Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը պետք է «արմատապես փոխվի» - Mediamax.am

exclusive
3818 դիտում

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը պետք է «արմատապես փոխվի»


Լուսանկարը` REUTERS


Արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի» նախագիծը։

 

Ներկայացված նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղություններ են նախանշվել՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունը:

 

Հայաստանն ունեցել է երեք հակակոռուպցիոն ռազմավարություն, որոնց շրջանակներում մշակվել եւ ընդունվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ։ Այդուհանդերձ, որոշ ցուցանիշների եւ փորձագիտական գնահատականների համաձայն՝ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ։ 

 

Հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ ընդհանուր առմամբ, ներկայացված նախագիծը կարեւոր հակակոռուպցիոն մեխանիզմներ ներառում է, սակայն փաստաթուղթը արմատական փոփոխությունների կարիք ունի։ Բացի այդ` նախագծից դուրս են մնացել մի շարք կարեւոր գործիքներ, այդ թվում՝ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը։

 

«Նախագծում խոսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ օպերատիվ հետախուզական եւ իրավապահ հակակոռուպցիոն համակարգերի ստեղծման մասին, այնինչ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետ մոդելը մեկ միասնական մարմնի ստեղծումն է», - ասել է փորձագետը։  

 

Մյուս կարեւոր բացթողումը, Մարիամ Զադոյանի կարծիքով՝ իրական սեփականատերերի հայտնաբերման համար փոփոխության առաջարկն է։

 

«Պետք է հանրայնացվի այն բոլոր պաշտոնատար անձանց անունները, որոնք ունեն ընկերություններ Հայաստանում, սակայն թաքցնում են դա օֆշորներում՝ կոռուպցիոն սխեմաներ կառուցելու միջոցով։ Այս մասով նախատեսված է միայն իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծում, սակայն բացակայում են օրենսդրական փոփոխությունների իրականացմանը վերաբերող կետեր, որոնք կպարտադրեն ընկերություններին ներկայացնել ինֆորմացիա իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ եւ կբացառեն դրա թաքցնելը»,-նկատել է հակակոռուպցիոն փորձագետը։

 

Նա նշել է, որ հակակոռուպցիոն դատարանների հիմնումը եւս շատ կարեւոր նշանակություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարի գործում։

 

Մարիամ Զադոյանի խոսքով՝ վերջին տարիներին պաշտոնատար անձանց գույքի հավատարմագրման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ եղել են, սակայն պաշտոնատար անձինք այսօր եւս կարողանում են թաքցնել իրենց իրական գույքն ու եկամուտները։ Այս մասով ռազմավարությունում կոնկրետ գործողությունների ծրագրեր պետք է լինեն։

 

Մարիամ Զադոյանն ընդգծել է, որ թեեւ նախագծում խոսվում է վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրված ազդարարների պաշտպանության համակարգի մասին, սակայն ռազմավարության մեջ չկան գործուն մեխանիզմներ վերջիններիս խրախուսման ու երաշխավորման համար։

 

Միեւնույն ժամանակ, փորձագետը կարեւորել է այն, որ նոր ռազմավարությամբ կոռուպցիայի դեմ պայքարը ընդգրկում է մասնավոր ոլորտը, քանի որ որպես միջոցառում նախատեսված է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

 

Ըստ փորձագետի՝ ռազմավարության արդյունավետ իրականացման հարցում կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցությունը։

 

Բացի այդ, անհրաժեշտ է ռազմավարությունը համապատասխանեցնել Կուալա Լումպուրի սկզբունքներին, որը ներառում է նաեւ մոնիտորինգի մեխանիզմների բարելավում։

 

Արդարադատության նախարարությունից Մեդիամաքսին տեղեկացրել են, որ շահագրգիռ կողմերից ստացված առաջարկությունների հիման վրա՝ ռազմավարությունն էապես կվերանայվի:

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին