Մեկնարկել է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագիծը - Mediamax.am

4628 դիտում

Մեկնարկել է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագիծը


Լուսանկարը` ARARAT


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) այսօր հայտնել է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին:

Այն հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին, նշվում է ԵԿԳ հաղորդագրության մեջ: 

 

«Մեկ ու կես տարվա ընթացքում մաեստրոն եւ նրա ընտանիքն անմիջական մասնակցություն են ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչեւ ձեւավորման հաստատումը: Սերտ համագործակցության ջերմ դրվագներից մեկը մաեստրոյի 2017 թվականի մայիսին գործարան կատարած այցն էր: Այցի ընթացքում նկարահանվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ:

 

Միանալով մաեստրոյի մարդասիրական առաքելությանը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաեւ գալիք սերունդների համար բացառիկ հարթակ հանդիսացող «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին եւ նախատեսված է ֆրանսիական մշակույթի տարածման եւ Հայաստանից ու այլ երկրներից սկսնակ արտիստների աջակցման համար», - ասված է հաղորդագրությունում: 

Լուսանկարը` ARARAT

Նոյեմբերի 17-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդեսը, որն ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել ARARAT-ի փակ միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսն անվճար կգործի մայրաքաղաքի բոլոր բնակիչների եւ հյուրերի համար: 

 

«Շառլ Ազնավուրի եւ իր ընտանիքի հետ այս բացառիկ համագործակցության շնորհիվ՝ մենք հնարավորություն ունեցանք մեկ ու կես տարվա ընթացքում ականատես լինել ոգեշնչման, առատաձեռնության, վարպետության եւ սեփական մասնագիտության հանդեպ աներեւակայելի սիրո պատմությանը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս նախագիծը կբացահայտի իր մշակութային ժառանգության եւս մեկ եզր», - նշել է ԵԿԳ-ի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն: 

 

«ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է ոչ միայն իմ հոր կարիերայի առանցքային փուլերը, այլեւ այն արժեքները, որոնք նա մարմնավորում է՝ նրբագեղություն, անսահման վարպետություն եւ առատաձեռնություն: Ինձ հաճելի է տեսնել, որ այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին է Երեւանի կոնյակի գործարանը, ցանկանում է եւ պատրաստ է աջակցել այն մարդասիրական նախաձեռնություններին, որոնց հավատում է», - ասել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը: 

 

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը: 

 

1956: Առաջին հաղթանակի նոտաներ: Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում:

1960: Համաշխարհային փառքի նոտաներ: Je m'voyais déjà  երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում:

1981: Հավերժական սիրո նոտաներ: “Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը:

 

ARARAT Charles Aznavour Signature Blend-ի սպիրտների միջին տարիքը 25 տարի է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին