ չորս երկրներ, որոնք պատրաստվում են դառնալ Շենգենյան համաձայնագրի անդամ:

 

Բացառությունը ԵՄ երկու երկրներն են՝ Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան:

 

2. Ի՞նչ է նշանակում «կարճատեւ այց»:

 

Կարճատեւ այցը նշանակում է, որ այցելուն ցանկացած 180 օրվա ընթացքում  կարող է Շենգենյան գոտում գտնվել 90 օր:

 

ԵՄ/Շենգենյան գոտում 90 օր գտնվելուց հետո Վրաստանի քաղաքացին պետք է վերադառնա: Հաջորդ մուտքը Եվրամիության/Շենգենյան տարածք հնարավոր կլինի 90 օր անց (ընդհանուր առմամբ՝ 180 օր):

 

Նիկոլ Փաշինյանը, Ժան-Կլոդ Յունկերը եւ Յոհանես Հաանը Նիկոլ Փաշինյանը, Ժան-Կլոդ Յունկերը եւ Յոհանես Հաանը

Լուսանկարը` пресс-служба правительства Армении

 

Վրաստանի քաղաքացին կարող է 90 օրվա ընթացքում մի քանի անգամ մուտք գործել Շենգենյան գոտի, սակայն վերջին 180 օրվա ընթացքում այցի տեւողությունը չպետք է գերազանցի 90 օրը:

 

Կարճատեւ այցելություն կարելի է կատարել զբոսաշրջության, ընտանիքի անդամներին կամ ընկերներին այցելելու, գործուղումների, կարճաժամկետ ուսումնական ծրագրերի եւ դասընթացների, բուժման նպատակով:

 

3. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սահմանը հատելու համար:

 

Վրաստանի քաղաքացիները պետք է ունենան կենսաչափական անձնագիր:

 

Եվրոպական պետությունների սահմանապահները հետաքրքրվելու են ուղեւորության նպատակով եւ կարող են պահանջել հետեւյալ փաստաթղթերը.

 

- Հետադարձ տոմս,

 

- Տեղեկատվություն ամրագրած հյուրանոցի կամ նախատեսված բնակության վայրի մասին, բժշկական ապահովագրություն: 

 

- Ուղեւորության ֆինանսական ապահովումը հաստատող փաստաթուղթ (կանխիկ գումար, վավեր բանկային քարտեր եւ այլն)՝ սովորաբար օրական 50 եվրո (չհաշված հյուրանոցը) հաշվարկով:

 

4. Ի՞նչ է լինում ԵՄ/Շենգենյան տարածք մուտք գործելու եւ գտնվելու կանոնները խախտելու դեպքում:

 

90-օրյա ժամկետը գերազանցելու դեպքում Շենգենյան գոտում ներկայությունը համարվում է անօրինական, եւ անձը ենթակա է ռեադմիսիայի:

 

Բացի այդ, մինչեւ 5 տարի ժամկետով կսահմանափակվի նրա՝ Շենգենյան երկրների տարածք մուտքը: Որպես այլընտրանք կարող է կիրառվել մինչեւ 3000 եվրո տուգանք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին