Հայաստանի նախագահը երկխոսության է հրավիրել կողմերին - Mediamax.am

4682 դիտում

Հայաստանի նախագահը երկխոսության է հրավիրել կողմերին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 19-ին հայտարարություն է տարածել՝ երկխոսության կոչ անելով:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

 

«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: 

 

Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: 

 

Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: 

 

Հայաստանի խորհրդարանը եւ նրա մեծամասնության ձեւավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու եւ հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար: 

 

Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:

 

Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:

 

Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները եւ ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով: 

 

Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին եւ իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն եւ պատասխանատվություն: 

Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին