Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը» - Mediamax.am

8235 դիտում

Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»:

Հիմնադրամի հիմնադիր-նախագահը Արթուր Ջանիբեկյանն է:

 

Հիմնադրամի աշխատանքային խումբն իրականացրել է ծրագրի երկրորդ փուլը:

 

Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը՝ եռաձայն արական, քառաձայն արական եւ քառաձայն խառը կազմերի համար, առաջին անգամ հրատարակվել էր 1896 թվականին Լայպցիգում:

 

Շուրջ 120 տարի անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Սուրբ Պատարագի բազմաձայնումը վերահրատարակվել է, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով եւ դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարեւորագույն նմուշը միջազգային հանրությանը եւ սփյուռքին հասանելի դարձնելու համար:

 

2013 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը ստանձնել է ժողովրդական, աշուղական եւ հոգեւոր երաժշտության ձեռագիր եւ նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:

 

Արդյունքում ընտրվել են երաժշտական ամենաարժեքավոր նմուշները եւ սկսվել է դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ձեռնարկվել է հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի եւ ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը: Այս ընթացքում շուրջ 3000 էջ նոտաներ են թվայնացվել:

 

2015 թվականին ի կատար ածվեց Կոմիտաս վարդապետի ծրագիրը. առաջին անգամ լույս տեսավ իր կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին:

 

Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան եւ գրադարան` http://www.armenianmusic.am/  հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգեւոր եւ աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ աուտենտիկ կատարումներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին