Գարեգին Բ. Առկա են լուծման կարոտ կարեւոր հարցեր - Mediamax.am

1049 դիտում

Գարեգին Բ. Առկա են լուծման կարոտ կարեւոր հարցեր


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Անդրանիկ նիստը նախագահել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ներկայացնում ենք հատվածներ Ամենայն Հայոց Կաթողիկոսն խոսքից, որը տրամադրել է Մայր Աթոռը:

 

Նոր ձեւաչափը 

 

Հայրենի պետության եւ մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձեւաչափը բարեպատեհ հնարավորություն է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի եւ ժողովրդի:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa

Ժողովրդի փառքն ու պարծանքը 

 

Մեր պատմությունը լավագույնս վկայում է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ծիրում անուրանալի ներդրում է ունեցել հայկական պետության զորացման եւ ամրապնդման գործում, նաեւ պետության սատարումով արգասավորել է իր հոգեւոր ծառայությունը մեր ժողովրդին: Եկեղեցու եւ պետության հարաբերությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի եւ Սուրբ Տրդատ Գ թագավորի սերտ գործակցության շնորհիվ նվիրագործվել են Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետություն հռչակումով, որը եղել եւ մնում է մեր ժողովրդի փառքն ու պարծանքը: 

 

Պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին շարունակել է խնամել ու առաջնորդել մեր ժողովրդին՝ արթուն պահելով անկախ պետականության վերականգնման գիտակցությունը եւ ջանքեր ներդնելով հայոց պետության վերահաստատման համար: 

 

Եկեղեցու առաքելությունը 

 

Եկեղեցու հոգեփրկչական առաքելության առանցքում հոգեւոր-բարոյական արժեհամակարգով անձի կերտումն է, ազգի հավատավոր, հայրենասեր, օրինապահ զավակի կրթությունն ու դաստիարակումը, ինչը նաեւ պետության առաջնահերթությունն է քաղաքացու ձեւավորման պատասխանատու գործում: Այս առումով մեծապես կարեւոր է պետության եւ Եկեղեցու համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, մեր ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa

Լուծման կարոտ հարցեր ու խնդիրներ 

 

Փառք ենք տալիս Տիրոջը, որ անկախության անցնող տարիների ընթացքին նշանակալի քայլեր են կատարվել մեր պետության եւ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդուհանդերձ, առկա են լուծման կարոտ կարեւոր հարցեր ու խնդիրներ: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքային խմբի շրջանակներում կգտնվեն արդյունավետ լուծումներ ազգային մեր կյանքում Եկեղեցու առաքելության անխոչընդոտ իրականացման համար: Քննարկումների ընթացքում, կարծում ենք, նկատի պիտի  առնվեն ելակետային որոշ իրողություններ ու դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

 

1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսեւորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է եւ չի ներդաշնակում միջազգային փորձի եւ ընդունված չափանիշների հետ: Տարբեր երկրների, այդ թվում նաեւ եվրոպական մի շարք պետությունների կրոնական օրենսդրությունների ուսումնասիրությունը եւ փորձը փաստում են, որ տվյալ երկրի ու ժողովրդի պատմության մեջ մեծ դեր ունեցած կրոնական հաստատության առանձնահատուկ կարգավիճակը որեւէ ձեւով չի ենթադրում խտրականություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայությունa

2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր եւ չի բացառում պետության եւ Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել եւս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն եւ հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում: 

 

3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաեւ Հայոց ցեղասպանության, ինչպես եւ խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետեւանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական եւ մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը եւ ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես եւ այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարեւոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս եւ ի սփյուռս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին