Փաշինյանը ամփոփել է անցած մեկ տարին. Ամենագլխավորը - Mediamax.am

3018 դիտում

Փաշինյանը ամփոփել է անցած մեկ տարին. Ամենագլխավորը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին 24-ին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը խոսել է մեկ տարվա արդյունքների, խնդիրների եւ մարտահրավերների մասին: 

 

Ներկայացնում ենք ամենակարեւորը վարչապետի խոսքից:

 

Տնտեսական կայունության մասին

 

Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետեւ նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, եւ տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, եւ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեեւ այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:

 

Նոր աշխատատեղերի մասին

 

Նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում: 

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

 

Մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:

 

130 մլն դոլարի մասին

 

Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Կասկած չկա, որ մինչեւ տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:

 

Ներդրումների եւ անկախ դատական համակարգի մասին 

 

Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաեւ համոզմունք եւ գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետեւ ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, եւ սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են:

 

Արտաքին քաղաքականության մասին

 

Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաեւ որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եւ ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն: 

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

 

Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաեւ Եվրամիության հետ: Մենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, եւ, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, եւ մենք այդ ուղղությամբ կաշխատենք: 

 

Մեզ հաջողվել է պահպանել եւ զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարեւան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Մենք շատ լավ աշխատանքային մթնոլորտ ենք հաստատել Չինաստանի հետ: 

 

Մենք բնականոն հարաբերություններ ենք զարգացնում նաեւ Միացյալ Նահանգների հետ:  Վերջերս մեկնարկեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը, եւ մենք  հույս ունենք եւ համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք: 

 

Նորից դատական համակարգի մասին

 

Իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ: 

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

 

Եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաեւ դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին