«Հեղափոխական արժեքների» պերճանքն ու թշվառությունը - Mediamax.am

exclusive
9122 դիտում

«Հեղափոխական արժեքների» պերճանքն ու թշվառությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Էդուարդ Աբրահամյանը պատմական գիտությունների թեկնածու է, բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող, ամերիկյան Կովկասի և Կենտրոնական Ասիայի Ինստիտուտի փորձագետ

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, Միջազգային հարցերով Ռուսաստանյան խորհրդի փորձագետ, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետ

 

Հայտնի է, որ շրջակա աշխարհը փոխակերպող մարդն անխուսափելիորեն փոխում է  սեփական էությունը: Մշտական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը գալիս է դարերի խորքից եւ շարունակում է մնալ մարդկային զարգացման հիմնական շարժիչը: Զարգացումն, իր հերթին, կախված է խելացիությունից, որը կարող է վերաճել իմաստության: Արիստոտելը կարծում էր, որ բանականությունը հոգու մի մասն է, խելացիությունը համարում էր տեսական իմաստության դրսեւորում, իսկ խոհեմությունը՝ գործնական իմաստության կատեգորիա: Այս հատկություններն ընդունված է վերագրել մարդկային առաքինությանը. նրանք չեն տրվում ի ծնե, այլ ձեւավորվում են կենսագործունեության ընթացքում՝ մարդուն դարձնելով հասարակական-քաղաքական էակ: Հենց բանականությունն է ստեղծում մարդու եւ կենդանական աշխարհի միջեւ անհրաժեշտ պատնեշը: Մարդկության ողջ գոյության ընթացքում բանականությունը ստացել է գործնական մարմնավորման տարբեր ձեւեր: Մեր կարծիքով, ամենահաջող եւ կենսունակ ձեւն օրենքն է, որն իրացնում է մարդկանց միջեւ հավասարության միակ ձեւաչափը `անկախ սոցիալական կարգավիճակից:

 

Կազմակերպված փոքրամասնությունը եւ անկազմակերպ մեծամասնությունը 

 

Ընդունված է համարել, որ հենց հավասարության եւ արդարության պակասն է առաջ մղում ամբոխներին: Ամերիկյան պետության հիմնադիր հայրերից մեկը՝ Ջեյմս Մեդիսոնը հասարակությունը բաժանում էր երկու հիմնարար դասերի՝ կազմակերպված փոքրամասնություն եւ անկազմակերպ մեծամասնություն: Հետեւելով Ցիցերոնի տրակտատներին՝ Մեդիսոնը որպես փոքրամասնության (կամ բանական մտավորականության) հիմնական գործառույթ դիտարկում էր արդար կառավարումը, որը թույլ կտա բավարարել լայն խմբերի հիմնական քաղաքական եւ սոցիալական պահանջները: Մեծամասնությունը պետք է ունենա փոքրամասնության կողմից իշխանության բռնազավթումը կանխարգելելու մեխանիզմներ, քանի որ այդ փոքրամասնությունը մշտապես կրելու է իշխանության բնական գայթակղությունների բեռը: Այս հավասարակշռության խախտումը, նրա կարծիքով, անխուսափելիորեն հանգեցնում է հեղափոխության: Ի՞նչ է դա: Ժամանակակից գիտության մեջ այս բառը գտնվում է այնպիսի կոնցեպտուալ կատեգորիաների կողքին, ինչպիսիք են բարեփոխումը եւ առաջընթացը: 18-րդ դարի վերջին գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը առաջինն էր, ով կիրառեց «մտածելակերպի հեղափոխություն» արտահայտությունը՝ բացատրելով Ֆրենսիս Բեկոնի ժամանակներում տեղի ունեցած բնագիտական փոփոխությունները:

 

Կանտն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հենց մտածելակերպն ու սովորական երեւույթների նկատմամբ վերաբերմունքը փոխելու ունակությունն է որոշում խելացիության աստիճանը: Այս մոտեցումն անհետացավ, երբ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո տերմինը բացառապես քաղաքական երանգ ստացավ: Ապագա սերունդների համար այն դարձավ դասագրքային՝ կողմնացույցի պես մի բան: Մարդկանց իշխանությունը վերականգնելու եւ միապետության ողնաշարը կոտրելու նպատակն այդ ժամանակաշրջանում համարձակ եւ իսկապես առաջադիմական էր: Թագավորին գահընկեց անելուց հետո մի որոշ ժամանակ գործեց Դիրեկտորիան, իսկ ռոյալիստների մեծ հակահեղափոխական ապստամբությունը ճնշվեց գեներալ Նապոլեոն Բոնապարտի կողմից, որին անվանում էին ոչ ավել, ոչ պակաս «հեղափոխության փրկիչ»: Սակայն, ի վերջո, նա, ռազմական հաջողությունների հետեւանքով հայտնվելով փառքի գագաթնակետին, ցրեց Դիրեկտորիան ու ավելի ուշ ինքն իրեն կայսր հռչակեց: Ռուսաստանում նրա ռազմական արշավանքի ձախողումը հանգեցրեց ոչ միայն կայսրության, այլեւ հեղափոխության բոլոր ձեռքբերումների տապալմանը. միապետությունը վերականգնվեց: Ֆրանսիացի բազմաթիվ պատմաբաններ կարծում են, որ դեպքերը նման սցենարով զարգացան այն պատճառով, որ հեղափոխական ուժերը մոռացել էին իրենց սկզբնական նպատակը, իսկ ժողովուրդն այդպես էլ չգիտակցեց իր դերը հեղափոխական շրջանում: Այլ կերպ ասած, չի կարելի հաջողություն համարել ռեժիմի փոփոխությունն առանց աշխարհընկալման փոփոխության: Լենինի եւ Կաստրոյի հեղափոխությունների ձեռքբերումները մեծամասամբ հնարավոր դարձան ֆրանսիական նախադեպի դասերը մասնակիորեն հաշվի առնելու արդյունքում:

 

Մարդկանց սպասելիքները ուղղված են կոնկրետ հասցեներով 

 

Հեղափոխական գաղափարներով տարված հասարակության հիմնական պահանջն արդարությունն է: Յուրաքանչյուր խումբ եւ դաս ընկալում է այն յուրովի: Ինչպիսի՞ ակնկալիքներ կարելի է առանձնացնել հայ ժողովրդի շրջանում, որը մեկ տարի առաջ հասավ քաղաքական ռեժիմի փոփոխության: Ոմանք ցանկանում էին ճաղերի ետեւում տեսնել նախկին իշխանությունների (սովորական վրեժի պահանջ), մյուսները՝ նոր իշխանություններից ֆինանսական միջոցներ (աշխատավարձերի, թոշակների բարձրացում) եւ այլ շահաբաժիններ (պաշտոններ, պարտքերի եւ վարկերի ներում) ստանալու հույսեր ունեին, այն մտքով, որ նոր իշխանությունները պետք է կուլակաթափ անեին «ժողովրդի ողջ միջոցներն հափշտակած» օլիգարխներին, երրորդ խումբը դիտարկում էր պետական կառավարման մեջ մասնակցելու հնարավորությունը. չորրորդն ակնկալում էր համակարգային փոփոխություններ եւ պետական եւ ազգային շինարարության գործընթացի մեկնարկ, հինգերորդը պարզապես հետեւում էր հեղափոխական մոդային՝ ցանկանալով դառնալ որեւէ փոփոխության մասնիկ: Բոլոր դեպքերում, մարդկանց սպասելիքները (որոնք ձեւավորվեցին առաջնորդների կողմից հեղափոխության եռուզեռում) ուղղված են կոնկրետ հասցեներով ինչ-որ մեկին, բայց ոչ իրենց: Ընդհանրապես, իներցիան փոխարինեց բանականությանը, եւ «հեղափոխական ծարավը» ստվերում թողեց սառը դատողությունը: Ահա թե ինչու մարդիկ չհասկացան վարչապետին, ով նշել էր, որ «աղքատությունը գլուխներում է», չէ՞ որ նախքան կառավարական առանցքային պաշտոն զբաղեցնելը Հանրապետության հրապարակում նա միանգամայն հստակ խոսում էր սոցիալական աղքատության մասին, որի մեղավորն են նախկին կոռումպացված իշխանությունները:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ամեն որակական փոփոխություն չէ, որ հեղափոխություն է: Դա, ընդհանուր առմամբ, առաջադիմական ուղղվածությամբ ցատկ է հասարակության եւ նրա առանձին տարրերի զարգացման մեջ: Որակի ցուցանիշներն են նախկին հեղափոխականների՝ արդյունավետ պետական կառավարիչներ դառնալու պատրաստակամությունը եւ «արյուն» տենչացող ժողովրդի փոխակերպումը պատասխանատու եւ գիտակից քաղաքացիների: Արդարությունը ճիշտ պահանջ է, բայց յուրաքանչյուր հասուն հասարակություն հասկանում է, որ դա ստատիկ արդյունք չէ, այլ բարդ եւ անվերջանալի գործընթաց: Արդարության հասնելու միակ միջոցը օրենքի բռնատիրության հաստատումն է, որի սահմանները պաշտպանված են միմյանցից անկախ իշխանության ճյուղերով (զսպումների եւ հակակշիռների համակարգ): Օրենքը կարող է ոմանց դուր գալ, իսկ մյուսների համար ատելի լինել: Նույն անձը հեշտությամբ կկաշառի կոռումպացված պաշտոնյային, որպեսզի իր երեխան չզորակոչվի բանակ, կամ համալսարանում բյուջետային տեղ ստանա եւ, միաժամանակ, հետեւողականորեն կպահանջի պայքարել կոռուպցիայի դեմ, երբ խոսքը վերաբերում է «շփացած վերեւներին»: Օրինակ, արդյո՞ք ավտոմեքենա վարել սիրողների շրջանում կային այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես խախտել էին օրենքը եւ արդարացիորեն տուգանվել էին, սակայն առանձնակի խանդավառությամբ չընդունեցին բոլոր տուգանքները ներելու մասին լուրերը (քաղաքացիական գիտակցության եւ Նոր Հայաստանում օրենքի տառին համապատասխան ապրելու ցանկության պատճառով): Էլ ավելի դժվար է գտնել այնպիսի քաղաքացիների, որոնք սեփական օրինախախտումների պատճառով առաջացած պարտքերն ինքնուրույն մարելու ցանկության մասին ինքնակամ դիմումներ կգրեին: Ուստի տրամաբանական հարց է առաջանում. ո՞րն է իրական պահանջը` համընդհանուր, թե՞ ընտրողաբար արդարությունը: Ցավոք, փաստերը երկրորդի օգտին են:

 

Ժողովրդի տրամաբանության գերին 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ սխալ թույլ տվեց` չփոխելով Սահմանադրությունը, որն անձամբ էր քննադատում իշխանության գալուց առաջ: Ակնհայտ էր, որ այն ոչ մի կերպ չի համապատասխանում պառլամենտարիզմի ոգուն: Նույնիսկ Միացյալ Նահանգների խառը համակարգում, որտեղ նախագահն ու վարչակազմը որպես գործադիր իշխանություն ունեն հսկայական լիազորություններ, Կոնգրեսն ավելի մեծ դեր է խաղում, քան Ազգային ժողովը նոր խորհրդարանական Հայաստանում: Օրինակ, ԱՄՆ նախագահը կարող է թեկնածու առաջադրել ցանկացած նախարարական պաշտոնում, սակայն այն պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից: Մեր դեպքում բոլոր նախարարները վարչապետի կողմից էին նշանակվել՝ առանց ԱԺ պատգամավորների հետ որեւէ կերպ համաձայնեցնելու: Տրամաբանության եւ ողջամտության տեսանկյունից դժվար է խոսել հեղափոխական փոփոխությունների մասին, եթե պետությունն առաջվա պես հիմնված է նախորդ իշխանությունների կողմից ընդունված իրավական հիմքերի վրա: Չէ՞ որ այդ Սահմանադրությունը սահմանափակում է ոչ միայն պետական ինստիտուտների առողջ գործունեության հնարավորությունը, այլեւ կաշկանդում այնպիսի ճյուղեր, որոնք ունակ են ուժեղացնել պետության հզորությունը (օրինակ, Նախագահի ինստիտուտը):

 

Լուսանկարը` Photolure

 

Հարկ է նշել, որ օրենքի նկատմամբ նոր կառավարության սկզբնական դիրքորոշումն ավելի քան ողջամիտ էր: Անվերջ հարցերին այն մասին, թե ինչու նրանք, ովքեր հեղափոխության ժամանակ «գող», «կոռումպացված» եւ «սրիկա» են կոչվել, մինչեւ հիմա ճաղերի ետեւում չեն, վարչապետը պատասխանում էր ճիշտ նարատիվներով՝ «գործում ենք օրենքի տառին համապատասխան», «չի կարելի խախտել օրենքը», «պետք է որոշի դատարանը», «դա իմ իրավասության մեջ չի մտնում»: Նա փորձում էր հետհեղափոխական մեծամասնությանը մղել դեպի մի հարթություն, որտեղ որպես ուղենիշ սահմանվել է իրավական պետության կառուցումը: Սակայն, դեռեւս բողոքի ակցիաների ընթացքում սահմանելով ակնկալիքների չափազանց բարձր նշաձող, նա դարձավ ոչ թե օրինականության, այլ ժողովրդի տրամաբանության գերին: Այս տրամաբանությունն ավելի պարզ է եւ հստակ. բոլոր նրանք, ում դեմ մենք ընդվզեցինք մեկ տարի առաջ, պետք է պատիժ կրեն, եւ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ: Մեծամասնությունը բարդ իմաստների ետեւից չի ընկնում. նա ունի միայն երկու պատկերացում՝ «սպիտակներ» եւ «սեւեր»: Ժամանակ առ ժամանակ ժայթքող հանրային զայրույթն այնքան ակնհայտ է եւ ուժեղ, որ ստիպված են խաղալ նրա կանոններով: Այդ կրակն անընդհատ փայտ նետելու պահանջ է առաջ քաշում, եւ Փաշինյանը դա բոլորից լավ է հասկանում: Խնդիրն այն է, որ այդ կրակը մարելու համար նա ջուր չունի՝ միայն բենզին: Արդյո՞ք այս կրակը կկլանի ոչ միայն «անծանոթներին», այլեւ «յուրայիններին» («հեղափոխությունը խժռում է իր զավակներին» սկզբունքը). մեր կարծիքով, սա միայն ժամանակի հարց է: Միանգամայն ակնհայտ է, որ ընտրությունը երկու մոդելների` իրավական պետության կամ օխլոկրատիայի միջեւ է: Այս մոդելները համատեղելու փորձերը չափազանց վտանգավոր են պետության գործունեության տեսանկյունից:

 

Ըստ Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց այնտեղ նաեւ նշված է, որ Հայաստանը իրավական պետություն է: Սա նշանակում է, որ իշխանությունն իրականացվում է ընտրված քաղաքական գործիչներին որոշումներ կայացնելու արտոնություններ շնորհելու միջոցով: Գործող վարչապետը, ինչպես նաեւ խորհրդարանը լեգիտիմ են, ինչն արդեն վկայում է ժողովրդավարության մասին: Եթե այդպես է, ապա ո՞րն է ուղիղ եթերների, այս կամ այն օբյեկտն արգելափակելու նպատակով ժողովրդին փողոց դուրս բերելու անհրաժեշտությունը: Անհասկանալի է նաեւ, թե ինչու նախքան դատարանների շենքերն արգելափակելու մասին որոշման ընդունումը Ազգային ժողովում տեղի չունեցան բաց լսումներ: Ժողովրդավարության ոգով առաջնորդվելու տեսանկյունից անհրաժեշտ էր լսել ոչ միայն մեծամասնություն կազմող կուսակցության, այլեւ ընդդիմադիր ուժերի կարծիքը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների: Ի վերջո, նրանց ընտրել է նույն ժողովրդի մի մասը, եւ նրանց տեսակետը չի կարող անտեսվել միայն այն պատճառով, որ նրանք փոքրամասնություն են: Հասկանալի չէ, թե ինչպես կարելի է նման քայլեր ձեռնարկել, երբ Նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր եւ Հանրապետության ղեկավարը (ըստ 5-րդ գլխի 123-րդ հոդվածի), երկրում չէ եւ աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում:

 

Անձնականը հանուն ընդհանուրի զոհաբերելու ունակությանը 

 

Իրավական պետության տեսանկյունից, առաջնորդը պետք է քաղաքացիներին սովորեցնի դիտել խորհրդարանի պաշտոնական նիստերը, որտեղ բոլոր պաշտոնյաների հաշվետու լինելու ընթացակարգ կա: Հաճախակի բնույթ են կրում նաեւ պաշտոնական ասուլիսները, որտեղ լրագրողները հասարակությանը հուզող հարցեր են ուղղում վարչապետին: Նման անմիջական ձեւաչափը հետաքրքիր է, սակայն դրա պարբերաբար կիրառումը նպաստում է սուվերենի եւ դրա աղբյուրի միջեւ անջրպետի անհետացմանը: Այն փաստը, որ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը կամ Թերեզա Մեյը չեն կիրառում այս ձեւաչափը, չի նշանակում, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը այլեւս ժողովրդավար պետություններ չեն: Ընդհակառակը, նրանց հեռավորությունը ստիպում է քաղաքացիներին ավելի լավ ուսումնասիրել սեփական համակարգերը եւ օգտագործել արդեն գոյություն ունեցող մեխանիզմները: Ուրեմն ի՞նչն է ավելի կարեւոր՝ ժողովրդին սովորեցնել ժողովրդավարության իրական գործիքներ օգտագործել, թե՞ սահմանափակվել ուղիղ եթեր հեռարձակելով եւ իշխանություն ձեռք բերելուց մեկ տարի անց փողոցներ դուրս գալով: 

 

Լուսանկարը` Photolure

 

Եվ, վերջապես, կարեւոր է անդրադառնալ հեղափոխության առանցքային իդեալին՝ անձնականը հանուն ընդհանուրի զոհաբերելու ունակությանը: Զգացմունքների ճնշումը (հատկապես հուզառատ արեւելյան միջավայրում) շատ բարդ գործընթաց է, բայց վերջնական հաջողությունը կախված է դրանից: Դժվար է վիճարկել այն փաստը, որ բազմաթիվ նոր պաշտոնյաներ մեկ տարվա ընթացքում նույնիսկ չեն սերտել քաղաքական կամ պետական կառավարումը: Արդյո՞ք կար առնվազն մեկը, ով կամավոր հրաժարական տվեց՝ հասկանալով, որ ազգային շահերը բարձր են անձնական կարիերայից: Ցավոք, ոչ:

 

Տրամաբանությունը նույնն է մնում. մենք իրականացրեցինք հեղափոխությունը, հետեւաբար չենք կարող սխալվել: Նմանատիպ մոտեցումն արդարացված կլիներ, եթե խոսքը գնար, օրինակ, Լյուքսեմբուրգի մասին, որի հարեւանները մինչ օրս 1.5 միլիոն հայերի ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիան եւ Սյունիքի, Սեւանի եւ Երեւանի պատմական հողերը վերադարձնելու մասին կոչեր հնչեցնող մարդու կողմից ղեկավարվող Ադրբեջանը չեն: 

 

Մեր երկիրը կանգնած է լուրջ ներքին եւ արտաքին սպառնալիքների առջեւ: Աշխարհն արագորեն փոխվում է, միջազգային հարաբերությունների հին համակարգը ենթարկվում է աշխարհաքաղաքական վայրիվերումների: Եթե մենք ուզում ենք գոյատեւել եւ գտնել մեր տեղը ապագա համաշխարհային քաղաքականության ճարտարապետության մեջ, անհրաժեշտ է ամրապնդել ներքին թիկունքը՝ զարգացնելով պետական ինստիտուտները, այլ ոչ թե ստեղծելով լրացուցիչ բաժանարար գծեր:

 

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակներին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին