Ռուբեն Վարդանյան. Պետք են խորքային, ոչ մակերեսային փոփոխություններ - Mediamax.am

exclusive
13512 դիտում

Ռուբեն Վարդանյան. Պետք են խորքային, ոչ մակերեսային փոփոխություններ


Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ շաբաթ սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը UWC Dilijan քոլեջում հանդիպել էր «ՆերՈՒԺ» ծրագրի մասնակիցների հետ: Նրանցից մեկը Վարդանյանին խնդրել էր մեկնաբանել վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ, եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»: Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի պատասխանը:

 

Պլանավորման հորիզոնը

 

Մեր բոլոր նախագծերը պլանավորվում են 20-25 տարվա հորիզոնով։ Խորին հարգանք ունենալով երկիրը ղեկավարող մարդկանց հանդեպ՝ մեր նախագծերի տեսլականն ավելի երկար ժամանակահատված է ենթադրում։

 

Ինձ եւ Սփյուռքի այլ ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում նախագծեր են իրականացնում, այստեղ ընկալում են որպես օտարերկրացիներ: Մենք տեղացիներ չենք եւ հարգում ենք կառավարությունն ու քաղաքացիների ընտրած առաջնորդներին։ Էթիկապես ճիշտ չէր լինի երկրում իրականացնել զարգացման ծրագրեր, որոնք չեն լեգիտիմացվել։

 

Նուբար Աֆեյանի եւ մյուս գործընկերների հետ մենք Հայաստանում գրեթե 20 տարի իրականացնում ենք «խարսխային» ծրագրեր։  2008 թվականին մենք անկեղծ զրույց ունեցանք Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Մենք նրան ասացինք, որ շարունակելու ենք իրականացնել մեր ծրագրերը, որ մեր շահառուները մարդիկ են, այլ ոչ թե պետությունը, իսկ մեր ծրագրերի պլանավորման հորիզոնը ներառում է նվազագույնը մեր երեխաներին ու թոռներին, որոնք նոր են սկսում իրենց կյանքի ճանապարհը: 

 

Երբ Սփյուռքի հայերը գալիս են Հայաստան՝ ծրագրեր իրագործելու, նրանք հաճախ որոշակի խրախուսանք են ակնկալում: Մենք նման ակնկալիքներ չունենք եւ ասացինք Սերժ Սարգսյանին՝ եթե ցանկանում եք օգնել մեզ, շնորհակալ կլինենք։ Եթե չեզոք դիրք բռնեք, դա Ձեր որոշումն է։ Եթե բացասական վերաբերմունք ունենաք, դե ինչ, դա եւս Ձեր որոշումը կլինի։

 

Հարկային ստուգում

 

Ի դեպ, տեղեկացնեմ ձեզ, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են մեր բարեգործական գործունեության վերջին 11 տարիները։ Վստահ չեմ՝ որքանով էր դա օրինական, այնուամենայնիվ, այն իրականացվեց, եւ մենք ուրախությամբ տրամադրեցինք բոլոր տեղեկությունները Դիլիջանի UWC դպրոցի, Տաթեւի ծրագրի եւ Հայաստանում մեր հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր նախագծերի վերաբերյալ: Սակայն կարեւոր է գիտակցել, որ դա իմ անձնական նախաձեռնությունն էր, եւ չեմ կարծում, որ սա դրական նշան է բարեգործական գործունեություն իրականացնողների համար։ 

 

Կարեն Կարապետյանի, էվոլյուցիայի եւ հեղափոխության մասին

 

2016-ին ես բացեիբաց արտահայտվեցի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին։ Հարցազրույցներից մեկում ես ասել էի, որ պետք է սատարել վարչապետին եւ նրա թիմին, որովհետեւ մենք երկրորդ շանս չենք ունենալու։ 

 

Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, բայց անձնական հարաբերությունները նշանակություն չունեն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի շահերին։ Նա վարչապետ էր նշանակվել ապրիլյան պատերազմից հետո, եւ սպասվում էր, որ կկարողանա աստիճանաբար, էվոլյուցիոն ճանապարհով փոխել իրավիճակը։

 

Հասարակությունն իր պատմական զարգացման ընթացքում վերափոխման չորս ճանապարհ ունի՝ հեղափոխություն, բռնաճնշումներ, բարեփոխումներ, էվոլյուցիա։ Էվոլյուցիան կարող է դրական ազդեցություն ունենալ, կամ, հակառակը, տանել դեպի ճգնաժամ, բայց, ամեն դեպքում, նախատեսում է հասարակության կազմի եւ վիճակի աստիճանական փոփոխություն:

 

Ինձ համար փոխակերպման լավագույն տարբերակն էվոլյուցիան է, սակայն այն ժամանակվա իրավիճակը հույս չէր թողնում, որ Հայաստանն ունի բավարար ժամանակ աստիճանական փոփոխությունների համար։ Այդպես էլ եղավ՝ տեղի ունեցավ հեղափոխությունը։

 

Իրական մարդկանց իրական աջակցությունը

 

Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դրական լիցքերով խաղաղ բողոքի օրինակ էր, եւ այսօր երկիրն ունի առաջնորդ, որը ստացել է ձայների 70%-ը եւ վայելում է Հայաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը։ Բայց հատկապես կարեւորն այն է, որ դա իրական մարդկանց իրական աջակցություն է։ Այդուհանդերձ, այս աջակցությունն ուղեկցվում է մեծ սպասումներով՝ մարդիկ հույս ունեն, որ փոփոխություններ իսկապես տեղի կունենան։ Եվ եթե երիտասարդները, որոնք հավատացին իրենց առաջնորդին եւ վերափոխման հնարավորությանը, հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետեւանքներ կունենա Հայաստանի համար։

 

Ուստի ես կարծում եմ, որ, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, պետք է օգնենք վարչապետ Փաշինյանին եւ նրա կառավարությանը։ Շատ կարեւոր է հասնել խորքային, այլ ոչ թե մակերեսային փոփոխությունների։

 

Ուստի, երբ մարդիկ հարցնում են ինձ՝ Փաշինյանի կողմի՞ց եմ, թե՞ նրա դեմ, ես ասում եմ, որ հարցն ինքնին կոռեկտ չէ։ Նա լեգիտիմ ընտրված վարչապետ է, որը ղեկավարում է երկիրը։

 

Տնտեսական մոդելը

 

Կարո՞ղ է Հայաստանի գոյություն ունեցող տնտեսական մոդելը հաջողակ լինել։ Սա շատ լավ հարց է, եւ ես հույս ունեմ, որ դրա շուրջ տեղի կունենան քննարկումներ ոչ միայն կառավարությունում, այլեւ մասնավոր հատվածում։ Եթե կառավարությունը հրավիրի վերջինիս բաց երկխոսության, մենք ուրախ կլինենք, եթե՝ ոչ, դե, ի՞նչ արած։ 

 

Ծրագրերի կարեւորությունը եւ ազդեցությունը

 

Մեր ծրագրերի կարեւորությունը եւ սոցիալական ազդեցությունը մարդկանց կյանքի վրա միշտ չէ, որ ակներեւ են։ Օրինակ, երբեմն բողոքում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից՝ ասելով, որ «մենք աղքատ ենք, իսկ դուք գումար եք տալիս աֆրիկյան երկրներին, Բուրունդիին կամ Հարավային Սուդանին»։ Մենք հասկանում ենք այդ կշտամբանքները, բայց նաեւ հավատում ենք, որ կարեւոր է թե մեկը, թե մյուսը։ Չկա չափանիշ, որը թույլ կտա որոշել, թե ինչն է ավելի կարեւոր՝ հարազատ երկրի արդիականացումը, թե ազգի բարոյական եւ մտավոր վերածնունդը։

 

Նույնը վերաբերում է UWC Դիլիջան դպրոցին։ Երբեմն մեզ քննադատում են՝ ասելով, թե ինչու ենք այդքան շատ գումար ծախսում մեկ դպրոցի վրա եւ ինչու չենք վերանորոգում 150 դպրոցներ: Սա արդարացի հարց է, որը կարելի է քննարկել:

 

Հայաստանի դպրոցները պետք է վերանորոգվեն եւ արդիականացվեն, եւ դրանք բոլորը պետք է բարձրակարգ լինեն։ Մենք հասկանում էինք նման օգնության կարեւորությունը, երբ մտածում էինք UWC Դիլիջան դպրոցի մասին, բայց ցանկանում էինք գնալ ավելի խորքային, համակարգային փոփոխությունների ճանապարհով։ Դիլիջանում տարբեր ազգությունների երեխաների համար միջազգային դպրոց հիմնելու մեր որոշումը համապատասխանում էր Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր տեսլականին՝ երկիր-հանգույց, որը բաց կլինի տարածաշրջանի ու աշխարհի համար։

 

Այժմ UWC Դիլիջան դպրոցում սովորում է ավելի քան 200 երեխա աշխարհի 80 երկրից։ Նախքան Դիլիջան ժամանելը՝ նրանց մեծամասնությունը Հայաստանի մասին երբեւէ չէր լսել։ Գուցե մենք սխալ ենք, բայց ես հույս ունեմ, որ մենք ճիշտ ենք, եւ միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող դպրոցը փոփոխություններ կբերի Հայաստանի ողջ կրթական համակարգի համար։

 

Իրականացնելով այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են UWC Դիլիջան դպրոցը է եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ մենք փորձում ենք ինտեգրել բազմազանությունը: Մենք բոլորս տարբեր ենք, միշտ չէ, որ համաձայն ենք միմյանց հետ։ Մենք հաճախ ունենք տարբեր տեսակետներ այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը կամ Ռուսաստանի հարաբերությունները Ուկրաինայի եւ Վրաստանի հետ: Հեշտ չէ խոսել նրա հետ, ում հետ համաձայն չես, բայց մենք փորձում ենք ասել, որ պետք է հարգենք միմյանց, եւ ձգտում ենք խթանել ինտեգրման մշակույթը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին