Կարեն Կարապետյան. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սպառնացել է» - Mediamax.am

8098 դիտում

Կարեն Կարապետյան. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սպառնացել է»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումից «ակնկալում էինք, որ այն կտա որոշակի տարբերակներ, այս իրավիճակից դուրս գալու որոշակի ճանապարհային քարտեզ կստեղծի»:

Այս մասին առաջին փոխվարչապետն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ մարդիկ գալիս են միմյանց լսելու եւ հնարավոր լուծում գտնելու:  

 

«Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ: Ակնհայտ էր, որ կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ուզում է լուծում գտնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Պատասխանելով Մեդիամաքսի այն հարցին, որ շատերը պնդում են, թե հիշեցնելով 2008 թվականի մարտի 1-ի մասին՝ Սերժ Սարգսյանը սպառնացել է դրանց կրկնությամբ, Կարեն Կարապետյանն ասել է.

 

«Ես այդպես չեմ կարծում, որ սպառնալիք է: Ուղղակի եղել է հիշեցում մեր պատմության մեջ շատ դառը, դաժան օրվա մասին: Վստահ եմ, որ բոլորը դրանից պետք է եզրակացություն անեն»:

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ մյուս պատգամավորների ձերբակալությանը, նա ասել է. «Վստահ եմ, որ իրավական հիմքեր կան եւ իրավապահ մարմինները կհիմնավորեն դա»:

 

Խոսելով երկխոսության հետագա հնարավորության մասին՝ փոխվարչապետն ասել է, որ «երբեք ուշ չէ, բայց պետք է համարձակություն եւ դիրքորոշում ունենալ»:

 

«Կարծում եմ, որ վատ չէր լինի քաղաքական ուժերը հավաքվեին: Այսօր մեր հայրենակիցները, ցուցարարները կարող են առաջ բերել պահանջները ձեւակերպող մարդկանց: Եվ պետք է իրենց հետ խոսել: Ես չեմ ասում մենք ամեն ինչ լավ ենք արել, բայց պետք է լսենք մեկս մյուսին, ոչ թե թելադրել ու բռնանալ՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն»,- ասել է նա:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին