Երեւան: Մեդիամաքս: Նախորդ գիշեր փլուզվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան հայկական եկեղեցու մի հատվածը:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հաղորդել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, եկեղեցին տասնամյակներ շարունակ գտնվել է վթարային վիճակում:
«Ամենայն հավանականությամբ, եկեղեցին փլուզվել է մայիսի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի ու մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով»,- նշել է Վազգեն Միրզախանյանը:
Նրա խոսքով, վրացական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել 1701 թ.-ին կառուցված եկեղեցին վերականգնելու ուղղությամբ:
Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդեց ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը, այս պահին իրենք փորձում են ճշտել դեպքի մանրամասները:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. հունվարին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնել էր, եկեղեցու հրատապ ամրակայման աշխատանքները կիրականացվեն այս տարի:



















