Հրապարակվել է սեւ խոռոչի առաջին լուսանկարը - Mediamax.am

6062 դիտում

Հրապարակվել է սեւ խոռոչի առաջին լուսանկարը


Լուսանկարը` M87 (Messier 87) գալակտիկայի սեւ խոռոչի նկարը


Դեռեւս ապրիլի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը հայտարարել էր, որ Event Horizon Telescope-ը (EHT, Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ) սեւ խոռոչների ուսումնասիրությունների արդյունքում սենսացիոն բացահայտում է գրանցել, եւ ապրիլի 10-ին հնարավոր է հրապարակվի «սեւ խոռոչի» առաջին լուսանկարը։ 

 

Հրապարակվեց 

 

«Սեւ խոռոչի» առաջին լուսանկարը հրապարկվեց Երեւանի ժամանակով ժամը 17։07։ Մինչ լուսանկարի ցուցադրումը Եվրոպական հանձնաժողովի գիտական  հետազոտությունների եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մուեդասը հայտարարեց.

 

«Մենք պատրաստվում ենք մարդկության համար ամենակարեւոր բացահայտումներից մեկի լուսանկարը հրապարակել։ Սա մի  լուսանկար է, որի մեջ պատկերված երեւույթի գոյությանը պատմության մեջ միայն մեկ մարդ է երազել, պատկերացրել եւ հավատացել 1920-ականներին։ Այդ մարդը Ալբերտ Էյշնտեյնն էր։ Գիտության պատմությունն այսօրվանից բաժանվում է պատմության մինչեւ լուսանկարի հրապարակումը եւ լուսանկարի հրապարակումից հետո։ Հենց այս պահին ես չեմ կարող չհիշել նաեւ հորս, որը մի անգամ դիտում էր ֆիլմ սեւ խոռոչի մասին ու հանկարծ բղավեց, «Ի՞նչ եմ անում ես այստեղ։ Մի՞թե գոյություն ունի զուգահեռ տիեզերք։ Եթե այո, ապա ո՞րն է այն, ինչո՞ւ չի բացահայտվել»։

 

Ի՞նչու է սենսացիա

 

Սեւ խոռոչն անհնար է նկարել որպես սովորական օբյեկտ, քանի որ գրավիտացիոն ձգողականությունն այնքան ինտենսիվ է, որ որեւէ նյութական բան եւ նույնիսկ լույսի արագությամբ շարժվող օբյեկտները, այդ թվում՝ հենց լույսի քվանտը չեն կարող «լքել» այն։

 

Սակայն հնարավոր է դարձել լուսանկարել սեւ խոռոչի իրադարձությունների հորիզոնը՝  հենց այն «անվերադարձի» սահմանը, որտեղից սեւ խոռոչը կլանում է ամեն ինչ՝ լույսը, մոլորակները, աստղերը, փոշին, էլեկտրամագնիսական ցանկացած ճառագայթ։ 

 

Ավելի վաղ Նիդեռլանդներում Նեյմեգանի համալսարանի գիտնականների խումբը պատկերել էր սեւ խոռոչի մինչ օրս ստեղծված ամենաիրական 3D մոդելր։ 

 

 

Հետազոտողներն ու եզրակացությունները

 

«Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ» նախագիծը մեկնարկել է 7 տարի առաջ միակ նպատակով՝ ուսումնասիրելու սեւ խոռոչը։

 

Նախագծում աշխատում է 200 գիտնական ամբողջ աշխարհից։

 

Առաջին լուսանկարը ստեղծելու համար գիտնականները միավորել են աշխարհում գործող ռադիոաստղադիտակային ափսեները եւ բոլոր հետազոտությունները կատարվում են վիրտուալ տարբերակով։

 

Գիտնականներն առանձնացնում են երկու սեւ խոռոչներ։ Առաջինն անվանում են Սագիտարիուս Ա։ Այն տեղակայված է երկիր մոլորակից 26 հազար լուսային տարի հեռավորության վրա, չորս անգամ մեծ է Արեգակից եւ տեղակայված է Ծիր կաթին գալակտիկայում։

 

 

Երկրորդը կոչվում է M87, երկրից հեռու է 54 միլիոն լուսային տարի, Virgo A  գալակտիկայի հարեւանությամբ է եւ գերազանցում է Արեգակը 3,5 միլիարդ անգամ։

 

Ամենատարածված տեսություններից մեկը 

 

Կա մի տեսություն, որի համաձայն սեւ խոռոչները երկու նեյտրոնային աստղերի բախումների եւ միաձուլման արդյունք են: Սթիվեն Հոքինգն այն կարծիքին էր, որ նման բախումից ծնվում է արագ պտտվող գերզանգվածային նեյտրոնային աստղ, որը հետագայում փլուզվում է՝ առաջացնելով սեւ խոռոչ: Նրա կարծիքով, սրանք աննախադեպ խիտ օբյեկտներ են եւ այնքան ուժեղ գրավիտացիոն դաշտեր ունեն, որ չեն կարող դուրս թողնել ոչ մի բան, այդ թվում՝ աստղեր, գազ, փոշի եւ լույս։ Եվ հենց այն պատճառով, որ սեւ խոռոչները ներս չեն թողնում լույսը, դժվարանում է դրանց ուսումնասիրությունը։

 

 

Լուսանկարի ճշգրտությունը

 

EHT նախագծով զբաղվող գիտնականները փորձել են հնարավորինս հստակ եւ ճշգրիտ պատկեր ստանալ, թեեւ դա չափազանց բարդ է։ 

 

«Լուսանկարի որակը կախված է աստղադիտակների խմբի դիրքից, աստղադիտակների գտնվելու վայրի եղանակային պայմաններից։ Իսկ լուսանկարի «լղոզվածությունը» պայմանավորված է այն հանգամանքով, թե լուսանկարման պահին սեւ խոռոչից դեպի երկիր ուղղված լույսն ինչ արագությամբ կշարժվի։ Լուսանկարն արվելու է ռադիոէներգետիկայի լույսով։ Եվ լուսանկարի վրա հայտնված օբյեկտները կարող են լինել կլոր, օվալաձեւ կամ այլ ձեւաչափով, կախված այն բանից՝ դրանք պտտվում են, թե ոչ», - ասել էր «Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ»-ի  ղեկավար, աստղաֆիզիկոս Շեերդ Դոլելմանը։

 

 

Ըստ նախագծի վրա աշխատող գիտնականների՝ այս լուսանկարի շնորհիվ առաջին անգամ մարդկանց հասանելի են դառնում Էյնշտեյնի եւ Հոքինգի երազանքները։

 

Աղբյուրները՝ ABC, Reuters, Space.com

 

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին